Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նույն Վիտալի Բալասանյանը հայտարարում էր՝ «ով Արցախը համարում է Հայաստանի մարզ, իրավունք չունի մտնել Արցախ», հիմա ասելիքը փոխել են․ արցախցի գործիչ

Նույն Վիտալի Բալասանյանը հայտարարում էր՝ «ով Արցախը համարում է Հայաստանի մարզ, իրավունք չունի մտնել Արցախ», հիմա ասելիքը փոխել են․ արցախցի գործիչ
Քաղաքականություն
18:53, 30 май 2022
Արցախում մայիսի 28-ին տեղի ունեցած հանրահավաքի և Արցախին առնչվող այլ հարցերի շուրջ  Civic.am-ը զրուցել է Արցախի  արտախորհրդարանական ուժերից մեկի՝  «Արցախի հեղափոխական կուսակցության» նախագահ  Արթուր Օսիպյանի հետ։ 

- Պարոն Օսիպյան, Արցախի և ՀՀ-ի շուրջ տեղի ունեցող զարգացումների  այս փուլում որքանո՞վ էր նպատակահարմար  նման հանրահավաքի կազմակերպումը Արցախի տարբեր բնակավայրերում, ի մասնավորի՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում։ Ըստ Ձեզ՝ այն կազմակերպվել էր ՀՀ ընդդիմության պատվերո՞վ, թե՞ սեփական նախաձեռնությամբ։ 

- Ինձ էլ է թվում, որ այդ հանրահավաք-երթը Հայաստանի ընդդիմության ձեռքի գործն է՝ միանշանակ։ Բայց մի բան էլ նկատենք, որ նույն այն լոզունգները, կոչերը, որոնք հնչում են Հայաստանում, ես չեմ լսել Արցախում, մասնավորապես՝ տրիբունայից։ Եթե անկեղծ լինեմ՝ իմ վերաբերմունքը տեղի ունեցած միջոցառումներին՝ հանրահավաքին և դրան հաջորդած համերգին, երկակի է։  Վերածննդի հրապարակում տեղի ունեցած համերգի ժամանակ հնչել են հայրենասիրական երգեր, և համերգի փաստը նորմալ եմ գնահատում՝ որպես  մեր ժողովրդին հետպատերազմական ծանր էմոցիոնալ վիճակից հանելու միջոց, և այնպես, որ հարգենք  նաև մեր զոհված հայորդիների  հիշատակը։  Իսկ հանրահավաքին և, այսպես կոչված, շարժման փաստին բացասաբար եմ վերաբերվում՝ հաշվի առնելով այն, որ  դրա  գլխին նստած են նախկինները, որոնց վերադարձը լինելու է կատաստրոֆիկ թե՛ Արցախի, թե ՀՀ-ի համար։ Այստեղ մի ուրիշ բան էլ կա՝ հասարակության մի մասն էլ դուրս է եկել ոչ թե նախկիններին աջակցելու համար, այլ ուղղակի դրանով ցույց են տալիս, որ Արցախը Ադրբեջանի կազմում չի լինելու։ Փաստ է, որ նախկինների քարոզչամեքենան շատ ուժեղ է աշխատում, և եթե անգամ մի խելքից դուրս բան են ասում, այնքան շատ են կրկնում, որ  ժողովուրդը սկսում է հավատալ և անհանգստանալ, ընկնել ինֆորմացիոն ալիքի տակ։  Իրենք էլ գիտեն, թե ինչ ձևակերպումներով ազդեն  մարդկանց հոգեբանական վիճակի վրա, թե՝ հեսա Արցախը կանձնեն, ՀՀ իշխանությունները գնացին, ստորագրեցին և այլն... Հատկապես պատերազմից հետո նման լուրերը շատ սուր են ընկալվում, և մարդիկ, բնականաբար, սկսում են  տագնապել։ Մասնավորապես ընդդիմության՝ Վիտալի Բալասանյանի (ԱԽՔ) կուսակցության քաղաքականությունը այդ ուղղությամբ է՝ պղտորել մթնոլորտը, վախ ու սարսափ ներշնչել, որպեսզի կարողանան հասնել իրենց քաղաքական նպատակներին։  

- Ձեր նշած Վիտալի Բալասանյանի կուսակցության (նա էր 2020 թվականին գլխավորում «Արդարություն» կուսակցության նախընտրական ցուցակը) խորհրդարանական  խմբակցության անդամ, Երևանից Արցախ եկած Մետաքսե Հակոբյանը հայաստանյան մամուլում պարբերաբար հայտարարում է՝ «Հայաստանը լվացել է ձեռքերը Արցախից»։ ՀՀ ընդդիմությունն էլ կրկնում է՝ «ՀՀ գործող իշխանությունը Արցախը թողնում է Ադրբեջանի կազմում»։ Այսինքն՝ Արցախը այս պահին  Ադրբեջանի կազմում է, ՀՀ-ն էլ փորձում է թողնե՞լ։ Արդյոք վտանգավոր չե՞ն նման պրոադրբեջանական նարատիվները։  

- Հիշեք բանակցային ողջ գործընթացը, և կտեսնենք, թե ով Արցախը որտեղ է թողել. ինչ է բանակցել Քոչարյանը, ինչ բանակցային ժառանգություն է  փոխանցել Սերժ Սարգսյանին, և Սերժ Սարգսյանը ինչ է թողել իր հաջորդին... Բնական է, որ իրենց կեղտերը, սխալները պետք է բարդեն ներկա իշխանության վրա։ 

- Ակցիայի ժամանակ հնչել են նաև «Նիկոլ, դավաճան» վանկարկումներ։ Արդյոք սա ողջ արցախահայությա՞ն կարծիքն է և ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ՀՀ-Արցախ հարաբերւթյուններում։   

- Այո, նման վանկարկումներ հնչել են ակցիայի մասնակիցների կողմից, բայց ես նման բան չեմ լսել հանրահավաքի բեմից։ Մենք պետք է արձանագրենք, որ, անկախ մեր ունեցած վերաբերմունքից, 680 հազար մարդ ՀՀ-ում ձայն է տվել Նիկոլ Փաշինյանին։ Նման կոչերը ցանկալի չեն, քանի որ կարող են տանել ՀՀ-ի և Արցախի միջև հակամարտության և մի ավելի վտանգավոր իրավիճակի՝ արցախցի-հայաստանցի վտանգավոր տարանջատման։  Նույն ընդդիմության կողմից նկատելի է, որ իրենք նույնիսկ  դրան են պատրաստ գնալ, վիճակը ավելի սրել, վատացնել, քանի որ ակնհայտ է, որ աշխատում է «ինչքան վատ, այնքան իրենց համար լավ» տակտիկան։ Չմոռանանք, որ նույն Վիտալի Բալասանյանը  (2019թ.-ին) հայտարարություն արեց, թե՝ «ով Արցախը համարում է Հայաստանի մարզ, իրավունք չունի մտնել Արցախ»։ Սա հենց ազգը տրոհելու գործ է, իմ սուբյեկտիվ գնահատականով՝ ազգի դավաճանությանը հավասար հայտարարություն:  Հայաստանի հայերը,  բնակիչները, մեր զինվորները, որ կանգնած էին սահմանին, կանգնած էին որպես իրենց երկրի սահման։ ...Հիմա էլ իրենց ասելիքը վերափոխել են. նույն Մետաքսե Հակոբյանը հայտարարում է, թե «Հայաստանը և Արցախը մեկ միասնական մարմին է», և այլն, որպեսզի հանուն իրենց քաղաքական նպատակների կարողանան  մարդկանց,  հատկապես զոհերի հարազատներին իրենց կողմը գրավել։  Այսինքն՝ ինչպես որ իրավիճակը թելադրում է, իրենց քաղաքական շահերին «բռնում» է, այնպես էլ հայտարարում են։ Պե՞տք է խուճապ մտցնել, ղարաբաղցիներին խառնել իրար, հայաստանցիներին հայհոյել կամ հակառակը, ուրեմն այդ զրույցներն են անելու։ Այս պահին պե՞տք է ՀՀ-ում զանգված հավաքել, որպեսզի կարողանան իրենց քաղաքական շահերը սպասարկել, կասեն՝ մենք  նույն ժողովուրդն ենք, երկու պետություն ենք և այլն։ Մարդ կա, որ, այո՛, ՀՀ իշխանությանը դեմ է, բայց երբ որոշ խմբեր, նկատի ունեմ՝ թե՛ Արցախի, թե՛ ՀՀ ընդդիմությունը,  փորձում են այդ հանգամանքը սրել, ժողովրդի տարբեր հատվածների իրար դեմ հանել, վերածել ՀՀ-Արցախ հակամարտության, շատ վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ։

- Եվրոպական խորհրդի նախագահ Շ. Միշելի վերջին  հայտարարությանը Արցախի խորհրդարանական խմբակցությունները շատ բուռն արձագանքեցին։ Ըստ Ձեզ՝ ադեկվա՞տ էր այդ հայտարարությունը, և ինչպե՞ս պետք է իրեն դրսևորի Արցախը աշխարհաքաղաքական կենտրոնների՝ իրեն վերաբերող հայտարարություններին արձագանքելիս։ 

- Մինչև Միշելի հայտարարությունը եղավ նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարությունը, որին ընդդիմությունը նույնպես կոպիտ արձագանքեց։ Իմ կարծիքով՝ կատարվում է հետևյալը. Արցախի հարցը, ինչպես գիտենք, Արևմուտքը ձգում է դեպի իրեն, ՌԴ-ն՝ դեպի իրեն, և այստեղ կոնֆլիկտ կա, թե որտեղ է, ի վերջո, որոշվելու այս հարցի  լուծումը։ Մենք էլ ունենք մեր դիրքորոշումը՝ հարցը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ երեք համանախագահներն էլ պետք  ներգրավված լինեն հարցի լուծման մեջ։ Հիմա, քանի որ կա այդ վեճը՝ Արևմուտք, թե ՌԴ, ընդդիմությունը դուրս է գալիս և, կոշտ արտահայտվելով Արևմուտքի հասցեին, սիգնալ է ուղարկում ՌԴ-ին, որ եթե մենք լինենք իշխանության, ապա Կրեմլում է լուծվելու Արցախի  հարցը։ Սա արվում է, որպեսզի ՌԴ-ից օգնություն ստանան և այդ նպատակով իշխանություն զավթեն։ Դրան գումարվեց նաև ԱՀ ԱԺ-ի հայտարարությունը՝ ի պատասխան  Միշելի հայտարարության։ Հնարավոր է, որ մեր կողմից հնչած հայտարարության հեղինակները լսած լինեն, ասենք, Սերժ Սարգսյանի խորհուրդը ու նման հայտարարություն արած լինեն։ Մենք խոսում ենք ինքնորոշումից, չէ՞, թե ինչպես ենք լուծելու մեզ վերաբերող հարցերը։ Փորձը ցույց է տալիս, որ միակողմանի արտաքին քաղաքականությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնում, պետք է լինի բալանսավորված քաղաքականություն։ Բացի սրանից, եթե մենք վերլուծենք ԱՄՆ դեսպանի հայտարարությունը, ապա այն լրիվ մեր օգտին է, էդտեղ, ճիշտ է, խոսվում է նաև այն մասին, որ բացի ինքնորոշման իրավունքից կա նաև տարածքային ամբողջականության իրավունքը, սակայն որպես առանցքային ֆակտոր նշում է ինքնորոշման իրավունքը։ Սա՝ մեկ։ Երկրորդ կարևոր արձանագրումը՝ նշում է նաև, որ ԼՂ հարցը լուծված չէ։  Եվ երրորդ՝ ԼՂ ժողովուրդը իր ապագայի որոշման հարցում առանցքային դեր է խաղալու։ Իհարկե, խնդրահարույց կարող է դիտվել տարածքային ամբողջականության մասին շեշտումը, բայց եթե դա չասվեր, կնշանակեր՝ Ադրբեջանի դեմ փակվում են բանակցությունների դռները։ Մի հանգամանք էլ՝ երբ Պուտինն ասում է «Ղարաբաղը Ադրբեջանի մաս է», ոչ մի արձագանք չի հնչում ընդդիմության կողմից, իսկ երբ Արևմուտքն է մի բան ասում կամ Շառլ Միշելը՝ սկսում են քարկոծել։ Եվ երբ ընդդիմությունն ասում է՝ միայն ՌԴ-ն պետք է որոշի Արցախի խնդիրը, արդյոք դա լավագույն տարբերա՞կն է։ Ես, իհարկե, չեմ նսեմացնում կամ նվազեցնում ՌԴ-ի դերը Արցախի խնդրի լուծման հարցում, չեմ էլ ասում՝ ՌԴ-ին թողնենք, գնանք պառկենք Արևմուտքի տակ։ Ես ասում եմ՝ հավասարակշռություն պահենք։ Շատ են աղաղակում նաև այն մասին, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը քանդվել է, վա՜յ... Քանդվե՞լ է, եկեք տեսնենք, թե ով ինչ է առաջարկում, և ումից ինչ ակնկալենք։  Բայց դեռ չկան կոնկրետ  առաջարկներ և երաշխավորված խոստումներ, աշխարհաքաղաքական գործընթացներն էլ  շատ արագ են փոխվում։ Եվ եթե մենք այսօր որոշենք, որ գնում ենք ՌԴ-ի թևի տակ կամ ԱՄՆ-ի թևի տակ մտնենք, մենք չենք կարողանալու կանխորոշել մեր հետագա անելիքներն ու հաշվարկել մեր քայլերը։ Ուստի Արցախը պետք է հասկանա, որ եթե ինքը ինքնորոշումից է խոսում, ապա պետք է ինքը վերջնական որոշում կայացնի իրեն վերաբերող հարցերում՝ որպես սուբյեկտ։ Եթե մենք կանք, ուրեմն պետք է պայքարենք մեր բոլոր իրավունքների համար։ Կան Եվրախորհրդարանի բանաձևեր, որոնք դատապարտում են Ադրբեջանին և Թուրքիային՝ Արցախի վերջին պատերազմում տեռորիստներ ներգրավելու համար։ Ի՞նչ պետք է անի մեր ԱԺ-ն և ԱԳՆ-ն։ Հիմնվելով այդ և միջազգային այլ փաստաթղթերի, հիմքերի վրա՝ ցույց տա նույն միջազգային կառույցներին, որ ըստ իրենց  ձևակերպումների և բանաձևերի՝ Ադրբեջանը ահաբեկչական պետություն է, հետևապես Արցախը չի կարող ապագա ունենալ  Ադրբեջանի կազմում։ 

Հեղինե Մանուկյան