Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հավանաբար Հայաստանը կհանձնի ՀԱՊԿ նախագահությունը և ՀԱՊԿ-ից դուրս գալու հայտ կներկայացնի․ ՔԺԿ փոխնախագահ

Հավանաբար Հայաստանը կհանձնի ՀԱՊԿ նախագահությունը և ՀԱՊԿ-ից դուրս գալու հայտ կներկայացնի․  ՔԺԿ փոխնախագահ
Քաղաքականություն
18:52, 21 ноябрь 2022
«Նման բանաձևերից, որոշումներից հատուկ ակնկալիք ունենալն իմաստ չունի, բայց դրանք, կոնկրետ Սենատի բանաձևը, բարոյական բարձր ուժ ունեցող բաներ են, որոնք Հայաստանի քաղաքական, նույնիսկ իրավաքաղաքական զամբյուղի մեջ որոշակի տեղ կարող են զբաղեցնել։ Եթե այդպիսի բանաձևերը շատ լինեն, դրանք հավաքականության մեջ արդյունք կտան, հետևապես թող լինի. ինչքան շատ, այնքան լավ»,- այս մասին Civic.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց քաղաքագետ, Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության փոխնախագահ Հայկ Սուքիասյանը՝ անդրադառնալով Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթնաժողովի արդյունքում ընդունված «Ֆրանկոֆոն տիրույթում ճգնաժամային իրավիճակների, դրանց հաղթահարման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ» բանաձևին, որով անդամ երկրներն իրենց աջակցությունն ու համերաշխությունն են հայտնում Հայաստանին և խորին մտահոգություն հայտնում վերջերս տեղի ունեցած ռազմական էսկալացիայի, հատկապես դրա հետևանքով միջազգային իրավունքի, տարածքային ամբողջականության և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների առնչությամբ։

Նոյեմբերի 22-23-ին Հայաստանում կայանալիք ՀԱՊԿ նիստից Հայկ Սուքիասյանի ակնկալիքը դրական չէ։ Նա հարց ուղղեց, թե քանի անգամ մենք պետք է ՀԱՊԿ-ից ապտակ ստանանք, որ հայ ժողովուրդը մի օր որոշի, որ պիտի ակնկալիք չունենա այդտեղից։ «ՀԱՊԿ անդամ պետությունները, եթե Հայաստանը չհաշվեմ, աշխարհից մեկուսացած և մեկուսացող պետություններ են։ Տեսնում եք, որ, ըստ էության, ՀԱՊԿ-ի գլխավոր պետությունը՝ Ռուսաստանը, քաղաքակիրթ աշխարհի դեմ է դուրս եկել, հարազատը Թուրքիան է, մեկ էլ Աֆրիկայից մի քանի պետություն է գտել, որոնց հետ կարողանում է շփվել։ Հերթական անգամ կգան, կհոխորտան, կոլխոզի նախագահին՝ Բելառուսի նախագահին, կնշանակեն այստեղ ՀԱՊԿ-ի սպիկեռ, որը բարեկամաբար մուննաթ կգա Հայաստանի վրա, կթողնեն կգնան»,- կանխատեսում արեց քաղաքագետը։ 

Երևանում սպասվող Փաշինյան-Պուտինի առանձնազրույցից դրական ակնկալիք քաղաքագետը ևս չունի։ «Ռուսաստանը կարձանագրի, որ Ադրբեջանը չի խախտել մեր տարածքային ամբողջականությունը։ Ռուսաստանը պարզապես չի ուզում ընդունել Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ, մնացածը ֆորմալ բաներ են։ Ռուսաստանը ձևական իմաստով, դիսկուրսի իմաստով ճանաչում է Հայաստանի ինքնիշխանությունը, բայց ինքը Ադրբեջանով և 5-րդ շարասյունով միշտ Հայաստանի դեմ կռիվ է տալիս։ Հատուկ բան պետք չի ակնկալել, որովհետև Ռուսաստանը ոչ միայն չի ուզում կատարել իր պարտականությունները, այլև տպավորություն է, որ չի կարողանում»,- նշեց Հայկ Սուքիասյանը։

Ինչ վերաբերում է նոյեմբերի 23-ին կայանալիք «Դուրս ՀԱՊԿ»-ից խաղաղ բողոքի ակցիային, քաղաքագետն ասաց, որ իրենք չեն մասնակցելու այդ ակցիային, բայց հաջողություն է մաղթում ակցիայի անցկացմանը՝ նշելով, որ իրենք իրենց ջանքերով, իրենց մտայնությամբ այդ ուժերի հետ են, բայց աշխատանքի նման ձևն իրենց կուսակցությունը չի ընդունում։ 

«Ես ցույցերին դեմ եմ այս պահին, որովհետև այս պահին Հայաստանին կայունություն է պետք, թեկուզ լավ բանի համար է արվում։ Այս պահին մեզ այդ անկայունություններ պետք չեն։ Ես դրան այդքան էլ կողմ չեմ, բայց որ Հայաստանը ՀԱՊԿ-ից պիտի դուրս գա, դա մենք ասել ենք 2 տարի առաջ։ Ենթադրենք, հավաքվեց 100 հոգի մարդ, չե՞ն նկարելու վերևից ասեն՝ Հայաստանում 100 հոգի էր պահանջում ՀԱՊԿ-ից դուրս գալ, և այդ տեխնոլոգիան ծախեն մեզ վրա։ Ես չեմ ասում, որ սխալ է, բայց այդ ձևին ես կողմ չեմ»,- եզրափակեց Հայկ Սուքիասյանը:   

Նրա կարծիքով՝ հավանաբար Հայաստանը կհանձնի ՀԱՊԿ նախագահությունը և ՀԱՊԿ-ից դուրս գալու հայտ կներկայացնի։

Լիլիթ Թադևոսյան