Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քաղաքականապես տհաս այդպիսի հայտարարությունից հետո միջազգային գործընկերների հետ ոչ թե գործընկերություն կգտնեք, այլ կարժանանաք կարեկցանքի․ Արման Բաբաջանյանը՝ ընդդիմության «Չեղարկման հռչակագրի» մասին

Քաղաքականապես տհաս այդպիսի հայտարարությունից հետո միջազգային գործընկերների հետ ոչ թե գործընկերություն կգտնեք, այլ  կարժանանաք  կարեկցանքի․ Արման Բաբաջանյանը՝ ընդդիմության «Չեղարկման հռչակագրի» մասին
Քաղաքականություն
19:50, 19 июль 2022
Civic.am-ի հարցերին պատասխանել  է  «Հանուն Հանրապետության» կուսակցության հիմնադիր և առաջնորդ  Արման Բաբաջանյանը 
 

-Պարոն Բաբաջանյան, տարածաշրջանում վերջին առնվազն երկու շաբաթների ընթացքում տեղի են ունենում ակտիվ գործընթացներ, որոնք չեն շրջանցում նաև Հայաստանը։ ՀՀ  այցելեցին  բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ,  ի մասնավորի՝  Իրանի Իսլամական Հանրապետության Անվտանգության գլխավոր խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի գլխավորած պատվիրակությունը, Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բըրնսը, այնուհետ՝  Ռուսաստանի Դաշնության Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) տնօրեն Սերգեյ Նարիշկինը։ Օրերս Թբիլիսիում տեղի ունեցավ Միրզոյան-Բայրամով հանդիպումը, այսօր էլ ՀՀ ԱԳ նախարարը Լեհաստանում է․․․

ՀՀ-ում և ՀՀ-ի շուրջ տեղի ունեցող այսպիսի ակտիվությունն ինչո՞վ եք բացատրում, արդյոք այս այցերը փոխկապակցվա՞ծ են,  և ի՞նչ հնարավոր զարգացումներ կարող են հետևել այս այցերին մասնավորապես մեր երկրի արտաքին ճակատում՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական գործընթացներում։ 

-Ռուս-ուկրաինական պատերազմը Հարավային Կովկասի նկատմամբ հետաքրքրությունը անգամներով ավելացրել է։ Վերջին կես տարում օբյեկտիվորեն ակտիվացել է Հայաստանի արտաքին քաղաքականությունը։ Դուք Ձեր հարցում  նշել եք հայ-ադրբեջանական և հայ-թուրքական ուղղությունները, որոնք մեր ժողովրդի, Հայաստանի և Արցախի ապագայի համար ունեն գոյաբանական կարևորություն, բայց Երևանի համար արտաքին քաղաքական ակտիվության   չափազանց կարևոր այլ ուղղություններ ևս կան՝ ի մասնավորի հնդկական, արաբական, չինական ուղղությունները։ Այս իմաստով սոսկ ավտիվությունն էլ բավարար չէ։ Հարկավոր է խոր վերլուծության ենթարկել համապատասխան հիմնահարցերի նկատմամբ տարբեր երկրների և կազմակերպությունների մոտեցումները` Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հաստատման և կարգավորման, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ՝ փլուզվող և վերստեղծվող նոր աշխարհակարգի համար առավել համահունչ շեշտադրումներ ձևավորելու նպատակով։

Հայաստանը պետք է հարմարվի իր շուրջը ստեղծված իրողություններին ու փորձի այդ սահմաններում սեղմել-տեղավորել իր ռացիոնալը։ Ցանկացած իրատեսություն ճշմարտապես իրատեսական է, եթե այն ոչ միայն ստատիկ պատասխաններ է առաջարկում ներկայիս սպառնալիքներին ու մարտահրավերներին, այլ  նաև  դինամիկ երկարաժամկետ լուծումների խնդիր է դնում՝ գտնում է պոտենցիալ  կարողությունների ու հնարավորությունների սթափ հաշվարկված մի սպեկտր, որին, փոքր-ինչ նեղվելով կարելի է հասնել ու դրանով իսկ թե՛ փոխել ու վերաձևել  անվտանգության միջավայրը, թե՛ գտնել այն յուրացնելու և ձևափոխելու նոր հնարավորություններ։

-Արտախորհրդարանական ընդդիմությունը՝ ի դեմս նաև Ձեր ղեկավարած կուսակցության, օպերատիվ արձագանքում է տեղի ունեցող գործընթացներին և վերաբերմունք արտահայտում, մինչդեռ խորհրդարանական ընդդիմությունը լուռ է ու անհաղորդ այսպիսի կարևոր զարգացումների հանդեպ և դրանք  իր փողոցային պայքարի օրակարգում չի ներառում՝ հրավիրելով   հրատապ  հավաքներ։ Այն դեպքում, երբ «հայրենափրկության» հավակնոտ կուրս է որդեգրել՝ բոյկոտելով խորհրդարանի աշխատանքները։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս տարօրինակ անտարբերությունը։ Քիչ առաջ էլ հայտնի դարձավ, որ Դիմադրության շարժման՝ հուլիսի 21-ին հրավիրված հանրահավաքը հետաձգվել է՝ աննախադեպ շոգի պատճառով։  

-Ամառը շոգ է, ձմռանը ցուրտ է, գարնանն ու աշնանն էլ անձրևային եղանակ կամ քամի է։ Եթե հետևենք այդ տրամաբանությանը Հայաստանում հանրահավաքներ պետք է տեղի չունենան։ Եվ  եթե ԱԺ պատգամավորի մանդատը վերցրել եք, բայց ընտրել եք փողոցային պայքարը, այդտեղ կոմֆորտ մի փնտրեք։  Ես դեմ  չեմ, որ ընդդիմությունն իր պայքարի մի մասը շարունակի փողոցում, բայց դեմ եմ,  երբ այդ պայքարի հիմքում  դրվում են նարատիվներ, որոնք թշնամի պետության ղեկավարն է շրջանառում Հայաստանի ներհասարակական կյանքը մշտապես անհանգիստ պահելու համար, երբ Արցախի փրկության օրակարգով պայքարի դուրս եկած քաղաքական գործիչները վախենում են ծպտուն հանել  Լավրովի՝ Բաքվում արած հայտարարություններին և մադրիդյան սկզբունքների և Մինսկի խմբի դեմ։ Ես չեմ հասկանում, ում է պետք այն խորհրդարանական ընդդիմությունը, որը տղամարդկություն չունեցավ Ռուսաստանի գլխավոր հետախույզ  Նարիշկինի այցի ընթացքում մի բողոքի ակցիա կազմակերպել, ընդդեմ  նրա ադրբեջանցի օլիգարխների հետ առնչությունների և հիմնավոր կասկածների, որ նա կաշառված է Ադրբեջանի կողմից։  Այս և այլ բազմաթիվ ընթացիկ հարցեր անընդհատ մնում են օրակարգում՝ անկախ նրանից,  թե եղանակը տաք է կամ ցուրտ։ Ցավոք, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները եղանակին չեն նայում, եղանակով պայմանավորված չեն պակասում կամ դրանից ռիսկը չի նվազում։ Հայ ժողովուրդը նոր պատերազմի վտանգը չի հաղթահարել և այդպիսի արտաքին սպառնալիքին համարժեք խորհրդարանական ընդդիմության կարիք ունի։ 

-Վերջին  հանրահավաքում «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց «Մենք հանդես ենք գալու նախաձեռնությամբ, որ հաջորդ իշխանությունը հրատապության կարգով պետք է առ ոչինչ հայտարարի Նիկոլի ձեռք բերած ցանակցած բանավոր և գրավոր պայմանավորվածություն։ Մենք այս փաստաթուղթը վերջնական մշակելուց հետո առաջարկելու ենք, որ ՀՀ բոլոր քաղաքական ուժերը, գործիչները ստորագրեն դրա տակ և ամբողջ աշխարհը, այդ թվում Ալիևն ու Էրդողանը, հասկանան, որ Նիկոլի հետ ձեռք բերած ցանկացած պայմանավորվածություն առ ոչինչ է  և որևէ  իրավական նշանակություն չունի հայ ժողովրդի համար»։ Ինչպե՞ս եք գնահատում  նման նախաձեռնությունը որպես քաղաքական ուժի առաջնորդ և արդյոք կստորագրե՞ք ենթադրյալ հռչակագրի տակ։ 

-Եթե այդ հայտարարությունը արվեր 2020թ․ նոյեմբերից 9-ից հետո, մինչև ընտրությունները, ես մի կերպ կհասկանայի մոտիվը և նպատակը։ Բայց մասնակից բոլոր ուժերի կողմից ճանաչված ԱԺ ընտրություններից հետո հանդես գալ  նմանօրինակ հայտարարությամբ, մի բանի մասին է վկայում՝ խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերը քաղաքականապես սնանկ են։ Այս հայտարարությունը ԱԺ ընդդիմության քաղաքական կապիտուլյացիան է։

Այդպիսի հայտարարություն կարող էր իրեն թույլ  տալ  երբևէ  իշխանության մեջ չգտնված քաղաքական ուժի ներկայացուցիչը, որն առնվազն չի հասկանում, թե ինչ է հայտարարում։ 1998-ից ի վեր, Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կասկածելի լեգիտիմությամբ նախագահական բոլոր ընտրություններից հետո քաղաքական իշխանությանը ատող հայ ժողովուրդը նույնիսկ ճանաչել է  Հայաստանին միայն աղետներ բերած ստորագրություններն ու համաձայնությունները, որին մասնակից և մեղսակից է եղել թե՛ ՀՀԿ-ն, և թե՛ ՀՅԴ-ն, որպես կոալիցիայի մաս։

Քաղաքականապես տհաս այդպիսի հայտարարությունից հետո միջազգային գործընկերների հետ ոչ թե գործընկերություն կգտնեք, այլ կարժանանաք  կարեկցանքի։