Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պետք է շատ հիմնավոր լինի, թե ինչո՞ւ է աուդիտը ստուգումներ անում մի հիմնարկում, որը պլանավորած չէր, և ստուգումներ չի անում այն հիմնարկում, որը պլանավորված է․ Հայկ Մարության

Պետք է շատ հիմնավոր լինի, թե ինչո՞ւ է աուդիտը ստուգումներ անում մի հիմնարկում, որը պլանավորած չէր, և ստուգումներ չի անում այն հիմնարկում, որը պլանավորված է․ Հայկ Մարության
Հայաստան
12:51, 26 октябрь 2021
«Երևան քաղաքի բյուջեի կատարման վերահսկողությունն արդյունավետ իրականացնելու նպատակով ավագանին պարտավոր է ներգրավել աուդիտորական ծառայություններ, որոնց դիմաց վճարումը կատարվում է Երևան քաղաքի բյուջեից»,-այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետարանի ֆինանսական վարչության պետ Էդուարդ Արևշատյանը` զեկուցելով աուդիտորական ծառայություններ ներգրավելու մասին հարցը: 

«Հաշվի առնելով, որ 2021թ, բյուջեի կատարման հաշվետվությունը ավագանուն պետք է ներկայացվի մինչև 2022թ. մարտի 1-ը, իսկ ծառայությունը պետք է մատուցվի 2022թ.  և վճարումը պետք է իրականացվի Երևան քաղաքի 2022թ.  բյուջեից համապատասխան ֆինանսական միջոցներ նախատեսելու դեպքում` ուստի աուդիտորական ծառայություններ ներգրավելու համար ներկայացվում է Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը»,-հավելեց նա:

«Իմ քայլը» ավագանու անդամ Արման Անտոնյանն ասաց, որ այս թեմայի շուրջ որևէ խնդիր չի տեսնում, բայց կցանկանա բարձրաձայնել ներքին աուդիտի գործառույթների վերաբերյալ և հարց ուղղեց զեկուցողին. «Ես գիտեմ, որ ներքին աուդիտը կազմակերպում է իր գործողությունները ըստ տարեկան հաստատված պլանի: Եթե անհրաժեշտություն է լինում այս կամ այն հանգամանքերից ելնելով աուդիտ կազմակերպեն` ապա ինչ մեխանիզմով է դա արվում, եթե ներառված չէ տվյալ տարվա գործողությունների մեջ»:

Էդուարդ Արևշատյանը պատասխանեց, որ պլանից դուրս աուդիտի հարցը պետք է ստուգեն թե որ օրենսդրական ակտով է սահմանվում, և այս պահին հարցին չի կարող պատասխանել:

Քաղաքապետ Հայկ Մարությանն էլ արձագանքեց` նշելով, որ կազմակերպչական մասով ինքը կարող է ներկայացնել, իսկ իրավական տեսանկյունից հարցը պետք է թողնել հարց ու պատասխանների ժամին, որը կտրվի աուդիտի մասնագետին:

«Կա պլան, որ աուդիտը պետք է շարժվի այդ պլանով, և մոտ տասը տոկոսի չափով ունի շեղվելու իրավունք»,-ասաց քաղաքապետն ու ընդգծեց, որ պետք է շատ հիմնավոր լինի թե ինչու է աուդիտը ստուգումներ անում մի հիմնարկում որը պլանավորած չէր, և միաժամանակ ստուգումներ չի անում այն հիմնարկում, որը պլանավորած է:

Նախագիծն ընդունվեց: