Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Եթե քաղաքացին չի ուզում փոփոխություն, դու չես կարող բան փոխել»․ ընդդիմությունն իր ձախողման մեղքը պատրաստվում է բարդել հանրության վրա

«Եթե քաղաքացին չի ուզում փոփոխություն, դու չես կարող բան փոխել»․ ընդդիմությունն իր ձախողման մեղքը պատրաստվում է բարդել հանրության վրա
Քաղաքականություն
12:20, 20 апрель 2022
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցի ընթացքում նշեց, որ իրենք սպասում են, որ փողոցում  կրիտիկական զանգված հավաքվի և սկսեն իրենց բուն գործողությունները և տուն չեն գնա այնքան ժամանակ, մինչև հասնեն իշխանափոխության։  

«Ինչ-որ մի բան պետք է սկսել, մենք ինչ-որ մի բան սկսել ենք։ Խորհրդարանական ընդդիմությունը պայքարի տակտիկա է ընտրել պայքարի ապակենտրոն, ցանցային մեթոդը։ Առաջիկա օրերին դուք կտեսնեք պայքարի մի քանի տարբեր ձևեր։ Մենք սպասում ենք կրիտիկական զանգվածի ձևավորմանը։ Մարդկանց թիվը առաջին օրերին ավելի քիչ էր, և գնալով ավելանում են։ Մեզանից պահանջվում էր գործողություն, մենք սկսել ենք։ Մնացածը՝ քաղաքացիները պետք է միանան մեզ։ Կարծում եմ՝ կմիանան, և մենք կկարողանանք իրականացնել մեր վճռական քայլերը, բայց դրա համար մեզ անհրաժեշտ է մեր քաղաքացիների կոնսոլիդացիան։ Եթե քաղաքացին չի ուզում երկրում փոփոխություն, դու չես կարող փոխել։ Երբ քաղաքացին դրսևորի ցանկություն, առաջնորդող կա։ Հիմա մենք սպասում ենք այդ վիճակի հասունացմանը»,- ասաց Թագուհի Թովմասյանը։ 

Կտրուկ քայլերի ժամանակը, ըստ Թովմասյանի, դեռ գալու է։ Խորհրդարան գնալու մասին Թագուհի Թովմասյանն ասաց, որ բոյկոտը շարունակվելու է։ 

Չնայած Ազատության հրապարակում հիմնականում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներն են, այն էլ՝  նրանց մի մասը, պատգամավորը նշեց, որ խորհրդարանական «Հայաստան» խմբակցության հետ սինխրոն աշխատում են։ «Հայաստանում ձևավորված խորհրդարանական ընդդիմությունը երբևէ այսքան սինխրոն չի աշխատել, քան «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։ Մենք համագործակցված ենք աշխատում»,- ասաց Թովմասյանը։

Ընդդիմությունը, փաստորեն, սպասում է, որ հավաքվի ժողովրդի կրիտիկական զանգված։ Այսօր պայքարի չորրորդ օրն է, ժողովրդի քանակը, սակայն, կրիտիկականին նույնիսկ մոտ համարել հնարավոր չէ։ Ավելին՝ նույնիսկ ընդդիմադիր պատգամավորների կրիտիկական զանգված Արթուր Վանեցյանին հավաքել դեռ չի հաջողվում։

Վովա Հակոբյան