Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը փորձում է շրջանառությունից հանել և արխիվային նշանակություն տալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանը փորձում է շրջանառությունից հանել և արխիվային նշանակություն տալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը. Նիկոլ Փաշինյան
Հայաստան
12:59, 13 сентябрь 2022
«2020թ. 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը մի քանի անգամ հայտարարել է, որ եթե տեսնի, որ ՀՀ զինված ուժերը և բանակը որոշակի պոտենցիալ է հավաքում, որը, իր ձևակերպմամբ, կարող է վտանգ սպառնալ Ադրբեջանին, իրենք նախահարձակ գործողություններ են ձեռնարկելու»,- այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ԱԺ հերթական նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ Հայաստանը զինված ուժերի բարեփոխումներ է ձեռնարկում ոչ թե տարածքներ գրավելու, նվաճելու, այլ ՀՀ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը պաշտպանելու և պահպանելու համար:

Անդրադառնալով 2020թ. նոյեմբերի 3-ի հայտարարությանը՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ դրանում կա 3+1 կարևոր ինստիտուցիոնալ արձանագրում. «Առաջինը Լեռնային Ղարաբաղ սուբյեկտի արձանագրումն է՝ այն պայմաններում, երբ Ադրբեջանն ասում է, որ Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի: Բայց մենք ունենք գործող փաստաթուղթ, որի ներքո դրված է նաև Ադրբեջանի ստորագրությունը, որտեղ արձանագրվում է, որ կա Լեռնային Ղարաբաղ, որը պարփակված է որոշակի գծով, որը փաստաթղթում անվանված է շփման գիծ, կան տեղակայված ռուս խաղաղապահներ, որի իմաստը և տրամաբանությունը այդ շփման գծի, հետևաբար տարածքի, հետևաբար տարածքում ապրող մարդկանց անվտանգությունը ապահովելն է, և կա Լաչինի միջանցք, որն ապահովում է մարդկանց ու բեռների հաղորդակցությունը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև: Այդ հայտարարության մեջ չկա որևէ սահմանափակում, թե ովքեր կարող են գնալ կամ չգնալ Լեռնային Ղարաբաղ»: 

Վարչապետի խոսքով՝ վերջին շրջանում Ադրբեջանը փորձում է շրջանառությունից հանել և արխիվային նշանակություն տալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը: