Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թե ինչպես ՀՅԴ-ն որոշեց մասնակցել Փաշինյանի «ազգադավ ընտրություններին» և «վերարտադրվելու ծրագրերին»

Թե ինչպես ՀՅԴ-ն որոշեց մասնակցել Փաշինյանի «ազգադավ ընտրություններին» և «վերարտադրվելու ծրագրերին»
Քաղաքականություն
20:29, 19 апрель 2021
Այսօր ՀՅԴ-ն հայտարարություն է տարածել՝ մասնակցելու է արտահերթ ընտրություններին։ «ՀՅԴ Հայաստանի Գերագույն ժողովը որոշել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվելու դեպքում մասնակցել՝ դրանք դիտարկելով որպես հայրենադավ իշխանություններին հեռացնելու միջոցներից մեկը»,- այս մասին գրված է ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի հայտարարության մեջ։
 
 Նշենք, որ ոչ վաղ անցյալում ՀՅԴ-ն տրամագծորեն հակառակ կարծիքի էր վարչապետի գլխավորությամբ արտահերթ ընտրություններին մասնակցելու հարցում։ Մասնավորապես՝ ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը արտահերթ ընտրությունների վարչապետի առաջարկից հետո, դեռ դեկտեմբերի 26-ին ֆեյսբուքյան էջում գրել էր, թե Փաշինյանը «փրկության ելքեր է փնտրում, կրկին թաքնվելով ժողովրդի թիկունքում, կրկին փորձելով խաբել և մոլորեցնել ժողովրդին»:

 «Քո բոլոր փորձերը՝ մեր ժողովրդին մասնակից դարձնել քո ազգադավ ծրագրերին չի ստացվելու»,- հայտարարել էր ՀՅԴ ներկայացուցիչը: 

 Իսկ «Հինգերորդ ալիքի» հետ զրույցում ասել էր. «Նիկոլ Փաշինյանը չէ այն անձը, ով կարող է երկրում կազմակերպել նորմալ ընտրություններ։ Պետք է ձևավորել ժամանակավոր կառավարություն, որը պետք է լուծի մեր երկրի առաջ կանգնած հրատապ խնդիրները, երկրում բերի կայունություն և հավասար նորմալ պայմաններում կազմակերպի ընտրություններ՝ դա Նիկոլ Փաշինյանը անել չի կարող»։   
 
 ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանն էլ «Ազատության» հետ զրույցում արտահերթ ընտրությունները դիտարկել էր որպես վարչապետի համար արհեստական փրկօղակ, ինչպես նաև նշել էր, որ Փաշինյանի առաջարկած ձևաչափով արտահերթ ընտրությունները արհեստական են. «Գալով արտահերթին` նախ արտահերթ ընտրությունները իշխանության ձեռքում հիմա դարձել են արհեստական փրկօղակ. մի անգամ Փաշինյանն ասաց արտահերթ ընտրություն, մարդ չգտավ, ում հետ զրուցի, բանակցի, քննարկի, մի քանի գրպանային անձ-կուսակցությունների հետ իմիտացիան ստեղծվեց, որ արտահերթի շուրջ քննարկում են, հետո ասացին` կարիքը չկա արտահերթի»,- հայտարարել էր Մանուկյանը՝ շարունակելով. «Հիմա նորից էլի արտահերթի փրկօղակն է մեջտեղ եկել, որն ինքնին այն ձևաչափով, որ առաջարկում է Փաշինյանը, լրիվ արհեստական է մի քանի պատճառով: Նախ՝ քաղաքական մթնոլորտը, նրա հրաժարականի պահանջը, իմաստն արտահերթ ընտրությունների, ընդդիմության կողմից նաև բազմաթիվ շեշտադրումները, որ Փաշինյանի վարչապետության օրոք անհնար է նորմալ ընտրություններ կատարել»:

Կրկին քաղաքական լուսանցքում հայտնվելու հեռանկարը ՀՅԴ-ին մղում է քայլել իր իսկ գնահատականների վրայով։ Ստացվում է՝ այսօր ՀՅԴ-ն մասնակցում է Փաշինյանի «ազգադավ ծրագրերին» և օգնում է նրան «վերաարտադրվել», ինչպես ինքն էր Փաշինյանի կազմակերպած ընտրությունների մասին պնդում մի քանի ամիս առաջ։ 
 
 Դե, իսկ Քոչարյանի հետ դաշինքը կարող է էապես բարելավել ՀՅԴ ֆինանասական վիճակը։