Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բարեվարքության ուսումնասիրության պահանջ է ներդրվել նաև Գլխավոր դատախազի թեկնածուի համար. ԿԿՀ անդամ Մարիամ Գալստյան

Բարեվարքության ուսումնասիրության պահանջ է ներդրվել նաև Գլխավոր դատախազի թեկնածուի համար. ԿԿՀ անդամ Մարիամ Գալստյան
Իրավունք
14:40, 28 декабрь 2021
Բարեվարքության նպատակն է համապարփակ վերլուծության արդյունքում հնարավորինս կանխել անբարեվարք անձանց մուտքը և նրանց նշանակումը պետական պաշտոններում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 28-ին, «Մեդիա կենտրոնում» Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գրանցած արդյունքների վերաբերյալ 2021 թվականը ամփոփելիս նշեց հանձնաժողովի անդամ Մարիամ Գալստյանը:

Ինչպես նշեց նա, 2021թ. բարեվարքության ուսումնասիրություն անցնելու պահանջ է ներդրվել նաև բոլոր դատախազների թեկնածուների, այդ թվում նաև Գլխավոր դատախազի թեկնածուի համար:

«2021թ. ընթացքում հանձնաժողովի կողմից իրականացվել է պետական պաշտոնի հավակնորդ 103 անձանց բարեվարքության ուսումնասիրություն, ինչի արդյունքում խորհրդատվական բնույթի եզրակացություն է ներկայացվել 96 անձանց վերաբերյալ, որոնցից 56-ը եղել են դրական, 8-ը՝ բացասական, 32-ը՝ դրական վերապահումով: Ներկայացված բացասական եզրակացություններից երկուսի դեպքում պաշտոնի նշանակումը, այնուամենայնիվ, իրականացվել է, և երկուսն էլ եղել են դատավորների հավակնորդների թեկնածուներ»,- ասաց նա:

Հանձնաժողովի անդամն ընդգծեց, որ առաջիկայում հանդես են գալու օրենսդրական նախաձեռնությամբ և առաջարկելու են, որ բարեվարքության ուսումնասիրման եզրափակիչ մասը լինի հրապարակային: