Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս պահին կա ապօրինի գույքի բռնագանձման 300 գործ, որոնցից միայն 8-ով պետությանը պատճառված վնասը կազմում է 45-60 մլրդ ՀՀ դրամ. Սրբուհի Գալյանը՝ Վահագն Ալեքսանյանին

Այսօր՝ մայիսի 19-ին, հրավիրվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ: Քննարկվում է Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:

Դիմելով Գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հիշեցրեց, որ ընդդիմադիր գործընկերները դուրս են եկել փողոց կեղծ լոզունգի ներքո. «Սակայն Հայաստանի հասարակության համար գաղտնիք չէ, որ նրանց այս վերջին ընդվզումը առնվազն շատ լուրջ կապ ունի տվյալ օրենքի գործողության մեջ մտնելու հետ: Քանի՞ ընդդիմադիր պատգամավոր կա, որ անցնում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքով»: 

Ի պատասխան Սրբուհի Գալյանը նշեց, որ այս պահին թիվը հստակ չի հիշում, սակայն դատախազության համար նշանակություն չունի՝ շահառուն ընդդիմադի՞ր է, թե՞ իշխանամետ:

Պատգամավորը Գլխավոր դատախազի տեղակալին խնդրեց նաև ներկայացնել այն մոտավոր թիվը, որը պետք է վերադարձվի ՀՀ:

«Այս պահին մենք ունենք շուրջ 300 ուսումնասիրություն, 20 ուսումնասիրություն ավարտվել է, այսինքն՝ 20 անձանց գույքը արգելադրվել է, և ունենք 9 հայցադիմում, որոնք ներկայացվել են դատարան, որոնցից 8-ը դատարանի կողմից արդեն ընդունվել են վարույթ: Ընդհանուր շուրջ 330 գործերի մասով 9 հայցադիմումներով խոսքը շուրջ 43 մլրդ դրամի մասին է: Այս գումարում ներառված չէ անձանց մասնակցությունը իրավաբանական անձանցում, և գտնում ենք, որ իրավաբանական անձանց արժեքների գնահատումը նաև էականորեն կմեծացնի այս թիվը՝ հասցնելով շուրջ 60 մլրդ-ի: Խոսքը ընդամենը 9 հայցադիմումի մասին է»,- պատասխանեց Սրբուհի Գալյանը:

Մանրամասն՝ տեսանյութում: