Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեր դիրքորոշումը շարունակում է մնալ այն, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն պետք է լքի ՀՀ տարածքը՝ առանց նախապայմանների․Նիկոլ Փաշինյան

Մեր դիրքորոշումը շարունակում է մնալ այն, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն պետք է լքի ՀՀ տարածքը՝ առանց նախապայմանների․Նիկոլ Փաշինյան
Քաղաքականություն
20:12, 20 май 2021
«Ես արդեն հասցրել եմ վերջին հինգ օրերին տեղի ունեցող գործընթացը վերնագրել՝ «Ասք այն մասին», թե ինչպես իրեն ընդդիմություն հորջորջող որոշակի շրջանակներ ամեն ինչ անում են, որպեսզի ադրբեջանական զորքը հանկարծ չլքի ՀՀ տարածքը»,- այդ մասին այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ վարչապետի  պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

 Նա նշեց, որ բոլորս գիտենք այն ինչ տեղի է  ունեցել մայիսի 12-ին, և ինքը նախորդ նիստին այդ գործողություններին անդրադարձել է, և  հիմա ուզում է ասել, թե այդ գործողություններն ինչ արդյունք են տվել։

 «Նախ ես հիշեցնեմ՝ իմ գնահատականը շարունակում է մնալ այն, որ Ադրբեջանի գործողությունների նպատակը՝ սահմանային ռազմական բախում հրահրելն է ՀՀ ինքնիշխան տարածքի, Սյունիքի մարզի ամենանեղ հատվածում, որը մոտավորապես 26 կիլոմետր է, և շղթայական ռեակցիայով ժամերի ընթացքում այդ ռազմական գործողությունները տեղափոխել ՀՀ տարածքի խորք՝ չնայած այս պարագայում խորք ասվածը հարաբերական է։ Եվ իհարկե, հետագայում կարող էին լինել այլ իրադարձություններ, բայց կարող էր տեղի ունենալ փաստ, որը շտկելն իր մեջ բարդություններ կներառրեր։ Իրադրությունը գնահատելով՝ մենք որոշել ենք գնալ իրադրությունը հսկողությունից բաց չթողնելու և դիվանագիտական  եղանակներով հարցը կարգավորելու ճանապարհով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
 
 Վերջինս նշեց, որ իրենց դիրքորոշումը շարունակում է մնալ այն, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է լքի ՀՀ տարածքը՝ առանց նախապայմանների, և այս իրավիճակի քննարկման արդյունքում, կա փաստ, որ իրենք չունեն դեմարկացված և դելիմիտացված սահման Ադրբեջանի հետ, համենայնդեպս, անկախության հռչակումից հետո։