Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ-ի մենաշնորհը Արցախի անվտանգության գործում պետք է վերացվի, դա միակ դեղատոմսն է, որը թույլ կտա դիվերսիֆիկացնել մեր քաղաքականությունն ու ավելացնել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքները․ փորձագետ

ՌԴ-ի մենաշնորհը Արցախի անվտանգության գործում պետք է վերացվի, դա միակ դեղատոմսն է, որը թույլ կտա  դիվերսիֆիկացնել մեր քաղաքականությունն ու  ավելացնել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքները․ փորձագետ
Քաղաքականություն
12:31, 13 декабрь 2022
Ադրբեջանը կոպտորեն խախտում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, մասնավորապես այդ հայտարարության 6-րդ կետը, որով սահմանվում է ինչպես Լաչինի միջանցքի կարգավիճակն, այնպես էլ դրա լայնությունը եւ սահմանում է հիշյալ միջանցքի նկատմամբ ռուս խաղաղապահների իրավասությունը՝ վերահսկել միջանցքի անխափան գործունեությունը։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց «Հանուն Հանրապետություն» կուսակցության անդամ, սահմանադրական իրավունքի մասնագետ Արտաշես Խալաթյանը՝ պատասխանելով մեր հարցին՝ Ադրբեջանը փոխե՞լ է իր մարտավարությունն ու զինված սադրանքի դիմելու փոխարեն այժմ, փաստորեն, դիմում է  քաղաքացիական «խաղաղ ակցիաների» ձեւաչափին՝ ապօրինաբար փակելով Արցախի «կյանքի ճանապարհն» ու բլոկադայի ենթարկելով տեղի հայությանը։ Պրն Խալաթյանի հետ մեր զրույցը՝ ստորեւ։ 

- Հայտարարության 6-րդ կետը կոպտորեն խախտվում է նաեւ դրա մեկ այլ կողմի՝ ՌԴ-ի կողմից։ Եթե մենք Ադրբեջանի դեպքում ունենք այդ հայտարարությունը խախտող գործողություններ, ապա ՌԴ-ի դեպքում՝ անփութության դրսեւորման հետ, այսինքն՝ ռուս խաղաղապահները չեն կատարում իրենց մանդատից բխող որեւէ գործողություն, ինչի հետեւանքով էլ, փաստորեն, խափանվել է Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունն ու փաստացի խաթարվել է ՀՀ-Արցախ կենսական կապը։ Եւ, ինչպես «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փաստացի ցեղասպանության կանխարգելման միջանցքը՝ Լաչինի միջանցքը, տվյալ պարագայում, փակվել է ռուս խաղաղապահների թույլտվության եւ Բաքվի անօրինական գործողությունների հետեւանքով՝ ստեղծելով Արցախի էթնիկ զտման էական վտանգ։ Սա ոչ թե Ադրբեջանի կողմից նոր մարտավարություն է, այլ արդեն բավականին երկար ժամանակ, հատկապես սեպտեմբերյան ագրեսիայից սկսած, այդ երկիրը գնում է այդ ճանապարհով․ մի ձեռքով դիմում է ագրեսիայի, մյուս ձեռքով ՀՀ-ից փորձում է կորզել իր ուզած զիջումները, ինչին ՀՀ-ն ըստ հնարավորին դիմադրում է։ Բնական է, այստեղ հանքավայրերի, այն էլ՝ ապօրինի շահագործման հետ կապված խնդիր չկա, խնդիր չկա՝ մեր դիտանկյունից, քանի որ մենք գտնում ենք, որ Արցախի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք, որը բացառում է Արցախի գտնվելը  Ադրբեջանի կազմում եւ այս պրիզմայի ներքո Արցախի ընդերքը Արցախի ժողովրդի բացառիկ սեփականությունն է։ Այլ կարծիք ունի Ադրբեջանը, որը գտնում է, որ Արցախը ադրբեջանապատկան տարածք է, հետեւաբար այդ տարածքի, դրա ընդերքի նկատմամբ ի՛նքն ունի բացառիկ իրավունք։ Եւ այստեղ է, որ տեսնում ենք, որ ՌԴ-ն պատշաճորեն չի իրականացնում իր խաղաղապահ գործառույթը։ ՌԴ-ն փորձեց ամեն կերպ միջամտել ԼՂ կոնֆլիկտին եւ ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանում՝ իրականացնելով խաղաղապահ առաքելություն, մինչդեռ տեսնում ենք, որ այդ առաքելությունը լրջորեն վտանգված է եւ արդեն որերորդ դեպքն է՝ ՌԴ-ն չի կարողանում ապահովել Արցախի ժողովրդի տարրական իրավունքները, այս դեպքում՝ ազատ տեղաշարժի, կյանքի, առողջության, եւ այսօր ոտնձգություն է իրականացվում Արցախի բնական ռեսուրսների նկատմամբ։ Եւ այս պայթյունավտանգ իրավիճակում արդեն իսկ կենսական նշանակություն է ձեռք բերում միջազգային խաղաղապահ առաքելության գործառումը կամ գոնե նման գործընթաց սկսելը նախեւառաջ ՀՀ-ի կողմից։ Ակնհատ է, որ ՌԴ-ն կամ չի ցանկանում, կամ չի կարողանում իր մանդատը պատշաճ իրականացնել։ Իսկ այս պարագայում, եթե չկա խաղաղապահ հստակ առաքելության իրագործում եւ դրա համար պատասխանատվության ստանձնում, առկա է ռազմական էսկալացիայի եւ Արցախում էթնիկ զտման ռեալ վտանգ։  

-Նկատեք, որ Ադրբեջանը չի հաստատել խաղաղապահ առաքելության մանդատը, եւ ռուս խաղաղապահները փաստացի գործում են  առանց կանոնադրության՝ փորձելով գտնել իրավիճակային լուծումներ։ Օրերս էլ Ֆրանսիայում գտնվող Արցախի նախագահը «Ֆրանս 24»-ի եթերում, խոսելով ռուսական խաղաղապահ առաքելության մասին, հայտարարեց, թե «մեզ անհրաժեշտ են ավելի հիմնարար միջազգային երաշխիքներ»՝ անվտանգային առումով։ Արցախի ԱԳ նախարարի պաշտոնակատար  Դ․ Բաբայանն էլ պարզաբանեց, թե  ցանկանում են, որ «ՄԱԿ-ի ԱԽ-ն  ռուս խաղաղապահ առաքելությանը միջազգային մանդատ տա անորոշ ժամանակով»։ Դուք ասում եք, թե պետք է ՀՀ-ն փորձի միջազգային խաղաղապահ ուժեր ներգրավել Արցախում, Արցախի իշխանություններն էլ, ընդհակառակը, ուզում են ավելի ամրապնդել ռուսական խաղաղապահ առաքելությունը՝ ակնկալելով, որ վերջինիս կտվի միջազգային մանդատ։  

-Արցախի եւ ՀՀ-ի միջեւ կա հստակ անջրպետ Արցախի հարցով վարվող քաղաքականության առումով։ Սա խիստ վտանգավոր է եւ
անարդյունավետ է դարձնում հայկական կողմերի դիվանագիտական աշխատանքը միջազգային գործընկերների հետ, «5 հոգով 6 երգ երգելը», այն էլ այսպիսի նուրբ պահի, չի կարող օգտավետ լինել։ Այս առումով տեսնում ենք, որ Արցախի իշխանությունները փաստացի իրենց անհեռատես գործողություններով կարող են ջուրը լցնել ՀՀ-ի դիվանագիտության անդուլ աշխատանքի միջոցով ստացված անգամ համեստ արդյունքները։ Մենք տեսնում ենք, որ Ֆրանսիան փաստացի մեսիջ է հղում արտաքին քաղաքական այլ դերակատարների՝ «Արցախի նախագահ» տերմինը գործածելով Ֆրանսիայի պետական ալիքով Արայիկ Հարությունյանից հարցազրույց վերցվելիս։ Ակնհայտ է, որ պրն Հարությունյանի պաշտոնը շեշտելը ուներ հատուկ քաղաքական եւ իրավական ուղերձ, եւ երբ Արցախի հարցի միջազգայնացում է տեղի ունենում, ինչը աներկբաորեն բխում է հայկական կողմերի շահերից, ահա այդ հանգուցային պահին մեկ էլ Արցախի իշխանությունները սկսում են տարփողել ՌԴ-ին, այն էլ՝ ՌԴ-ի հետ հակամարտային իրավիճակում գտնվող մայրաքաղաքներից մեկում, եւ առանց որեւէ դիվանագիտական շղարշի, ինչը կամա, թե ակամա վնաս է հասցնում Արցախին։ Եւ այո, մենք այստեղ ունենք, ոչ միայն արտաքին քաղաքական, այլեւ ներքին կնճիռներ, որոնք խանգարում են մեզ առաջ գնալ։ Այդ առումով, այո՛, ՀՀ իշխանությունները պետք է պահանջեն Արցախից սինխրոնացված գործողություններ, կամ էլ Արցախի իշխանությունները անվազն պետք է անկեղծորեն ներկայացնեն իրենց տեսլականները։  Եւ եթե դրանք տարբերվում են ՀՀ իշխանությունների տեսլականից, դա պետք է ի լուր աշխարհի հայտնել այդ մասին, որպեսզի չստացվի այնպես, որ Արցախի իշխանությունների գործողությունների հնարավոր բացասական հետեւանքների պատասխանատուն դառնա ՀՀ իշխանությունը։ Դա անթույլատրելի է։ Ինչ վերաբերում է Արցախում միջազգային խաղաղապահ մանդատին, ապա այո՛, դրան այլընտրանք չկա, իսկ Արցախի իշխանությունների ռուսանպաստ քաղաքականությունը, այն էլ այսպիսի խորը դրսեւորումներով, միմիայն տարակուսանք կարող է առաջացնել։ Ի սկզբանե իմանալով, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն բացառվում է, որ նման մանդատ տրամադրի ՌԴ-ին, ավելին՝ ՄԱԿ-ի ԱԽ-ն նույնիսկ ՀԱՊԿ-ը չի ճանաչում որպես խաղաղապահ գործառույթ իրականացնող կազմակերպություն եւ չկա ՄԱԿ որեւէ բանաձեւ, որը ՀԱՊԿ-ի, որպես կոլեկտիվ կառույցի, խաղաղապահ գործառույթները ինչ-որ տարածքում արտոնի, Արցախի իշխանություններն իրենց հայտարարություններով կարծեք դիմում են սադրանքի։ Այդօրինակ խնդրանքի, պահանջի հրապարակումը Ֆրանսիայում, ֆրանսիական եթերում, ակնհայտ է, որ ունենալու է «զրո» արդյունք, ավելին՝ վատթարացնելու է Արցախի հարցով ՀՀ-ի եւ Արցախի առանց այն էլ թուլացած դիրքերը։ Ավելին ասեմ՝ ռուս խաղաղապահների ամրապնդումը Արցախում ավելի է խորացնելու անվտանգային ճգնաժամը Արցախում։ Հնարավոր միակ կոմպրոմիսային տարբերակը, թեև ես դրան էլ չեմ հավատում ներկայիս միջազգային իրադրության պայմաններում, ռուս խաղաղապահներից բացի այլ պետությունների խաղաղապահների ներգրավումն է համատեղ միսիա իրականացնելու համար։ Բոլոր դեպքերում, ՌԴ-ի մենաշնորհը Արցախի անվտանգության գործում պետք է վերացվի, դա միակ դեղատոմսն է, որը թույլ կտա մեզ դիվերսիֆիկացնել այս հարցում մեր քաղաքականությունն ու ավելացնել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքները։ 

-Ռուս խաղաղապահ զորակազմի ներկայությունը երաշխավորված է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ։ Միջազգային   խաղաղապահ ուժերի ներգրավումը իրավական ի՞նչ հիմքերով  պետք է տեղի ունենա։ Միջազգային պրակտիկայւմ եղե՞լ է դեպք, երբ, ինչպես Արցախում, մեկ պետության կողմից իրականացվող խաղաղապահ առաքելությունը  հետագայում լրացվի  այլ պետությունների՝ օժանդակ ուժերով։ 

-Նախ նշեմ, որ ՌԴ-ի արտաքին քաղաքականության տապալումներից մեկը կարելի է համարել այն հանգամանքը, որ իրենք այդպես էլ չհասան իրենց խաղաղապահ զորակազմի ստատուսի ճանաչման անգամ Ադրբեջանի կողմից։ Բայցեւ պետք է նշել, որ Լաչինի միջանցքի պարագայում գործ ունենք խաղաղապահ զորակազմի ստատուսի եզակի դրսեւորումներից մեկին, երբ հստակ նշված է, որ դրա պաշտպանությունը, վերահսկողութունը վերապահված է խաղաղապահներին։ Ինչ վերաբերում է խաղաղապահների փոխլրացման հարցին․ միջազգային պրակտիկայում նման բան չեմ հիշում, ընդհանրապես միջազգային պրակտիկայում գերակշռում է խաղաղապահ առաքելության կոլեկտիվ իրացումը, մեկ առանձին պետության խաղաղապահ առաքելություն իրացում չեն վերապահում եւ դա ունի հստակ ենթատեքստ։ Եթե դու մեկ պետության ես հանձնում խաղաղապահ մանդատը, որեւէ տարածքի պաշտպանությունը կախման մեջ է գտնվում մեկ երկրից, ապա դա կարող է խաղաղապահ առաքելությունը վերածել օկուպացիայի կամ ոչ լեգալ դոմինանտության՝ խաղաղապահ առաքելության իրացման երկրում։ Սկսած Հարավսլավիայից՝ վերջացրած աֆրիկյան մի շարք պետություններով, բոլոր դեպքերում էլ խաղաղապահ առաքելությունը գերազանցապես իրականացվել է կոլեգիալ կերպով։ Ավելին, ես չեմ էլ հիշում նման խախուտ իրավական հիմքերով միջազգային լեգալ խաղաղապահ առաքելություն։ Այսինքն, միջազգային պրակտիկայում ռուսական առանձնահատկություններով խաղաղապահ, առաքելություն կարելի է ասել, հայտնի չէ։ Հենց այդ պատճառով էլ ռուսական մանդատը երբեւէ չի ունենա լեգիտիմություն, քանի որ այն ենթադրում է մեկ պետության կողմից որոշակի սուվերեն իրավունքների իրացում իրեն պատկանող գոտում։ Եւ, այո՛, այս դեպքում, չկա հստակ կանոնակարգված լիազորությունների շարք, դրանց իրացման մեխանիզմ։ Էլ չասած, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը (որպես խաղաղապահ զորակազմի տեղակայման հիմք), նույնիսկ միջազգային պայմանագիր էլ չէ։ Ունենք իրավական անպատկերացնելի վակուում այս առումով։ Եւ եթե անգամ Լաչինի միջանցքը փոքրիշատե իրավական որոշակիություն ունի, անպատկերացնելի է, թե ինչպիսի վտանգ է սպառնում Արցախի մնացած՝ շփման գծին մոտ բնակավայրերին այն դեպքում, երբ մենք չգիտենք, թե խաղաղապահ զորակազմը ինչ գործողությունների իրավունք ունի կամ ինչ՝ չունի։ Այդ է պատճառը, որ երբ էսլակացիա է լինում,  խաղաղապահները իրենց դիսլոկացիայի վարը թողնում եւ պարզապես փախչում են։ 

-Ստեղծված իրավիճակում «անջատում հանուն փրկության» դոկտրինի կիրառման հավանականությունը, որպես ծայրահեղ, բայց անխուսափելի միջոց, որքանո՞վ եք ռեալ համարում։ ՀՀ-ն եւ Արցախը, միմյանց հետ համաձայնեցված, պե՞տք  է որոշակի գործընթաց սկսեն այդ ուղղությամբ։ 

-Այդ դոկտրինի կիրառումը առավել  հայտնի դարձավ մասնավորապես Կոսովոյի դեպքով, ՄԱԿ-ի միջազգային դատարանը 2010թ․ իր խորհրդատվական եզրակացության մեջ հստակ անդրադարձել է վերոհիշյալ կոնցեպտին եւ սահմանել, որ եթե ազգին կամ ժողովրդին սպառնում է էքզիստենցիալ վտանգ՝ կյանքին, մշակութային ինքնությանը եւ այլն, ապա միանգամայն լեգիտիմ է վերջինիս պահանջը անջատվել մետրոպոլիայից։ Կոսովոյի «քեյսից» ավելի ուժեղ արտահայտված «քեյս» է Արցախինը, եւ ակներեւ է, որ ստեղծվել են բոլոր նախադրյալները՝ «անջատում հանուն փրկության» կոնցեպտը գործի դնելու համար։ Բայց այս ուղղությամբ որեւէ քայլ անելուց առաջ  կրկին պետք է բարձրացնել ՀՀ-ի եւ Արցախի իշխանությունների գործողությունների սինխրոնացված լինելու խնդիրը։ Մենք որեւէ հայեցակարգային խնդիր չենք կարող լուծել այնքան ժամանակ, քանի դեռ չկա մինիմալ փոխվստահություն ՀՀ-ի եւ Արցախի իշխանություների միջեւ։ Որքան էլ փորձ է արվում սքողել «ստորջրյա հոսանքները», ակնհայտ է, որ Արցախի իշխանությունները լուրջ խնդիրներ ունեն մեր իշխանությունների հետ, եւ նաեւ լուրջ խնդիրներ են ստեղծում մեր իշխանությունների համար, չգիտես ինչ ներքին հաշվարկենրով։ Դրան գումարվել է նաեւ պետնախարար Ռուբեն Վարդանյանի՝ ՀՀ-Արցախ հարաբերություններում անջրպետ ստեղծելու գործելաոճը։ Եւ էդտեղ է խնդիրը՝ եթե մենք չենք կարողանալու միասնական, ազգային օրակարգ ձեւակերպել, որեւէ միջազգային իրավական կոնցեպտ, դոկտրին կամ ավելի ստորադաս հարց չենք կարողանալու լուծել։ Հարցերի հարցը ՀՀ-ի եւ Արցախի իշխանությունների առավելագույն սինխրոնացնում է, որպես մեկ քաղաքական մարմին գործելը, քանի որ սա էքզիստենցիալ հարց է։  Եթե այս հարցը չլուծվի, ապա ՀՀ-ն կհայտնվի շատ երկիմաստ վիճակում, ինչպես օրինակ, Ֆրանսիայում․ երբ ՀՀ դիվանագիտությունը փորձում է ինչ-որ արդյունք զարգացնել, իսկ Արցախի պատվիրակությունը գնում է Ֆրանսիա եւ վտանգում է այդ ամբողջ աշխատանքի վերջնարդյունքը։ 
 
Հեղինե Մանուկյան