Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ անցած ընդդիմությունն ունի նույն «որակը», բնույթն ու արժեհամակարգը, որն ուներ, երբ կառավարող ուժի կարգավիճակում էր. քաղաքագետն ամփոփել է արտահերթ ընտրությունների մեկ տարին

ԱԺ անցած ընդդիմությունն ունի նույն «որակը»,  բնույթն ու արժեհամակարգը,  որն ուներ, երբ կառավարող ուժի կարգավիճակում էր. քաղաքագետն ամփոփել է արտահերթ ընտրությունների մեկ տարին
Քաղաքականություն / Հայաստան
19:35, 21 июнь 2022
2021 թվականի հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններից անցել է մեկ տարի։ Ութերորդ գումարման ԱԺ-ն ձևավորվեց ՀՀ-ի համար բարդ ու օրհասական հանգրվանում՝ 44-օրյա պատերազմում կրած պարտության, դրա հետևանքով խորացած քաղաքական ճգնաժամի պայմաններում. չմոռանանք նաև կորոնավիրուսի համավարակի հարուցած սոցիալ-տնտեսական խնդիրները։ Ի՞նչ իրավիճակում է հետընտրական Հայաստանը մեկ տարի անց, արդյոք արտահերթ ընտրությունների միջոցով հնարավոր եղա՞վ հաղթահարել ներքաղաքական, ներհասարակական  ճգնաժամը, թե՞ եղած ճգնաժամն էլ ավելի խորացավ՝ հաշվի առնելով խորհրդարանի կազմը՝ ի դեմս ընդդիմադիր երկու խմբակցությունների։ 

Civic.am-ի հետ զրույցում քաղաքագետ Հակոբ Բադալյանը, ամփոփելով հետընտրական մեկ տարին, մասնավորապես նշեց. «Արտահերթ ընտրությամբ, իհարկե, մասնակիորեն և օպերատիվ տրամաբանության շրջանակում հաջողվեց հաղթահարել հետպատերազմյան քաղաքական ճգնաժամը, ինչպես նաև  հասարակական-քաղաքական շոկը, որը պատերազմում մեր  պարտության օբյեկտիվ հետևանքն էր։ Բայց խորքային առումով, անշուշտ, այդ ընտրությունը և դրան հաջորդած մեկ տարին ցույց տվեցին, որ ՀՀ-ում շարունակվում է պահպանվել և, խոշոր հաշվով, քանի որ պահպանվում է, և հանգուցալուծման հեռանկարները շատ թույլ են, նաև խորանում է շատ ավելի հիմնարար քաղաքական ճգնաժամ՝ կենսունակ, մրցունակ և հասարակության համար արդիական ընդդիմության ինստիտուտի ճգնաժամը։ Դրա արմատները  շատ ավելի խորն են ու շատ ավելի վաղուց են ի հայտ եկել՝ դեռ մինչև 2018-ի թավշյա հեղափոխությունը։  Մասնավորապես, հենց 2018-ի քաղաքական իրադարձություններից հետո  այդ ճգնաժամը օբյեկտիվորեն խորացավ, քանի որ հեղափոխության արդյունքում ձևավորված բարձր լեգիտիմությամբ  իշխանությունը չունեցավ  համարժեք լեգիտիմությամբ  ընդդիմություն։ Վերջին արտահերթ ընտրությունները դարձան ժամանակի ընթացքում գերխորացած այդ ճգնաժամի  արտահայտությունը,  ճգնաժամ, որը  լրջորեն վնասում է ՀՀ-ի քաղաքական համակարգի արդիականացման որևէ հեռանկարի»։ 

Գնահատելով  ընդդիմության խորհրդարանի մակարդակում ծավալած անցած մեկ տարվա գործունեությունը, նաև վերջին երկու ամիսների փողոցային պայքարի ոճն ու բովանդակությունը՝ մեր զրուցակիցը նկատեց. «Եթե գնահատելու լինենք կոնկրետ խորհրդարանական ընդդիմությանը, ապա, ցավոք սրտի, այդ ընդդիմությունը, որը նախկին կառավարման համակարգի տարբեր սեգմենտներից է բաղկացած, ունի նույն «որակը»,  բնույթն ու արժեհամակարգը, ինչպիսին որ ուներ, երբ կառավարող ուժի կարգավիճակում էր՝ որպես իշխանություն»։ 

Ըստ մեր զրուցակցի՝ այսօր որպես  ընդդիմություն դիրքավորված,  բնույթը չփոխած և նույն  արժեհամակարգը դավանող ուժերը, ցավոք, համարժեք չեն այն իրողություններին, գլոբալ մարտահրավերներին և վտանգներին, որոնց առաջ կանգնած է ինչպես ամբողջ աշխարհը, այնպես էլ մասնավորապես և հատկապես ՀՀ-ն։ «Իշխանությանը որակական և ցանկացած այլ բարձր նշաձող թելադրող ընդդիմությունը կարևորագույն ինստիտուտ է որևէ պետության համար, առավել ևս՝ ՀՀ-ի նման պետության համար։ Խնդիրը ոչ միայն այն է, որ մենք հետպատերազմյան բարդ իրավիճակում ենք և ունենք արագ ոտքի կանգնելու, ռեաբիլիտացիայի անհրաժեշտություն, իսկ  ՀՀ-ն, լինելով նվազ ռեսուրսներով երկիր, պետք է մանևրի չափազանց բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում, աշխարհակարգային վերափոխումների, տեկտոնական շարժերի այս շրջափուլում, խնդիրը նաև այն է, որ նման բարդ իրավիճակում  խիստ կարևոր է կենսունակ, որակապես բարձր, մրցունակ այլընտրանքային քաղաքական ուժի՝ ընդդիմության առկայության ապահովումը, որը նաև մեր ազգային ավտանգությանն է առնչվում։  Ցավոք սրտի, մենք  ազգային անվտանգության հարցում այս մասով ևս ունենք մեծ բաց»։  

Անդրադարձանք նաև «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանի՝  մանդատը վայր դնելու մասին այսօր արված հայտարարությանը։ Հարցին՝ նման որոշումը նույն Վանեցյանի՝  երկու ամիս առաջ նստացույց սկսելու օրերին տված խոստման կատարո՞ւմն էր՝ եթե Նիկոլ Փաշինյանին չհաջողվի հեռացնել իշխանությունից, ես  խորհրդարան  չեմ վերադառնա, թե՞ ԱԱԾ նախկին տնօրենը  քաղաքական դաշտում  հեռահար պլաններ ունի։  «Քաղաքական դաշտի ցանկացած դերակատար, բնականաբար նաև Վանեցյանը, կարող է ունենալ հեռահար պլաններ, անկախ այն բանից՝ վայր է դնում մանդատը, թե ոչ։ Նախ, զուտ իրավիճակային առումով, իհարկե, պետք է ողջունել նրա այդ քայլը, քանի որ իր խոսքի տերն է՝ ասել է մի բան, անում է ասածը։  Բուն քաղաքական գործընթացի առումով եթե դիտարկելու լինենք նրա այդ քայլը, ապա պետք է հետևյալ կարևոր արձանագրումն անենք. ընդդիմության տարբեր թևերի գործողությունները  թեկուզ մեկ ձևաչափի մեջ էին ներառվել վերջին երկու ամիսներին՝ ի դեմս «Դիմադրություն» շարժման, այդուհանդերձ, նկատելի էին ներընդդիմադիր հարաբերություններում որոշակի հարցեր պարզաբանելու դրսևորումներ, շարժման մարտավարական և ռազմավարական հարցերում որոշակի անհամաձայնություններ, որոնք երբեմն հրապարակային բանավեճի տեսքով էին դրսևորվում։  Արթուր Վանեցյանի որոշումը, իմ կարծիքով, մոտիվացված  է  հենց այս գործընթացներից»,- նկատեց մեր զրուցակիցը։ 

Հնարավո՞ր է, որ մյուս ընդդիմադիր պատգամավորները ևս հետևեն Վանեցյանի քայլին՝ վայր դնեն մանդատները։  Բադալյանը հիշեցրեց նախորդ տարեվերջին հենց «Պատիվ ունեմ» խմբակցությունից Թագուհի Թովմասյանի շուրթերով հնչած կոչը՝ ուղղված ընդդիմադիր մյուս խմբակցության գործընկերներին՝ վայր դնել մանդատները, որին  «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներից ոմանք  այսպես հակադարձեցին՝ թող առաջինը վայր դնեն կոչ անողները։  «Սա ցույց է տալիս, որ այստեղ ներընդդիմադիր որոշակի պրոցեսներ  խմորվել են շատ ավելի առաջ, դեռ մինչ «Դիմադրություն» շարժման մեկնարկը։  Եվ հիմա, ըստ իս, առանձին գործիչների գործողությունները տեղավորվում են  այդ տրամաբանության մեջ»,- նկատեց Բադալյանը։