Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սեփական օրակարգով խորհրդարան վերադառնալու մասին հայտարարած ընդդիմությունը շարունակելու է բոյկոտը՝ ապացուցելով, որ օրակարգ չունի

Սեփական օրակարգով խորհրդարան վերադառնալու մասին հայտարարած ընդդիմությունը շարունակելու է բոյկոտը՝ ապացուցելով, որ օրակարգ չունի
Քաղաքականություն
17:00, 09 сентябрь 2022
Խորհրդարանական ընդդիմությունը չի հրաժարվում ԱԺ մանդատներից, բայց շարունակելու է չգնալ ԱԺ և բոյկոտել խորհրդարանի աշխատանքը։ ԱԺ ընդդիմադիր 2 խմբակցությունները՝ «Հայաստան» դաշինքն ու «Պատիվ ունեմը» այսօր հայտարարել են բոյկոտը շարունակելու մասին։ Եթե հիշում եք, ոչ վաղ անցյալում ընդդիմադիրները խոստանում էին խորհրդարան վերադառնալ սեփական օրակարգով։

Այդ օրակարգը ամառային հանգստից հետո, փաստորեն, այդպես էլ չձևավորվեց, և ընդդիմությունը երերում է իշխանափոխության ու Արցախը փրկելու սեփական խոստումների, հռչակած վերջնաժամկետների, վերջնագրերի ու իրականության արանքում։ Մի խոսքով՝ չի ուզում իշխանափոխության ճոռոմ խոստումներից հետո դատարկաձեռն հայտնվել ԱԺ-ում՝ «դարձ ի շրջանս յուր» կարգավիճակում, ու ծիծաղի առարկա դառնալ։ 

«Հայաստան» խմբակցությունն այսօր, բոյկոտի մասին հայտարարելով՝ այսպես է հիմնավորել, թե ինչու չի գնում ԱԺ․ «Անվտանգության լրջագույն սպառնալիքներն անտեսելով՝ գործող իշխանություններն Ազգային ժողովին պարտադրում են Հայաստանին և Արցախին պատուհասած անմիջական վտանգներին անհաղորդ օրակարգեր: Ավելին՝ ՔՊ-ի կողմից ԱԺ կանոնակարգի կոպտագույն խախտումները, նիստերի վարման միջազգային ստանդարտների անտեսումը, և մեծամասնության լիազորությունների ակնհայտ չարաշահումները ապալեգիտիմացնում են խորհրդարանի՝ որպես առաջնային մանդատ ունեցող ներկայացուցչական մարմնի գործունեությունը»:

Թվում էր, այսքանից հետո ընդդիմադիրները պետք է հայտարարեին ԱԺ մանդատները վայր դնելու մասին։ Սակայն՝ ոչ, նման մտադրություն ընդդիմադիր պատգամավորները չունեն։ Ընդամենը ԱԺ փոքրամասնություն կազմող խմբակցությունը դժգոհում է, որ չի կարողանում անձամբ մասնակցել Հայաստանի արտաքին քաղաքականության վարմանը կամ գոնե իր փողոցային ելույթները անարգել տեղափոխել խորհրդարանի ամբիոն՝ թուրք, դավաճան վանկարկումներով։  

Փոխարենը նրանք չեն հրաժարվի արտերկիր գործուղումներից և չեն բոյկոտի դրանք․ «Խմբակցությունն իր ներկայացուցիչների միջոցով շարունակելու է ակտիվ շփումներն ու աշխատանքները արտերկրի մեր գործընկերների ու Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների հետ, ինչպես նաև դրանց օգտակարությունը և արդյունավետությունը գնահատելով, մասնակցելու է միջազգային հանդիպումներին մեր երկրի շահերը պաշտպանելու, հայ ժողովրդի նկատմամբ կատարված հանցագործությունները բարձրաձայնելու և դատապարտելու համար։ Ըստ անհրաժեշտության կիրառվելու են նաև պետական ու հանրային օրակարգերը սպասարկող խորհրդարանական այլ գործիքներ»:

Նշենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը այսօր «Ազատությանը»-ը ասել է, որ իրենք շարունակելու են բոյկոտը և չեն մասնակցելու եկող շաբաթ մեկնարկող քառօրյային։ «Բոյկոտի հետ կապված մեր որոշումը փոփոխության չի ենթարկվել», - ասել է նա։

Մ․Խ․