Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե ՌԴ-ն չարձագանքի, Հայաստանը պետք է դիմի ԵԱՀԿ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին

Եթե ՌԴ-ն չարձագանքի, Հայաստանը պետք է դիմի ԵԱՀԿ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին
Հայաստան
19:15, 13 май 2021
Սյունիքում ստեղծված իրավիճակի հետ կապված ՀԱՊԿ-ն այսօր հայտարարեց,որ անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն գործողություններ,որոնք նախատեսված են ՀԱՊԿ-ի պայմանագրով և կանոնադրությամբ։ Կոնկրետ քայլերի մասին դեռ խոսք չկա, իսկ ադրբեջանցի 250 զինվորականները ՀՀ տարածքում են։ 

Մինչ այժմ որևէ արձագանք չկա Ռուսաստանից, այն պարագայում, երբ 1997թ. օգոստոսի 29-ի ՌԴ և ՀՀ միջև ստորագրված «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածի համաձայն՝ ՌԴ-ի և ՀՀ-ի միջև սահմանվում է հետևյալը. «Կողմերը միմյանց հետ սերտորեն կհամագործակցեն Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանության և անվտանգության ապահովման գործում: Նրանք անհապաղ կխորհրդակցեն ամեն անգամ, երբ նրանցից մեկի կարծիքով առաջացել է նրա վրա զինված հարձակման սպառնալիք` համատեղ պաշտպանության ապահովման և խաղաղության ու փոխադարձ անվտանգության պահպանման նպատակով: Այդ խորհրդակցությունների ընթացքում կորոշվեն այն օգնության անհրաժեշտությունը, ձևերն ու չափերը, որը ստեղծված իրավիճակը հաղթահարելու նպատակով կցուցաբերի մի Բարձր պայմանավորվող կողմը մյուս Բարձր պայմանավորվող կողմին»:

«Տեղի է ունեցել ադրբեջանական զորքերի ներխուժում Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք։ Դա նշանակում է, որ տեղի է ունեցել ներխուժում ՀԱՊԿ պատասխանատվության տարածք և դրան պետք է հետևեն համապատասխան հայտարարություններ ու  ռազմադիվանագիտական գործողություններ»,-Civiс.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ անդրադառնալով Սյունիքի դեպքերին։

Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան հրավիրված անվտանգության խորհրդի նիստի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ադրբեջանցի զինվորները հատել են  Հայաստանի պետական սահմանը Սև լճի հատվածում և խորացել են 3.5 կմ։ Փաշինյանը ընդգծել էր, որ այս գործողություններն անհանդուրժելի են Հայաստանի Հանրապետության համար, քանի որ դա ոտնձգություն է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ։ 

Այսօր առավոտյան էլ ՀՀ կառավարության նիստի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ երեկվանից, ըստ էության, իրադրության էական փոփոխություն չկա: Իրադրությունը շարունակում է մնալ նույնը, ինչը նշանակում է, որ Սև լճի մերձակայքում կան ադրբեջանցի զինվորներ: «Այնտեղ նաև մեր զինվորների մեծ թվով ներկայություն կա, բայց ուզում եմ ասել, որ իրադրությունը ռազմական էսկալացիայի չի հասել, փոխհրաձգություն և բախում չկա: Երեկվանից տարվում է աշխատանք՝ ադրբեջանցի զինվորներին այդ տարածքից դուրս բերելու ուղղությամբ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Մեհրաբյանի խոսքով՝ այն փաստը, որ Ռուսաստանը դեռ որևէ կերպ չի արձագանքել խնդրին, նշանակում է, որ նրանք իրենց շահն են առաջ տանում, փորձում են օգտվել այդ խնդրից։ Հետևաբար  Հայաստանը պետք է  իրեն ազատ համարի որոշակի պարտավորություններից և ճիշտ հասցեներով դիմի հարցի լուծման համար. «Հայաստանը պետք է դիմի ԵԱՀԿ-ին, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին։ Նիկոլ Փաշինյանը ինքն էր ասում, որ Ռուսաստանը մեր բարեկամն է, բայց Ադրբեջանն ու Թուրքիան Ռուսաստանի թշնամին չեն։ Հիմա Ռուսաստանը մի թթու խոսք էլ չի ասում Ադրբեջանին։ Հետևապես մենք հույսեր չպետք է տածենք մեր այսպես կոչված դարավոր բարեկամի օժանդակության հետ  կապված և պետք է գործենք ըստ իրավիճակի տրամաբանության։ Հայաստանը անկախ պետություն է և Ադրբեջանի կողմից ՀՀ տարածք ներխուժելը միջազգային իրավունքի կոպիտ խախտում ։ Հայաստանը ունի իր իրավունքներ ու պարտականություններ։ ՀՀ-ն ունի բոլոր իրավունքները դիմելու համապատասխան մարմիններին և ակնկալելու օգնություն»,-ընդգծեց քաղաքագետը։

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանի խոսքով  Հայաստանը ստեղծված իրավիճակում անմիջապես պետք է դիմի ՀԱՊԿ-ին և նաև առանձին Ռուսաստանին, քանի որ Հայաստանը ոչ միայն ՀԱՊԿ անդամ է և մեր տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունը նշանակում է ոտնձգություն ՀԱՊԿ անդամ երկրների նկատմամբ, այլև բացի դա մենք ունենք անվտանգային և փոխադարձ աջակցության պայմանագրեր Ռուսաստանի հետ։ 

Հետևաբար պետք է  հրապարակային դիմել նաև Ռուսաստանի Դաշնությանը. «Եթե արձագանքը եղավ պասիվ, ապա Հայաստանը անմիջապես պետք է դիմի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին։ Դրա համար համապատասխան ինստիտուտներ ունենք՝ արտգործնախարարությունը, դիվանագիտական խողովակները։ Այո, պետք է դիմել ՄԱԿ-ի մակարդակով և բարեկամ երկրներին։ Միշտ պետք է հիշենք, որ Ֆրանսիան, ԱՄՆ-ն ու Կանադան մեզ բարեկամ երկրներ են և պետք է դիմենք նաև նրանց»,-ասաց Գրիգորյանը։

Անդրադառնալով ՌԴ-ի ներկա պասիվ վիճակին, Սյունիքի դեպքերին դեռևս չարձագանքելու հանգամանքին, քաղաքագետը նշեց, որ ՌԴ-ն փայլուն հարաբերությունների մեջ է Ադրբեջանի հետ և հիացած չեն լինի ինքնուրույն Հայաստանին աջակցելու հարցում. «Իրենք Ադրբեջանի հետ աշխատում են, ծրագրեր ունեն և դա է պատճառը, որ իրենք ինքնուրույն, առանց Հայաստանի խնդրանքի չեն աջակցի Հայաստանին։ Պարզապես հիմա նյուանսների մեջ պետք չէ խորանալ»,-ասաց Գրիգորյանը։

Քաղաքագետը հարկ համարեց  ընդգծել, որ Սյունիքի դեպքերը սադրանք են և ոչ մի դեպքում Հայաստանի կողմից որևէ ուժային գործողություն չպետք է լինի.«Դա սադրանք է Ադրբեջանի կողմից, իրենք ուզում են վերջնականորեն լուծել Ղարաբաղի հարցը, և եթե մենք սխալվենք ինչ որ ուժային քայլեր անենք, ապա իրենք կսկսեն պատերազմական գործողություններ Արցախի ճակատում։ Իրենց մոտ չի ստացվում վերջնականորեն լուծել ղարաբաղյան հարցը, միջազգային հանրությունը դա թույլ չի տալիս, անգամ Ռուսաստանը հասկացավ, որ որոշ սխալներ է թույլ տվել։ Հենց դա է պատճառը, որ հիմա Ադրբեջանը ցանկանում է  փոխել,սրել իրավիճակը հարցը վերջնականապես լուծելու համար։ Կրկնում եմ՝ ոչ մի ուժային քայլեր չի կարելի և չպետք է հիմա արվեն Հայաստանի կողմից»,-եզրափակեց Գրիգորյանը։ 

Արփի Հարությունյան