Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2021թ. ուսումնասիրել ենք պաշտոնատար անձանց ավելի քան 2500 հայտարարագիր. ավելացել է և՛ հայտարարատուների, և՛ հայտարարագրվող տեղեկությունների շրջանակը. Արամայիս Փաշինյան

2021թ. ուսումնասիրել ենք պաշտոնատար անձանց ավելի քան 2500 հայտարարագիր. ավելացել է և՛ հայտարարատուների, և՛ հայտարարագրվող տեղեկությունների շրջանակը. Արամայիս Փաշինյան
Հասարակություն
13:20, 28 декабрь 2021
«Ընթացիկ տարվա ընթացքում իրականացրել ենք մոտ 170 պաշտոնատար անձանց գույքային դրության ստուգումներ: Այս թիվը ներառում է պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքի անդամների բոլոր տարիների ներկայացրած ավելի քան 2500 հայտարարագրերի ուսումնասիրությունը»,- այսօր՝ դեկտեմբերի 28-ին, «Մեդիա կենտրոնում» Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գրանցած արդյունքների վերաբերյալ 2021 թվականը ամփոփելիս նշեց հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանը:

Նրա խոսքով՝ նախկինի համեմատ նկատելիորեն ավելացել է հայտարարատու պաշտոնատար անձանց շրջանակը. «Եթե նախկինում հայտարարագիր պետք է ներկայացնեին 15 հազար և ավելի բնակչություն ունեցող համայնքների ղեկավարները, այժմ այդ պարտավորությունն ունեն մինչև 15 հազար բնակչություն ունեցող համայնքների ղեկավարները, նրանց տեղակալները, համայնքների աշխատակազմի քարտուղարները, 15 հազար և ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանու անդամները, դատավորի օգնականները և այլն»:

Նա ընդգծեց, որ ավելացել է ինչպես հայտարարատուների, այնպես էլ հայտարարագրվող տեղեկությունների շրջանակը. «2021թ. հունիսից ներդրվեց ծախսերի հայտարարագրման ինստիտուտը, որի արդյունքում հայտարարատուները պարտավոր են հայտարարագրել օրենքով սահմանված շեմերից ավելի կատարված ծախսերը: Հայտարարագրման ենթակա են նաև հայտարարատուին սեփականության իրավունքով չպատկանող, սակայն նրա կողմից հաշվետու ժամանակաշրջանում 90 և ավելի օր փաստացի տիրապետության տակ գտնվող կամ օգտագործվող գույքը, ինչպես նաև այն գույքը, որը սեփականության իրավունքով պատկանում է երրորդ անձի, բայց ձեռք է բերվել հայտարարատուի անունից»:

Ներկայացնելով առաջիկա անելիքները՝ Արամայիս Փաշինյանը նշեց, որ ներդրվելու է էլեկտրոնային համակարգ. «Ներկայումս աշխատում ենք համակարգի կառուցման վրա: Հանձնաժողովը 2022թ. հունվարից իրականացնելու է նաև կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողությունը՝ ներառյալ կուսակցությունների ֆինանսավորման աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին տարեկան հաշվետվությունների ստուգումը: Այս առումով ունենք խնդիրներ և ակնկալում ենք Կառավարության, Ազգային ժողովի և մյուս շահագրգիռ կողմերի աջակցությունը»: