Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանն ասում է՝ եթե միջանցք չտաք, պատերազմով այդ միջանցքը կստանանք, մենք այս փաստը պետք է դնենք միջազգային հանրության աչքի առաջ. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանն ասում է՝ եթե միջանցք չտաք, պատերազմով այդ միջանցքը կստանանք, մենք այս փաստը պետք է դնենք միջազգային հանրության աչքի առաջ. Նիկոլ Փաշինյան
Քաղաքականություն
21:58, 23 ноябрь 2021
Եռակողմ աշխատանքային խումբն արձանագրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերագործարկվող ճանապարհները գործելու են երկրների սուվերենության և տարածքային ամբողջականության շրջանակներում, այսինքն՝ ճանապարհը պետք է լինի տվյալ երկրի սուվերենության ներքո: Ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նա պնդեց, թե աշխատանքային մակարդակում Ադրբեջանի կողմից երբեք «միջանցք» արտահայտություն չի եղել.

«Այստեղ է Ադրբեջանի շանտաժի քաղաքականությունը, անունը դրել են Զանգեզուրի միջանցք և ասում են՝ եթե միջանցք չտաք, մենք պատերազմով այդ միջանցքը կստանանք: Մենք այս փաստը պետք է դնենք միջազգային հանրության աչքի առաջ, պետք է ի ցույց դնենք սա որպես Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, որը պետք է համարժեք միջազգային գնահատականի արժանանա»,-ասաց Փաշինյանը և հավելեց, որ Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցով, քանի որ ՀՀ-ն 30 տարի գտնվում է շրջափակման մեջ, իսկ սա, ըստ Փաշինյանի, մեզ համար ապաշրջափակման հնարավորություն է.

«Եթե Հայաստանն ասում է, որ պատրաստ է ապահովել Նախիջևանի և Արևմտյան Ադրբեջանի միջև ճանապարհ, ապա Հայաստանն է որոշում՝ ինչ ճանապարհով է ապահովում այդ հաղորդակցությունը, հակառակ դեպքում՝ ի՞նչ սուվերենություն, Ադրբեջանն ուզում է որոշել՝ ինչպես մտնի մեր տարածք և ինչպես դուրս գա, չի լինելու այդպիսի բան»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը կրկին նշեց, որ Ադրբեջանը ՀՀ տարածքով պետք է ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհ ստանա դեպի Նախիջևան.
«Տվյալ դեպքում Նախիջևանի մասին չէ իրականում խոսքը, այլ ՝ Թուրքիա Ադրբեջան կապի մասին։  Խոսքը մեծ միջազգային ճանապարհի մասին է, կարծում եմ, որ այստեղ էլ Հայաստանը շահագրգռվածություն ունի,Հայաստանը պետք է շահագրգիռ լինի, որ միջազգային մեծ ճանապարհն անցնի իր տարածքով»,-ասաց նա: