Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մինչ օրս ՀԱՊԿ-ից չենք ստացել այն արձագանքը, որը, օրինակ, տրվել է Արևմուտքի կողմից․ հյուրընկալելով ՀԱՊԿ-ին Հայաստանում՝ չենք խորշի կրկին դա արձանագրել․ ՔՊ պատգամավոր

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի արդյունքում ընդունվել է «Ֆրանկոֆոն տիրույթում ճգնաժամային իրավիճակների, դրանց հաղթահարման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ»  բանաձևը, որով անդամ երկրներն իրենց աջակցությունն ու համերաշխությունն են հայտնում Հայաստանին և խորին մտահոգություն հայտնում վերջերս տեղի ունեցած ռազմական էսկալացիայի, հատկապես դրա հետևանքով միջազգային իրավունքի, տարածքային ամբողջականության և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների առնչությամբ։

Այս առնչությամբ Civic.am-ը զրուցել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հետ։
Նրա խոսքով՝ միջազգային տարբեր կառույցներ նմանատիպ արձագանքով են հանդես եկել, օրինակ՝ ԵԱՀԿ ԵԽ խորհրդարանական վեհաժողովի գրավոր հայտարարության տեքստի տակ մի քանի տասնյակ պատգամավորներ էին ստորագրել, համազեկուցողները հանդես եկան հայտնի տեքստով, ինչն ի ցույց է դնում այն, որ կոնսենսուս կա ՀՀ սուվերեն տարածքի վրա հարձակման անթույլատրելիության, դրա հետևանքների, դրա հումանիտար և քաղաքական հետևանքների շուրջ, և, որ ամենակարևորն է, պահանջ է ձևավորվում, որպեսզի ադրբեջանական զորքերը դուրս քաշվեն ՀՀ սուվերեն տարածքից։ 

«Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը շատ կարևոր էր հատկապես միջավայրի ստեղծման կոնտեքստում։ Մենք՝ պատգամավորներս, նարատիվներով ենք հանդես գալիս, դրանք ձևավորում ենք, դրանք տանում ենք տարբեր միջազգային կառույցներ՝ մեր հանդիպումներին, խոսում ենք և հաճախ հղում ենք անում մի շարք այլ երկրների քաղաքական գործիչների արված հայտարարություններին, և դա ավելի ուժեղ է դարձնում  մեր խոսույթը, մեր փաստարկները»,- ասաց Սոնա Ղազարյանը։

Հարցին, թե արդյոք Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձև՞ը հիմք հանդիսացավ, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում նման բանաձև ընդունվեց, պատգամավորն ասաց, որ սրանք իրարից տարբեր գործընթացներ են, քանի որ գիտի, որ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար Արման Եղոյանը հենց սեպտեմբերի 13-ին նամակներ է հղել իր գործընկերներին, և երբ Բարսելոնայում եվրոպական հավաքն էր, այդտեղ քննարկվել է  նամակի բովանդակությունը։ Սա, իհարկե, առանձին գործընթաց է, բայց չի բացառում, որ այս գործընթացները կարող են շղթայական փոխազդեցություն ունենալ։
 
Նոյեմբերի 23-ին Հայաստանում կանցկացվի ՀԱՊԿ երկրների նիստ, որին մասնակցելու է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հարցին, թե ի՞նչ կարելի է ակնկալել այս նիստից, և արդյոք այս նիստում կոնկրետ պահանջներ կդրվե՞ն Հայաստանի կողմից, որպեսզի ՀԱՊԿ-ը կատարի Հայաստանի  անվտանգության հետ կապված իր պարտավորությունները, պատգամավորն ասաց. «Այս մասով, կարծում եմ, ՀՀ-ն շատ հստակ է ձևակերպել իր ակնկալիքները ՀԱՊԿ-ից և դա չի արել մեկ անգամ։ Հայաստանի Հանրապետությունը դիմել է ՀԱՊԿ-ին և ձևակերպել է իր ակնկալիքը շատ հստակ։ Մինչ օրս մենք չենք ստացել այն արձագանքը, որն օրինակ՝ տրվել է Արևմուտքի կողմից, և ես կարծում եմ, որ այս անգամ, հյուրընկալելով Հայաստանում, մենք կրկին չենք խորշի և կարձանագրենք, որ չենք ստացել այն արձագանքը, որը պետք է լիներ»,- ասաց Սոնա Ղազարյանը։   
 
Խոսելով նաև այն մասին, որ համացանցում արդեն քաղաքացիական նախաձեռնությամբ խումբ է ստեղծվել «Ոչ ՀԱՊԿ-ին» անվանումով, և խմբի անդամները նոյեմբերի 23-ին պատրաստվում են խաղաղ բողոքի ակցիա անցկացնել Ազատության հրապարակում, Սոնա Ղազարյանն ասաց, որ ՀՀ-ում, ժողովրդավար միջավայրում բոլոր քաղաքացիներն ազատ են իրենց դիրքորոշումը հայտնելու՝ օրենքով սահմանված ձևաչափով։

«Ես կարծում եմ, որ այս տրամադրությունը արդյունք է ՀԱՊԿ-ի անգործության։ Ես կարծում եմ, որ դրա դրսևորումը կարող է տեղի ունենալ տարբեր ձևաչափերով»,- ասաց պատգամավորը։ 

 
Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Թադևոսյան