Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կառավարությունը դիմել է ԱԺ՝ արտահերթ նիստ հրավիրելու առաջարկով

Կառավարությունը դիմել է ԱԺ՝ արտահերթ նիստ հրավիրելու առաջարկով
Քաղաքականություն
12:05, 13 май 2022
ՀՀ կառավարության առաջարկով մայիսի 19-ին Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի։ Կառավարության այսօրվա նիստում համապատասխան որոշումն ընդունվել է առանց զեկուցման ու քննարկման։

Արտահերթի օրակարգում ընդգրկված է հինգ հարց, բայց արտահերթ նիստ հրավիրելու գլխավոր նպատակն «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելն է։

Ըստ կառավարության` այս օրենքի կիրարկման նախնական փուլում արձանագրվել են որոշ գործնական խնդիրներ, որոնք կարող են խոչընդոտել ապօրինի գույքի բռնագանձումը։

Գործադիրն առաջարկում է ընդլայնել «պաշտոնատար անձ» հասկացության շրջանակը։ Առաջարկվում է նաև երկարաձգել ուսումնասիրության համար օրենքով նախատեսված ժամկետը` 2-ից դարձնելով 3 տարի։

Գործադիրն առաջարկում է մայիսի 19-ին գումարվող արտահերթ նիստի օրակարգում ներառված հարցերը քննարկել առաջին ընթերցմամբ, իսկ երկրորդ ընթերցումը կազմակերպել նստաշրջանի վերջին՝ հունիսի 14-ի նիստի ընթացքում: