Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացներում Ադրբեջանը խնդիրներ է բարձրաձայնում, իր ձևակերպմամբ, ապօրինի ձևով ՀՀ-ին հանձնված որոշ տարածքների վերաբերյալ. Նիկոլ Փաշինյան

«Երբ խոսակցություն է գնում դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին, ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը պատրաստվում է այդ գործընթացների համատեքստում որոշակի խնդիրներ բարձրաձայնել, իր ձևակերպմամբ և բնորոշմամբ, իբր ապօրինի ձևով Հայաստանի Հանրապետությանը հանձնված որոշ տարածքների վերաբերյալ, և այդ տարածքների անվանումները նրանք իրենց հրապարակային ելույթներում արձանագրում են»,- այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ԱԺ հերթական նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ նրանք երբեմն սկսում են Նռնաձորից, շարունակում են Զանգեզուրով կամ Սյունիքի մարզով և ավարտում են ՀՀ մայրաքաղաք Երևանով:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ բոլոր փաստերը վկայում են, որ սա հետևողական քաղաքականություն է Ադրբեջանի կողմից:

Վարչապետի խոսքով՝ հաջորդը կոմունիկացիաների բացման թեման է. «Ադրբեջանը, այլակերպելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը, խոսում է ՀՀ տարածքով միջանցք ունենալու մասին: Հարցի կոնտեքստը պարզ է: Մեր դիրքորոշումը եղել է և մնում է նույնը. մենք չենք պատրաստվում ՀՀ տարածքով որևէ մեկին միջանցք տրամադրել, բայց մենք ընդունում ենք և նույնիսկ շահագրգռված ենք ՀՀ տարածքով նաև ճանապարհների բացմանը և ապաշրջափակմանը, այն տրամաբանությամբ, որ այդ ճանապարհից կարող են օգտվել տարածաշրջանի բոլոր երկրները, այդ թվում նաև Ադրբեջանը»: