Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընդդիմությունն այսօր հերթական անգամ կշահարկի զոհերի վիշտը, կհետապնդի ՀՀ-ում գտնվող հերթական պատվիրակությանը, երեկոն էլ կեզրափակի «թեժ պայքարով»

Ընդդիմությունն այսօր  հերթական անգամ կշահարկի զոհերի վիշտը, կհետապնդի ՀՀ-ում գտնվող  հերթական պատվիրակությանը, երեկոն էլ  կեզրափակի «թեժ պայքարով»
Քաղաքականություն
10:36, 26 май 2022
Դիամադրության շարժման կազմակերպիչ Իշխան Սաղաթելյանը յուրօրինակ  ոճով է իրազեկել այսօր սպասվող միջոցառումների մասին։  ՀՅԴ-ի ֆեյսբուքյան էջում զետեղված հայտարարության մեջ նշված է․ «Ժամը 10։30 Ֆրանսիայի հրապարակ՝ մեր զոհված հերոսների ծնողների հետ գնալու ԲԴԽ, անելու ինչ որ անհրաժեշտ է (հայտնի չէ՝  «ինչ որ անհրաժեշտ է»-ն ինչ է նշանակում-խմբ․ ): Ժամը 15։30 Ֆրանսիայի հրապարակից երթը շարժվելու է՝ պատշաճ կերպով դիմավորելու և հետապնդելու ՀՀ-ում գտնվող պատվիրակությանն (թե որ պատվիրակության մասին է խոսքը՝ դարձյալ ոչ մի հիշատակում։ Ենթադրում ենք՝ ՀՀ պաշտոոնական այցով ժամանող Չեռնոգորիայի նախագահի պատվիրակության  մասին է խոսքը-խմբ․), ու ցույց տալու, որ նիկոլը մանդատ չունի որևէ մեկի հետ բանակցելու, Մինչև 19։30՝ լինելու է թեժ պայքար»։  

Թեժ պայքար ասելով թե ինչ նկատի ունի պարոն Սաղաթելյանը՝ դարձյալ հայտնի չէ, երեւի  «թեժ» բառը գործածել է, որպեսզի ինտրիգ հաղորդի։

Հավանաբար  սպասվում են թեժ պարալիզացիաներ, թեժ խցանումներ,  թեժ  կանգնեցումներ, արդեն հայտնի կարգախոսների թեժ հնչեցումներ, գոռում-գոչյուններ, բջջային հեռախոսների «ֆանարիկների» թեժ միացումներ․․․․

Արձանագրենք, որ ընդդիմությունը չի հրաժարվել պատերազմի զոհերի ծնողների վիշտն ու հոգեկան ծանր ապրումները շահարկելու եւ  քաղաքական նպատակով օգտագործելու արտավոր վարքագծից՝ ընդհուպ դրդելով  ծայրահեղ  քայլերի։ Դիմադրության շարժման դրամատիզմն ապահովելու պարտականությունը,  ցավ ի սիրտ արձանագրենք,  ընդդիմությունը վերապահել է զոհերի հարազատներին։  

Արձանագրենք նաեւ, որ ընդդիմությունը վերածվել է մեր երկիր ժամանող բարձրաստիճան պաշտոնատար անձանց, դեսպաններին թիրախավորող ու հետապնդող, ՀՀ-ի մասին օտարերկրյա պետությունների ներկայացուցիչներին   բամբասող, կամ, ինչպես  Քոչարյանն իր նախագահության օրոք էր  ասում՝ «դրից տղա բերող» խմբակի։     

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ դիմադրության  շարժման մասնակիցները «կոնցերտ» ցույց տվեցին  Բաղրամյան 26 հասցեում, նախագահականի դիմաց,  երբ ՀՀ ժամանած  Լիտվայի նախագահի պատվիրակությունը հանդիպում էր  ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին։ Ընդդիմադիրներն ընդհուպ  գանգատ-նամակ էին գրել  ու հանդիպում էին խնդրել  Լիտվայի նախագահից, սակայն նամակն այդպես էլ անպատասխան մնաց։ 

Հերթն այժմ, փաստորեն, Չեռնոգորիայի նախագահի աչքի առաջ «ռեսպուբլիկան խայտառակ անելուն»  է հասել, եւ համոզված ենք, որ այդ հարցում ընդդիմությունը, ինչպես նախորդիվ,  կցուցաբերի  մեծ  էնտուզիազմ ու պրոֆեսիոնալիզմ։ 

Նշենք, որ երկօրյա այցով ՀՀ ժամանող Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչը այցի շրջանակում հանդիպումներ կունենա ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի եւ ԱԺ նախագահի հետ։ ԱԺ խմբակցությունների հետ հանդիպում օրակարգում նախատեսված չէ։  

Ելենա Ազատյան