Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի նախագահի ստորագրած հայտնի փաստաթղթում 4 անգամ հիշատակվում է Լեռնային Ղարաբաղ անունը. Փաշինյանը՝ Ալիևի կողմից պայմանավորվածությունների խախտումների մասին

Ադրբեջանի կողմից եռակողմ և այլ ձևաչափերով  ընդունված հայտարարությունների և պայմանավորվածությունների խախտումները խրոնիկ բնույթ ունեն: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 10-ին, ՀՀ Կառավարության հերթական նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2020 թվականի դեկտեմբերին Ադրբեջանը ապօրինի կերպով օկուպացրել է Լեռնային Ղարաբաղի Խծաբերդ և Հին Թաղեր բնակավայրերն ու հարակից տարածքները՝ ի հեճուկս 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, համաձայն որի՝ ԼՂ հակամարտության գոտում իրականացվում է կրակի ամբողջական դադարեցում, դադարեցվում են բոլոր ռազմական գործողությունները, և կողմերը մնում են իրենց զբաղեցրած դիրքերում»:

ՀՀ վարչապետը հիշեցրեց, որ Ադրբեջանը նմանատիպ օկուպացիա իրականացրել է նաև 2022 թվականի մարտին՝ ներխուժելով ԼՂ-ում ռուսաստանյան խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտի և խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված շփման գիծը. «Եվ հիմա Ադրբեջանի նախագահը հպարտությամբ դա անվանում է օպերացիա Փառուխ»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանը գրեթե ամենօրյա ռեժիմով խախտում է հրադադարը՝ նաև 2020թ. նոյեմբերի եռակողմ հայտարարությամբ հաստատված շփման գծում՝ զուգահեռաբար հայտարարելով, թե Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի. «Այս պնդումը ինքնին 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է, նաև Ադրբեջանի նախագահի կողմից ստորագրված այդ հայտնի փաստաթղթում 4 անգամ հիշատակվում է Լեռնային Ղարաբաղ անունը»:

Վարչապետը նշեց, որ Ադրբեջանը մինչ այժմ քայլեր չի ձեռնարկել նաև միջազգային հանրության համար տեսանելի երկխոսություն սկսելու ԼՂ հայության ներկայացուցիչների հետ, ինչի վերաբերյալ պարտավորություն է ստանձնել միջազգային մի շարք հարթակներում. «Սակայն փորձ է արվում կառուցողական երևալ Ադրբեջանի կողմից և հայտարարվում է, թե Լեռնային Ղարաբաղի հայերը իրենց քաղաքացիներն են, և նրանց իրավունքներն ու անվտանգությունը երաշխավորված է: Թե այս պնդումը որքանով է համապատասխանում իրականությանը, կարելի է գործնականորեն ապացուցել՝ ստուգելով, թե Ադրբեջանը ինչ պայմաններ է ստեղծել և ինչ քայլեր է ձեռնարկել Հադրութի և ԼՂ այլ հայաբնակ տարածքների հազարավոր բնակիչների անվտանգ վերադարձի համար, որոնք տեղահանվել են 2020թ. 44-օրյա պատերազմի հետևանքով: Ադրբեջանի կողմից այս ուղղությամբ ոչ մի քայլ չի ձեռնարկվել, ինչը 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետի կոպիտ խախտում է»: