Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առաջիկայում տեղի կունենան 11 կուսակցությունների տարեկան հաշվետվությունների աուդիտի աշխատանքները․Ցանկում են նաեւ ՔՊ-ն, ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն

Առաջիկայում տեղի կունենան 11 կուսակցությունների տարեկան հաշվետվությունների աուդիտի աշխատանքները․Ցանկում են նաեւ ՔՊ-ն, ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն
Քաղաքականություն
11:44, 22 июль 2022
Ինչպես արդեն հայտնել ենք՝ մեկնարկել է պարտադիր աուդիտի ենթակա 11 կուսակցությունների աուդիտորական կազմակերպությունների ընտրության գործընթացը, որն  ավարտական փուլում է:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կուսակցությունների տարեկան հաշվետվությունների աուդիտի գործընթացի պատշաճ կազմակերպման նպատակով 2022 թվականին պարտադիր աուդիտի ենթակա կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացրել է  աշխատանքային քննարկում:

Հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանը քննարկման մասնակիցներին տեղեկացրել է, որ մինչև այս ամսվա ավարտը նախատեսվում է սկսել կուսակցությունների տարեկան հաշվետվությունների աուդիտի աշխատանքները, ուստի անհրաժեշտ է մինչ այդ ավարտել հաշվետվությունների պատրաստման աշխատանքները։ Հաշվետվության ձևի և դրա լրացման կարգի նախագիծը նախապես տրամադրվել էր կուսակցություններին և քննարկվել նախորդ հանդիպումների ընթացքում։

Կռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ կուսակցությունների ներկայացուցիչները հիմնականում բարձրացրել են անդամավճարների և նվիրատվությունների հետ կապված հարցեր։

Մասնակիցները մտահոգություն են հայտնել, որ բանկերով և այլ վճարային տերմինալներով կատարվող նվիրատվությունների դեպքում հաճախ իրենց հասանելի չեն լինում վճարողների անձը հաստատող փաստաթղթի տվյալները, մինչդեռ դրանք պահանջվում է ներառել տարեկան հաշվետվության մեջ։ Արամայիս Փաշինյանը նշել է, որ «Կուսակցությունների մասին» օրենքով սահմանված են կուսակցություններին կատարվող նվիրատվությունների, անդամավճարների մուտքի վճարների հետ կապված մի շարք սահմանափակումներ, որոնք վերահսկելու նպատակով անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթի տվյալներով նույնականացնել նվիրատուներին։ Մասնակիցների կարծիքով պետությունը պետք է բանկերի հետ աշխատանք տանի այս ուղղությամբ, կուսակցություններին կատարվող նվիրատվությունների դեպքում անձը հաստատող փաստաթղթի տվյալները պարտադիր վավերապայման սահմանելով։

Նշենք, որ պարտադիր աւոդիտի ենթակա կուսակցություններն են՝ «Հայաստանի դեմոկրատական» կուսակցության,  «Վերածնվող Հայաստան» կուսակցության,  «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության,  «Հայրենիք» կուսակցության, «Ապրելու երկիր» կուսակցության,  «Հայաստանի Հանրապետական» կուսակցության,  «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության,  «Հանրապետություն» կուսակցության,  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության,  «Լուսավոր Հայաստան» կուսակցություն։  

Հավելենք նաեւ, որ  կայացել է նաեւ աուդիտորական կազմակերպությունների  մրցույթը։ Հուլիսի 8-ին  տեղի ունեցավ  վերջիններիս կողմից ներկայացված առաջարկների բացման նիստը, մրցութային առաջարկ էր ներակայացրել 6 աուդիտրական կազմակերպություն։ Գնահատման փուլի անցկացման վայրի և օրվա վերաբերյալ կհրապարակվի լրացուցիչ տեղեկատվություն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքում։