Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ քաշվեն ելման դիրքեր, որտեղից սկսել են առաջխաղացումը․ինչպես են ադրբեջանցիները հասել Սեւ լիճ. դա առանձին կդիտարկվի. Փաշինյան․ Տեսանյութ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այսօր մինչ նիստի օրակարգի հարցերին անդրադառնալը տեղեկատվություն փոխանցեց Սյունիքի մարզի Սև լճի հատվածում ստեղծված իրավիճակի մասին։ 

«Ինչպես տեղյակ եք, երեկ առավոտյան, Ադրբեջանի զինված ուժերը սադրիչ գործողություններ են իրականցրել և հատել ՀՀ պետական սահմանը՝ Սև լճի հատվածում։ Երեկվանից, ըստ էության, իրադրության էական փոփոխություն չկա և իրադրությունը շարունակում է մնալ նույնը։ Դա նշանակում է, որ Սև լճի մերձակայքում կան ադրբեջանցի զինվորներ և այնտեղ կա նաև մեր զինվորների ներկայություն մեծ թվով, բայց իրադրությունը ռազմական էսկալացիայի չի հասել, այսինքն՝ փոխհրաձգություն և բախում չկա, որովհետև  երեկվանից տարվում է աշխատանք ադրբեջանցի զինվորներին այդ տարածքից դուրս բերելու ուղղությամբ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ նախ արձանագրենք, որ տեղի ունեցածը նախապես ծրագրված սադրանք է եղել, ադրբեջանցիներն իրենց հետ ունեն ակնհայտ կեղվծած քարտեզներ, որով ուզում են հիմնավորել, թե իրենք գտնվում են Ադրբեջանի սահմաններից ներս։

«Բայց այդ քարտեզները կեղծված են, ակնհայտ է, և դա երևում է դեռևս խորհրդային ժամանակներում պաշտոնապես հաստատված քարտեզների հետ համեմատությամբ, իսկ կեղծված քարտեզների առկայությունը ցույց է տալիս, որ այստեղ գործ ունենք կազմակերպված սադրանքի հետ։ Իհարկե կարևորագույն հարց է, թե ինչպես է հնարավոր եղել դա, երբ ադրբեջանցի զինվորները հատեն և մեր դիրքերի միջդիրքային տարածքներով անցնեն և հասնեն Սև լիճ, դա առանձին քննարկման խնդիր է, որն իհարկե անպայման կդիտարկվի»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։ 

Խոսելով նաև այն մասին, որ երեկվանից քննարկվում է, որ ՊՆ-ն և ԱԱԾ-ն հերքում էին տեղեկատվությունը, բայց  վերջում հաստատվեց տեղեկատվությունը, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ուզում է բոլորի ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ ՊՆ-ն և ԱԱԾ հերքել են մարտական գործողությունների վիրավորների, զոհերի առկայության մասին պտտվող ապատեղեկատվությունը, իսկ մինչ իրադրության վերաբերյալ ամբողջական գնահատական տալը, տեղի է ունեցել իրադրության գնահատում և տրվել է ամբողջական տեղեկատվություն։

«Մենք այս իրավիճակին պետք է շատ լուրջ վերաբերվենք, որովհետև մենք գործ ունենք ճգնաժամի հետ, որը կարող է հետագա զարգացման մի քանի սցենարներ ունենալ, մեր խնդիրն է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքը պետք է մնա անձեռնմխելի և մեր խնդիրն է, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ քաշվեն ելման դիրքեր, այսինքն՝ այն դիրքեր, որտեղից նրանք սկսել են առաջխաղացումը,որտեղ նրանք գտնվել են մայիսի 10-ի դրությամբ»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։

Նա տեղեկացրեց, որ հիմա տեղում ընթանում է աշխատանք, իսկ կառավարության նիստից հետո կլինի անվտանգության խորհրդի նիստ, ավելի մանրամասն կքննարկեն իրադրությունը, երեկվանից տեղի ունեցած զարգացումները և կկայացվեն անհրաժեշտ որոշումներ՝ իրադրության հետագա կառավարումն ապահովելու վերաբերյալ։

«Մենք առնվազն ունենք մի իրավիճակ, որին պետք է շատ լուրջ վերաբերվել, այստեղ պետք է գործել շրջահայաց, վճռական, սկզբունքային և պետական մարմինները պետք է իրենց գործողությունները համադրեն փոխգործակցության բարձր մակարդակ ապահովենք, իրադրության հանգուցալուծման համար։ Մեր բոլորի ցանկությունն է՝ ինչպես եկել են, այնպես էլ վերադառնան ելման դիրքեր և այս խնդիրը մենք պետք է լուծենք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։