Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընդդիմությունը, որը մտադիր էր վարչապետին անվստահություն հայտնելու համար ՔՊ-ի ներսում ճաքեր առաջացնել ու «մարդ փախցնել», ինքն է ճաքեր տալիս ու բախվում ճգնաժամի

Ընդդիմությունը, որը մտադիր էր վարչապետին անվստահություն հայտնելու համար ՔՊ-ի ներսում ճաքեր առաջացնել ու  «մարդ փախցնել»,  ինքն է ճաքեր տալիս ու բախվում ճգնաժամի
Քաղաքականություն
20:00, 23 ноябрь 2022
Խորհրդարանական ընդդիմության՝ մեծությամբ առաջին խմբակցության   գործերը լավ չեն։ Մի կողմից՝ ձգձգվում է փողոցային  փոշիացած պայքարի  միջոցով իշխանափոխության հասնելն  ու ամեն օրվա հետ անհավանական  դառնում,  մյուս կողմից էլ՝ ի հայտ են եկել ներքին տարաձայնություններ ու  գժտություններ «Հայաստան»  դաշինքի մաս կազմող՝ Վահե Հակոբյանի գլխավորած   «Վերածնվող Հայաստան» կուսակցությունում։  

Ինչպես հայտնի դարձավ՝ հիշյալ կուսակցությունը  լքել են Աննա Գրիգորյանը, որն, ի դեպ, դաշինքի նախընտրական ցուցակի առաջին եռյակի մեջ էր,  Սիսիանի նախկին քաղաքապետ, նախկին ՀՀԿ-ական, ԱԺ պատգամավոր  Արթուր Սարգսյանը,   ինչպես նաև մեկ այլ նախկին ՀՀԿ-ական՝ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը։  Այս մասին  հայտնել է Աննա Գրիգորյանը, որն, ի դեպ, պատգամավոր էր դարձել պատերազմից հետո «Իմ քայլը» դաշինքի քվոտայով, սակայն մանդատը վերցնելուց հետո ժամեր անց  լքել էր խմբակցությունն ու իրեն հռչակել անկախ պատգամավոր, ապաև՝ համալրել ՎՀԿ-ի շարքերը։ 

Ամիսներ առաջ էլ, նշենք, Վահե Հակոբյանի գլխավորած կուսակցությունը լքելու որոշում էր կայացրել Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը, որը վերընտրվեց համայնքի ղեկավարի պաշտոնում ՏԻՄ վերջին ընտրությունների արդյունքներով,  իսկ Մեղրիի՝ նախկին ՀՀԿ-ական քաղաքապետ, դաշինքի քվոտայով պատգամավոր դարձած Մխիթար Զաքարյանը  ամիսներ առաջ վայր դրեց մանդատը՝ շարունակելով մնալ ՎՀԿ  անդամ։   

Հարկ է նշել, որ նախընտրական շրջանում, տիրաժավորելով  թշնամական քարոզչությունը՝  «Զանգեզուրի միջանցքի», «Սյունիքը հանձնելու» մասին, «Հայաստան» դաշինքը կարողացավ իր կողմը հակել սյունյաց բողոքական ընտրազանգվածին և այդ «հողի» վրա քվեներ կորզել։ Այդ հարցում դաշինքին օգնեցին նաև  Վահե Հակոբյանի՝ աշխատանքի բերումով  ձևավորված  կապերը. հիշեցնենք՝ Հակոբյանը 2013-2016թթ. եղել է «Քրոնիմետ մետալ թրեյդինգ Սի Այ Էս» ՓԲԸ կոմերցիոն տնօրեն, 2014-2016թթ.՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի  ադմինիստրատիվ տնօրեն, այնուհետև՝ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ։ Կարեն Կարապետյանի վարչապետության օրոք էլ՝ 2016-2018թթ., Հակոբյանը  Սյունիքի մարզպետն էր, իսկ  2018-2021թթ.՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի  Խորհրդի անդամ։  

Ուշագրավ է այն, որ ՎՀԿ-ն լքել են ոչ միայն վերոթվարկյալ անձինք, այլև, ինչպես Աննա Գրիգորյանն է հավաստիացնում, «ամբողջ Սյունիքի թևը»։ Հարց է ծագում՝ մե՞ծ է այդ թևը, քանի՞սն են նրանք, և ի՞նչն է պատճառը՝ քաղաքական տարաձայնություննե՞րը,  կուսակցության ղեկավարի «փիս խասյա՞թը», թե՞ մեկ այլ պատճառ՝  հստակ չէ։   Բայց հստակ է մի բան՝ նման պրոցեսները, եթե անգամ տեղի են ունենում ներկուսակցական մակարդակում, ազդում են խորհրդարանական խմբակցության՝ «Հայաստան» դաշինքի,  որպես քաղաքական ամբողջություն,  հեղինակության վրա։ Ակնհայտ է, որ  դաշինքի ներսում ևս առկա է եթե ոչ պառակտում, ապա խզում, տարաձայնություն՝ ԱԺ աշխատանքներին վերադառնալու առումով.  դաշինքի քաղաքական միավորներից մեկը՝  ՀՅԴ-ն, ինչպես գիտենք,  վերադարձել է խորհրդարան, իսկ ՎՀԿ-ն՝ դեռևս ոչ։  Եվ, ինչպես civic.am-ի հետ զրույցում նշել է  Վահե Հակոբյանը, «քննարկումների փուլում է», և չի բացառվում, որ որոշվի չվերադառնալ խորհրդարան։ 

Հարկ է ընդգծել նաև, որ անգամ ՀՅԴ-ի ներսում չկա լիարժեք կոնսենսուս ԱԺ վերադառնալու հարցում։ Ըստ լուրերի՝ նման որոշմանը դեմ է «Դիմադրություն» շարժման կազմակերպիչ, այս օրերին ՀՅԴ արտերկրի (Կիպրոս, Բեյրութ) կառույցների հետ հանդիպումներ ունեցող Իշխան Սաղաթելյանը, որը, ըստ մամուլի, մտադիր է վայր դնել մանդատը։    

Անհերքելի է, որ «Հայաստան» դաշինքը ձևավորվել է ոչ թե գաղափարական հենքի վրա, այլ   քաղաքական նպատակահարմարությունից ելնելով,  ստեղծված իրավիճակի թելադրանքով,  հետպատերազմական դեպրեսիվ տրամադրությունները քվեի վերածելու  հաշվարկով։ Կարճաժամկետ նպատակին՝ ԱԺ մտնելուն, դաշինքը հասել է, իսկ երկարաժամկետ նպատակին՝ ստանձնել երկրի կառավարումը, չի հասել, դա է պատճաը, որ   առկա համամասնությամբ խորհրդարանում աշխատելուն  խանգարում են  քաղաքական ամբիցիաները։ Այդ՝ հավակնությունների և հնարավորությունների միջև առկա  դիսոնանսն է պատճառը, որ  դաշինքը գերնպատակ է հռչակել իշխանափոխության հասնելը,  որը, ինչպես արդեն վերը նշվեց, անիրատեսական է, ինչը գիտակցում են դաշինքի ամենառոմանտիկ անդամները նույնիսկ։   

Փորձը ցույց է տալիս, որ արհեստական, տարերային  քաղաքական դաշինքները,  այն էլ՝ ներկուսակցական  տարաձայնություններ ունեցող, երկար կյանք չեն ունենում և «թեթև քամուց» փլուզվում են։ Մենք նման մի գործընթացի գործող խորհրդարանում ականատես եղանք մեկ այլ արհեստական, «ծնկի ծերին» կազմված դաշինքի՝  «Պատիվ ունեմ»-ի դեպքում, երբ դրա առաջին համարը՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, փողոցային պայքարի ֆիասկոյից հետո վայր դրեց մանդատը, ու «Հայրենիք»-ից և ՀՀԿ-ից կազմված դաշինքը  դադարեց գոյություն ունենալ։ ՊՈՒ-ն այսօր կազմված է միայն ՀՀԿ-ից, պլյուս՝ անկուսակցական Թագուհի Թովմասյանը։ ՊՈԻ ցուցակով  պատգամավոր դարձած մեկ այլ պատգամավոր՝ Իշխան Զաքարյանը, դեռ տարեսկզբին էր դուրս եկել խմբակցությունից և մանդատն իրացնում է  անկախ պատգամավորի կարգավիճակում։ Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցությունն այս ընթացքում լքել են նաև անկուսակցական  Դավիթ Սեդրակյանը,  «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը. երկուսն էլ վայր են դրել մանդատները։ 

Հ.Գ. Ընդդիմությունը, որն այս ընթացքում գուժում էր «իշխանության հոգեվարքի», կառավարական կաբինետներում տիրող ճգնաժամի,   «էսօր-էգուց» լինելու մասին և մտադիր էր վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի շրջանակներում ՔՊ-ի ներսում ճաքեր առաջացնել՝ «մարդ պոկել-փախցնել»  (ինչպես տեղի ունեցավ 44-օրյա պատերազմից հետո, երբ որոշ պատգամավորներ լքեցին  «Իմ քայլը»), ինքն է ճաքեր տալիս ու բախվում է ներքին ճգնաժամի։ Ընդ որում՝ ճգնաժամը ոչ միայն ներքին է, այլև անելիքի ու ասելիքի առումով։  Փաստ է, որ կես տարվա բոյկոտից հետո ընդդիմությունը՝ ի դեմս «Հայաստան» խմբակցության, խորհրդարան է վերադարձել կիսատ-պռատ և ձեռնունայն։  Եվ «սեփական օրակարգ» ասվածից, որով նախապես խոստանում էին վերադառնալ երկրի թիվ մեկ ամբիոն,  շարունակում է մնալ  հին, արդեն ականջի համար սովորական դարձած,  սալդաֆոնային  խոսքուզրույցը՝  իշխանությունը վատն է և պետք է հեռանա, երկիրը վարի է գնում, պետք է դեմն առնել։  Թե ով պետք է փոխարինի «գնացած իշխանությանը»՝ հայտնի է՝ Քոչարյանը, իսկ թե ինչպես պետք է  երկրի՝ «վարի գնալու» դեմն առնի՝ այդպես էլ մնում է անհայտ։ 
  
Հ. Մանուկյան