Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել. Պուտին

Միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել. Պուտին
Քաղաքականություն / Աշխարհ
21:30, 01 август 2022
Միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել, և այն երբեք չպետք է սանձազերծվի, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը. գրում է ՌԻԱ Նովոստին։

Երկրի ղեկավարը ողջույններ է հղել Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի վերանայման (Treaty on the Non-Proliferation of Nuclear Weapons․ NPT) 10-րդ համաժողովի մասնակիցներին ու հյուրերին։

«Որպես NPT-ի մասնակից պետություն և նրա ավանդապահներից մեկը՝ Ռուսաստանը անշեղորեն հետևել է Պայմանագրի տառին և ոգուն: Համապատասխան սպառազինությունների կրճատման և սահմանափակման վերաբերյալ Միացյալ Նահանգների հետ երկկողմ համաձայնագրերով մեր պարտավորությունները նույնպես ամբողջությամբ կատարվել են: Մենք համաշխարհային հանրության հավասար անվտանգության օգտին ենք հանդես գալիս»,- ասել է Պուտինը։


Նրա խոսքով, պայմանագիրը, ավելի քան կես դար գոյության ընթացքում, դարձել է անվտանգության և ռազմավարական կայունության միջազգային համակարգի առանցքային տարրերից մեկը, և դրանով նախատեսված պարտավորությունները լիովին համապատասխանում են ինչպես միջուկային, այնպես էլ ոչ միջուկային երկրների շահերին։ .

Պուտինն ընդգծել է, որ NPT-ին հետևող բոլոր երկրները պետք է իրավունք ունենան օգտվել խաղաղ ատոմի օգտագործումից՝ առանց լրացուցիչ պայմանների, և Ռուսաստանը պատրաստ է կիսվել փորձով այս ոլորտում։

Նա նաև նշել է ՄԱԳԱՏԷ-ի երաշխիքների համակարգի առանձնահատուկ նշանակությունը և չափազանց կարևոր համարել դրա օբյեկտիվ, ապաքաղաքականացված և տեխնիկապես հիմնավորված կիրառման ապահովումը։

Ռուսաստանն ակնկալում է, որ NPT համաժողովը կվերահաստատի բոլոր մասնակիցների պատրաստակամությունը՝ կատարելու իրենց պարտավորությունները և նպաստելու չտարածման ռեժիմի ամրապնդմանը, եզրափակել է ՌԴ ղեկավարը։

Միջուկային զենքի չտարածման պայմանագիրն ուժի մեջ է մտել 1970թ.։ Այն արձանագրել է, որ միայն հինգ երկիր՝ ԽՍՀՄ-ը, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Չինաստանը, ունեն միջուկային զենք, ինչպես նաև արգելել նոր միջուկային տերությունների ի հայտ գալը։ «Միջուկային հնգյակը» պարտավորվել է միջուկային զենք չփոխանցել այլ երկրների և չօգնել դրանց ստեղծմանը, իսկ պայմանագրի մյուս կողմերը՝ չընդունել կամ ստեղծել ատոմային ռումբ։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի