Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Զանգեզուրի միջանցքը» պետք է ոչ թե Ադրբեջանին, այլ՝ Ռուսաստանին, որպեսզի ինքը պատժամիջոցներից խուսափելու ցամաքային ճանապարհ ստանա․ Կարեն Սարգսյան

«Զանգեզուրի միջանցքը» պետք է ոչ թե Ադրբեջանին, այլ՝ Ռուսաստանին, որպեսզի ինքը պատժամիջոցներից խուսափելու ցամաքային ճանապարհ ստանա․ Կարեն Սարգսյան
Քաղաքականություն
22:22, 16 декабрь 2022
«Ադրբեջանցիների նպատակը՝ «Զանգեզուրի միջանցք» ստանալն է, Հայաստանի վրա ճնշում գործադրել Արցախի միջոցով և հինգերորդ շարասյան միջոցով, որն այստեղ պետք է հիստերիկություն անի, որպեսզի իրենց համար հարմար պայմանագիր ստորագրվի»,- Civic.am-ի հետ զրույցում խոսելով ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքը փակելու մասին՝ ասաց սոցիոլոգ Կարեն Սարգսյանը։
 
Նա նշեց, որ  Ռուսաստանը և Ադրբեջանը այս հարցում համատեղ կազմակերպիչ են, Թուրքիան՝ քողարկված։ Այս ճանապարհը փակվել է Ռուսաստանի և Ադրբեջանի կողմից, որպես գործիք, որովհետև «Զանգեզուրի միջանցքը» պետք է ոչ թե Ադրբեջանին, այլ՝ Ռուսաստանին, որպեսզի պատժամիջոցներից խուսափելու ցամաքային ճանապարհ ունենա, ինքը չունի այդ ճանապարհը, և իրեն անհրաժեշտ է Ադրբեջանի տարածքով և այդ էքստերիտորիալ «Զանգեզուրի միջանցքով» դուրս գա դեպի Թուրքիա։
 
«Թուրքիայի և Ռուսաստանի հիմնական գաղափարն այն է, որ այս տարածաշրջանում՝ նախկին Սովետական Միության կամ Ռուսական կայսրության և Օսմանյան կայսրության տարածքում, Արևմուտքը չլինի, իրե՛նք պետք է թելադրող լինեն՝ այսօրվա Ռուսաստանն ու Թուրքիան։ Դա է իրենց խնդիրը»,- ասաց Կարեն Սարգսյանը։
 
Սոցիոլոգի խոսքով՝ «Զանգեզուրի միջանցք չի լինելու», իսկ Լաչինի միջանցքն էլ բացելու են, որովհետև Եվրոպական դատարանի որոշում կա, համաձայն որի՝ մինչև երկուշաբթի, ժամը 16։00-ն՝ ֆրանսիական ժամանակով, Ադրբեջանը կամ պետք է բացի միջանցքը, կամ համապատասխան պատժամիջոցներ կլինեն։
 
«Իրենք մի հատ շատ լուրջ խնդիր ունեն, Ռուսաստանը, ինքն իրենով դա չի կարող անել, ոչ էլ Թուրքիան է կարող, չնայած, Թուրքիայի  վերնախավում Չավուշօղլուն և պաշտպանության նախարարը շատ ավելի կոշտ դիրքորոշում ունեն, բայց, ինչպես տեսնում ենք, Էրդողանը չի խառնվում։ Իրենք իրենց ուժերով չեն կարող փակել, իրենց որպես գործիք պետք է Ադրբեջանը, ավելի կոնկրետ Ալիևը, որի գումարներն ԱՄՆ-ում են և Եվրոպայում, ինքը չի կարող առանց ԱՄՆ-ի ու Եվրոպայի։ Այսինքն՝ ԵՄ-ի ինստիտուտների կողմից պատժամիջոցների կիրառումը կամ ԵՄ-ի կողմից որոշման իրականացումը, ամբողջությամբ կարող է փակել բուն Ալիևի և իր ընտանիքի, ինչպես նաև աշխատող որոշ ընկերությունների կամ որոշ մնացած կլանների ֆինանսական հաջողության ճանապարհը։ Իրենք բացելու են միջանցքը, հնար չունեն պիտի բացեն կամ կկորցնեն ամեն ինչ, և այդ ամեն ինչը չի վերականգնի ո՛չ Էրդողանը, ո՛չ Պուտինը»,-ասաց Կարեն Սարգսյանը։
 
Սոցիոլոգի խոսքով՝ մեծ հաշվով Ալիևը Էրդողանի և Պուտինի դրամապանակն է, երկուսին էլ ֆինանսավորում է։  
 
Խոսելով լայնածավալ պատերազմի հնարավորության մասին, Կարեն Սարգսյանն ասաց, որ հիմա ոչ ոք թույլ չի տա, որովհետև Ուկրաինայի հարցը դեռ բաց է, մինչև Ռուսաստանի պարտությունը, հետո արդեն կերևա։
 
«Ռուսաստանն ու Թուրքիան հնարավոր է հրահրեն, եթե մերոնք խելացի լինեն, չեն համաձայնվի, մինչև բանակն ամբողջությամբ չվերաձևավորեն։ Երբ գոնե համարժեք լինեն ռազմական միջոցները, այդ ժամանակ Ադրբեջանն էլ իրեն թույլ չի տա նմանատիպ գործողություններ։ Ինքը հիմա շտապում է, որովհետև հասկանում է դա։ Իսկ իր հասարակության մեջ պառակտում է գնում, որովհետև հասարակությունը, մեծ հաշվով, ոչ մի բան չստացավ այս պատերազմից։ Ադրբեջանում բացահայտվում է զոհերի իրական քանակը, չի հայտարարվում, բայց Ադրբեջանում դժգոհություն կա»,- ասաց Կարեն Սարգսյանը։
 
Խոսելով նաև հայաստանյան ընդդիմության պահվածքի մասին՝ Կարեն Սարգսյանն ասաց՝ «այդ մարդիկ ամբողջությամբ սպառվել են, ու սպառվել են դեռևս գարնանը, հիմա ուղղակի խոսում են, ուշադրություն են գրավում, կարծես հիշատակումներ են ուզում ԶԼՄ-ներում, որ «գուգլում» որոնում տաս, երևան, որ իրենք խոսում են,  կան, բայց իրականում իրենք վաղուց չկան»։ 
«Մսրա Մելիքի օրին են, էն որ ասում է՝ մի հատ թափ տուր քեզ, որ կիսվեն, ընկնեն, պրծնեն»,-եզրափակեց Կարեն Սարգսյանը 
 
 
Լիլիթ Թադևոսյան