Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը ակնհայտորեն ՀՀ-ի նկատմամբ տարածքային նկրտումներ է ցուցաբերում. սա պետք է դառնա միջազգային հանրության քննության առարկա. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանը ակնհայտորեն ՀՀ-ի նկատմամբ տարածքային նկրտումներ է ցուցաբերում. սա պետք է դառնա միջազգային հանրության քննության առարկա. Նիկոլ Փաշինյան
Քաղաքականություն
20:49, 23 ноябрь 2021
Այսօր՝ նոյեմբերի 23-ին, լրատվամիջոցների հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում Հանրային հետուստաընկերության լրագրողն անդրադարձել է դեկտեմբերի 15-ին Բրյուսելում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի նախանշված հանդիպմանը և մասնավորապես հարցրել. «Նոյեմբերի 16-ի ռազմական գործողություններից հետո պաշտոնական Բաքուն շարունակում է ագրեսիվ հռետորաբանությունը միջանցքային տրամաբանության շրջանակում: Տարբեր աղբյուրներից լուրեր են ստացվում հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի զինտեխնիկայի կուտակման մասին: Այդ հանդիպումն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ սահմանային իրավիճակի վրա, և արդյոք կա՞ նոր պատերազմի վտանգ»:

Պատասխանելով հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Ես կարծում եմ, որ ի վերջո Ադրբեջանի գործելակերպը մեր դիվանագիտական և արտաքին քաղաքականության քննարկման կարևոր առարկաներից մեկը պետք է լինի, որովհետև Ադրբեջանը որդեգրել է շարունակական ագրեսիայի քաղաքականություն Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Այս թեման այլևս պետք է լինի միջազգային հանրության քննարկման կիզակետում»:
Վարչապետի խոսքով՝ Ադրբեջանը, լինելով հետպատերազմյան էյֆորիայի մեջ, փորձ է անում կիրառել, այսպես ասած, պատերազմում հաղթողի իրավունքը. «Մի բան, որը ժամանակակից աշխարհում գոյություն չունի»:

«Մենք շատ համբերատար փորձում ենք ամեն կառուցողական ջանք գործադրել, որպեսզի տարածաշրջանում իրադրությունը հանդարտվի, բայց կարծում եմ, որ մենք բոլորս պիտի արձանագրենք, որ միջազգային հանրության անդամը, այնուամենայնիվ, պետք է որոշակի չափեր ունենա, և միջազգային հանրությունը պետք է այդ չափերին հստակ հետևի, հակառակ դեպքում միջազգային հարաբերությունների քայքայման գործընթաց է տեղի ունենում: Ադրբեջանը ակնհայտորեն ՀՀ-ի նկատմամբ տարածքային նկրտումներ է ցուցաբերում. ի՞նչ է նշանակում, օրինակ, Զանգեզուրի միջանցք, ի՞նչ է նշանակում Արևելյան Զանգեզուր»:

Վարչապետը վերահաստատեց իր նախկինում հնչեցրած միտքը. «Միջանցքային տրամաբանությամբ հարց չենք քննարկել, չենք քննարկում և չենք քննարկելու, ինչը չի նշանակում, որ մենք որևէ կերպ հրաժարվում ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման օրակարգից, և գուցե Հայաստանն է ավելի շահագրգիռ, որ տարածաշրջանային կոմունիկացիաները բացվեն: Եվ, իմ կարծիքով, Ադրբեջանը միջանցքային տրամաբանությունը զարգացնում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման օրակարգից հանելու համար: Բայց մենք ամեն ինչ անելու ենք, որ դա չհաջողվի Ադրբեջանին»:

Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ Ադրբեջանը հայտարարում է, որ որտեղ ուզենա՝ կկանգնի. «Սա նշանակում է, որ միջազգային իրավունքի նոր է՞ջ է բացվում: ՄԱԿ-ի կանոնադրությունը, մյուս փաստաթղթերը գոյություն չունե՞ն, և ով երբ որտեղ ուզենա՝ կկրակի, կկանգնի, կսպանի՞: Սա պետք է դառնա միջազգային լրջագույն քննարկման առարկա»:

Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ ինքը պատրաստվում է նաև այս հարցը բարձրացնել Ժողովրդավարության գագաթնաժողովին. «Ադրբեջանի արածը հարձակում է Հայաստանի ոչ միայն անկախության, ինքնիշխանության վրա, այլ նաև ժողովրդավարության վրա: Այս հարցը մենք պատրաստվում ենք քննել միջազգային բոլոր հարթակներում, և մենք մեզ չենք սահմանափակելու»: