Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀԱՊԿ-ը հենց դրա համար է, որ ճգնաժամային իրավիճակները հաղթահարվեն առանց կրակելու․ Նիկոլ Փաշինյան

ՀԱՊԿ-ը հենց դրա համար է, որ ճգնաժամային իրավիճակները հաղթահարվեն առանց կրակելու․ Նիկոլ Փաշինյան
Հայաստան
12:44, 20 май 2021
Կառավարության այսօրվա նիստի ընթացքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով սահմաններում տիրող իրավիճակին, ասաց, որ իրավիճակում փոփոխություններ չկան, իրադրությունը մնում է լարված և մոտ 500-600 ադրբեջանցի զինվորական գտնվում է մեր տարածքներում՝ տարբեր տեղանքներում։ «Մեր տրամաբանությունը հետևյալն է՝ մարտավարական գործողություններով սահմանափակել ադրբեջանցիների գործողությունների պոտենցիալը։ Քաղաքական առումով մեր խնդիրը հետևյալն է՝ թույլ չտալ, որ իրավիճակը դուրս գա վերահսկողությունից, այսինքն ամեն ինչ անել, որպեսզի թույլ չտալ ռազմական բախման հասնի իրավիճակը և երկրորդ՝ ադրբեջանական զորքերը դուրս գան մեր տարածքներից։ Այս ուղղությամբ դիվանագիտական ահռելի աշխատանք է արվել և արվում։ Այս պահի դրությամբ կատարված դիվանագիտական աշխատանքը գնահատում եմ արդյունավետ։ Մեր տարածքներից դուրս չգալու համար Ադրբեջանը իրականացնում է տարբեր գործողություններ և ՀՀ-ում ունի դաշնակիցներ։ Ադրբեջանը Հայաստանում ունի տեղեկատվական պայքարի գործակալներ»։

Փաշինյանը պարզաբանեց, թե ինչպես է ստացվել, որ ադրբեջանական ուժերին հաջողվել է հատել հայկական սահմանը և մատնանշեց, որ պատերազմից հետո մեր արտաքին սահմանները երկարել են մի քանի հարյուր կիլոմետրով։ «Այն հատվածներում, որի հետ գործ ունենք, դրանք բարդ ռելիեֆով լեռնային հատվածներ են, որտեղ տարված մեծ մասը լինում է ձյան տակ և որևէ ինժեներական աշխատանքներ անել հնարավոր չէ։ Այդ հատվածներում, սահմանը այնպիսի վիճակում է մեր կողմում, այդպիսի վիճակում է նաև ադրբեջանական կողմում։  Շատ է խոսվում այն մասին, որ ՀՀ զինված ուժերը առանց զինված դիմադրության, առանց ուժի դիմելու դիմել է ՀԱՊԿ-ին։ Բոլոր այն մարդիկ, ովքեր գոնե մի քանի պարբերություն կարդացել են ՀԱՊԿ-ի պայմանագրերից, կիմանան, որ ՀԱՊԿ-ն հենց դրա համար է, որ ճգնաժամային իրավիճակները հաղթահարվեն առանց կրակելու», - նշեց Նիկոլ Փաշինյանը։

Նա մանրամասնեց, որ, եթե ՀԱՊԿ շրջանակներում սկսվում են կրակոցներ, դա կարող է վերածվել տարածաշրջանային մեծ պատերազմի, իսկ, որոշ սցենարների դեպքում նույնիսկ, ավելի լայնամասշտաբ պատերազմի։ Փաշինյանը կարևոր համարեց հասկանալը, թե, ի վերջո, ո՞րն էր Ադրբեջանական կողմի գործողությունների նպատակը։

«Տարբերակներից մեկը, որի մասին խոսել ենք, պատերազմի հրահրումն էր։ Այս գործողությունը, առնվազն Սյունիքի հատվածով, իրականցվում է Սյունիքի մարզի և ՀՀ տարածքի ամենանեղ հատվածում, որը, մոտավորապես, 26 կիլոմետր լայնություն ունի։ Եթե իրադրությունը դուրս գար վերահսկողությունից, այնտեղ կարող էին անկառավարելի իրադարձություններ զարգանալ, որը հետո շատ մեծ խնդիրների առաջ կարող էր մեզ կանգնեցնել։ Այնպես որ, մեր մոտեցումը՝ հարցը լուծել մեր անվտանգային միջազգային մեխանիզմներով, համարում եմ ճիշտ, և այս պահի դրությամբ, համենայն դեպս, դա արդացանում է իրեն։ Սակայն քանի դեռ փաստը տեղի չի ունեցել, մենք չենք կարող ասել, որ հասել ենք այդ ճանապարհով մեր նպատակին», - նշեց վարչապետը։

Նա նաև չբացառեց այն, որ այս գործողության նպատակը Հայաստանի ներքաղաքական պրոցեսների, ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն ունենալն է․ «Գուցե նաև նպատակը Հայաստանում գործող այդ պրոպագանդիստական գործակալական ցանցին քաղաքական աջակցություն ցուցաբերելն է։ Մենք պետք է այս իրավիճակում գործենք բոլոր պրոպագանդաներից անդին, քանի որ պահը չափազանց պատասխանատու է։ Մենք շարունակում ենք արձանագրել, որ մեզ համար կարևոր է տարածաշրջանի կայունացումը»։

Անդրադառնալով երեկ տարածված տեսանյութին, Փաշինյանը, նշեց, որ սկզբնաղբյուրը Ադրբեջանական է, և Հայաստանում դա մարդիկ վերցնում, հրապարկում են իրենց էջերում՝ թաքցնելով, որ սկզբնաղբյուրը Ադրբեջանական է։ 2 ժամ գործողություն է տեղի ունեցել և 2-ից 3 րոպեանոց մի կտոր հրապարակելը, այլ կերպ, քան թիկունքում իրականացվող քայքայիչ գործողություն, ես չեմ կարող որակել։

«Ընդհանրապես, եթե մեր հայրենակիցները, կամ ոմանք պատկերանցնում են հակամարտությունները՝ որպես «կռիվ կինոյի» սցենարով իրականցվող հերոսապատումներ, դա այդպես չի լինում, երբեք, նույնիսկ ամենահաղթական պատերազմներում», - ասաց Փաշինյանը։