Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքերի ու ադրբեջանցիների համար առանցքային է ոչ թե ճանապարհը, այլ դրա հանդեպ իրենց սուվերեն կարգավիճակը․ այն, ինչ քննարկվել է Քի Վեսթյան կարգավորման տարբերակում․ քաղաքագետ

Թուրքերի ու ադրբեջանցիների համար առանցքային է ոչ թե ճանապարհը, այլ դրա հանդեպ իրենց սուվերեն կարգավիճակը․ այն, ինչ քննարկվել է Քի Վեսթյան կարգավորման տարբերակում․ քաղաքագետ
Քաղաքականություն
13:59, 04 октябрь 2021
Օրերս Սոչիում կայացավ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, որի ժամանակ ակնկալվում էր քննարկել նաև Արցախի հարցը։ Հանդիպումից հետո Թուրքիայի նախագահը թուրքական լրատվամիջոցներով կրկին բարձրաձայնեց «Զանգեզուրի միջանցքի» կարևորության մասին, ինչպես նաև նշեց, որ Պուտինի հետ արդյունավետ հանդիպում են ունեցել։  

Որքանո՞վ է «Զանգեզուրի միջանցքը» շահավետ Ռուսաստանի համար, արդյոք Ռուսաստանը Թուրքիայի հետ համաձայնության կգա՞ միջանցքի հարցում, «Զանգեզուրի միջանցքի» բացումը Հայաստանին ի՞նչ վտանգների առջև կկանգնեցնի։ Այս հարցերի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է քաղաքական մեկնաբաններ Հակոբ Բադալյանի և Վահրամ Հովյանի հետ։ 

«Ռուսաստանի համար Էրդողանի ասած միջանցքը ունի պահանջարկ այն դեպքում, եթե այդ միջանցքով անցուդարձը վերահսկում է հենց Ռուսաստանը, այն, ինչի մասին նոյեմբերի 9-ի համաձայնագրում է նշված, որտեղ ասվում է, որ Նախիջևանից Ադրբեջան կապը իրականացվում է ռուսական անվտանգային ծառայության վերահսկողությամբ։ Ընդ որում, այդտեղ միջանցքի մասին չկա որևէ խոսք, բայց կա, որ հաղորդակցությունը Նախիջևանից Ադրբեջան վերահսկվում է Ռուսաստանի անվտանգության ծառայության կողմից։ Եթե սա տեղի չի ունենում, Ռուսաստանը որևէ մոտիվացիա չունի այդ կապի հարցում, առավել ևս՝ միջանցքի հարցում։ Էրդողանն էլ բնականաբար շահագրգռված է այլ տարբերակում, այսինքն՝ որ այդ միջանցքը չլինի ռուսական  վերահսկողությամբ»,- ասաց Հակոբ Բադալյանն ու ընդգծեց, որ միջանցքի վերաբերյալ ռուս-թուրքական ընդհանուր համաձայնություն ձեռք բերելու մասին Էրդողան-Պուտին հանդիպման որևէ դրվագում տեղեկատվություն չկա։ 

Քաղաքագետի մեկնաբանմամբ՝ Էրդողանը շարունակելու է խոսել այդ միջանցքի մասին Ալիևի հետ, իսկ Ռուսաստանն էլ շարունակելու է դիտարկել այն տարբերակը, որն ամրագրված է նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթում, որտեղ միջանցք չկա, և կա ռուսական վերահսկողությամբ շարժի մասին խոսակցություն։ 

Օրեր առաջ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարեց, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրեն հանդիպման առաջարկ է արել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի միջնորդությամբ։ Էրդողանն այս հանդիպման կայացման համար նախապայման բերեց «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցը: Այս հայտարարությունից հետո Հայաստանի ներքաղաքական դաշտում բուռն քննարկումներ սկսվեցին։ 

Հայաստանը կգնա՞ ընդառաջ Էրդողանի առաջարկին. քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն անդրադառնալով այս հարցին՝ հիշատակեց, որ պաշտոնական Երևանը հայտարարել է, որ միջանցքի վերաբերյալ որևէ քննարկում չի իրականացրել, չի իրականացնում և չի իրականացնելու. «Բայց քննարկում են հաղորդուղիների բացում, ինչը հասկանալի է, որ եթե ճանապարհները բացվում են Հայաստանի համար, ապա շատ տրամաբանական է, որ պետք է ճանապարհները բացվեն նաև Ադրբեջանի համար, այսինքն՝ Ադրբեջանից Նախիջևան և Նախիջևանից Ադրբեջան։ Բայց թուրքերի ու ադրբեջանցիների համար առանցքային է ոչ թե ճանապարհը, այլ այդ ճանապարհի հանդեպ իրենց սուվերեն կարգավիճակը։  Մոտավորապես այն, ինչ քննարկվել է Քիվեսթյան կարգավորման տարբերակում, այսինքն՝ տարածքային փոխանակում։ Սրա մասին օրերս բարձրաձայնեց նաև Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանոն՝ նշելով, որ այդպիսի տարբերակ է քննարկվել, այդ տարբերակը ծնվել է Ռոբերտ Քոչարյանի և Հեյդար Ալիևի բանակցություններից, և Քավանոն նույնիսկ մանրամասներ չներկայացրեց՝ ասելով, որ չի ուզում վնասել Ղարաբաղի հնարավոր խաղաղ գործընթացի վերականգնմանը»։   

Քաղաքական մեկնաբանի խոսքով՝ սա հիմք է տալիս խոսելու, որ այդուհանդերձ այնպես չէ, որ «Զանգեզուրի միջանցքի» տարբերակը միայն Ռուսաստանի և Թուրքիայի դիտանկյունում է, այլ այդպիսի քննարկումներ առնվազն իրենց թույլ են տալիս նաև Մինսկի խմբի մյուս համանախագահները կամ առնվազն Ամերիկայի Միացյալ Նահանգները. «Այս առումով մենք մի հանգամանքի էլ պետք է ուշադրություն դարձնենք՝ համանախագահների վերջին համատեղ հայտարարությունը. երբ Գեղարքունիքում մարտեր եղան՝ դիրքային մարտեր, և դրանից հետո համանախագահներն արեցին հայտարարություն, որ կողմերին առաջարկում են գալ ուղիղ խոսակցության, սեղանի շուրջ նստել՝ յուրաքանչյուրը իր օրակարգով և առաջնահերթություններով։ Իսկ սա նշանակում է, որ Ադրբեջանին ասում են՝ դու էլ քո առաջնահերթություններով արի, այսինքն՝ այդ միջանցք ասվածը ներառյալ»,- ասաց Հակոբ Բադալյանն ու շեշտեց, որ միջանցք ասվածը միայն ռուս-թուրքական տրամաբանության կամ օրակարգի ներքո դիտարկելը թույլ չի տա ամբողջական պատկերը հասկանալ։   

Քաղաքագետ Վահրամ Հովյանն էլ հիշատակեց, որ ուսական կողմը երբեք միջանցքի մասին հայտարարություն չի արել՝ դրանք գալիս են թուրք-ադրբեջանական կողմից, իսկ ռուսական կողմի համար քննարկվում է հաղորդակցության ուղիների բացման հարցը. «Այլ հարց է, որ դրա տակ կարող է թուրքերը և ադրբեջանցիները միջանցք են հասկանում։ Թուրքիայի ու Ադրբեջանի համար ցանկալին իրականության տեղ ընդունելը դարձել է հոգեբանական ճնշում դիմացինի նկատմամբ։ Նման մոտեցում կար նաև խաղաղապահ առաքելության իրականացման ժամանակ, երբ նոր էր ստորագրվել նոյեմբերի 9-ի հայտարարությունը, և նոր էր իրականացվում ռուսական խաղաղապահ առաքելությունը։ Այն ժամանակ անընդհատ թուրքերը պնդում էին, որ իրենք էլ են մասնակցելու այդ խաղաղապահ առաքելությանը, և դա լինելու է ոչ թե զուտ ռուսական, այլ ռուս-թուրքական առաքելություն։ Չնայած ռուսական կողմից անընդհատ արձագանքը գալիս էր, որ դա բացառապես ռուսական առաքելություն է լինելու, միևնույն է՝  թուրքերն այնքան ժամանակ պնդեցին, որ իրենք էլ են մասնակցելու՝ մինչև խաղաղապահ կոնտինգենտը ձևավորվեց, և խնդիրը մեկընդմիշտ դուրս եկավ օրակարգից»,- ասաց Վահրամ Հովյանն ու ընդգծեց, որ հիմա էլ կարծես թե նույն տրամաբանությունն է՝ նրանք անընդհատ պնդում են մի բան, որը իրականության մեջ չկա, և դրանով փորձում են ճնշում գործադրել և մեզ էլ տրամադրել, որ այդպես պետք է լինի։   

«Թուրքիան ինչպես նախկինում, այնպես էլ հիմա հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հարցը կապում է մեր ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հետ։ Ուղղակի եթե նախկինում այլ խնդիրներ էին դրված՝ մեր վերահսկողության տակ գտնվող ազատագրված տարածքների հանձնումը Ադրբեջանին, ապա այսօր Թուրքիան մեզնից ակնկալում է համաձայնել Ադրբեջանի կողմից առաջարկվող խաղաղության պայմաններին»,- նշեց քաղաքագետը։ 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջարկած խաղաղության պայմանների շարքում է նաև «Զանգեզուրի միջանցք» ասվածը, թե ինչո՞վ է վտանգավոր այդ միջանցքը Հայաստանի համար՝ Վահրամ Հովյանն ընդգծեց. «Այդ միջանցքի բացասական կողմը կարելի է դիտարկել երկու ուղղությամբ՝ «Զանգեզուրի միջանցքը» այն ամենակարճ ցամաքային ուղին է, որով Թուրքիան կկապվի Ադրբեջանի հետ, և իրականություն կդառնա իրենց վաղեմի պանթուրքիստական երազանքը։ Եվ այդ ցամաքային կապը Ադրբեջանի հետ եթե լինի միջանցք, այլ ոչ թե հաղորդակցության ուղիների վերաբացում, ապա Հայաստանը այդ ճանապարհի վրա վերահսկողություն չի ունենա։ Այսինքն՝ Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ կձևավորվի թուրք-ադրբեջանական վերահսկողություն, և Հայաստանը կկորցնի այդ տարածքի հանդեպ իր ինքնիշխան իրավունքը։ Եվ ի վերջո՝ Թուրքիան կարող է այդ տարածքով զենք կամ թմրանյութեր տեղափոխել»։   

Քաղաքագետի խոսքով՝ մյուս կողմից էլ, եթե ոչ թե միջանցք, այլ զուտ հաղորդակցության ուղիների բացում լինի, բնականաբար այդ տարածքով անցնող բեռների համար Հայաստանը նաև կարող է մաքսատուրքեր գանձել՝ տրանզիտ ճանապարհ տրամադրելու համար, ինչը լրացուցիչ բյուջետային եկամուտներ կապահովի Հայաստանին. «Եվ վերջապես՝ Թուրքիան, այդ միջանցքի անվտանգության խնդիրը պատրվակ դարձնելով, կարող է այնտեղ զորք կենտրոնացնել և այնուհետև սպառնալ Հայաստանի մնացած տարածքներին։ Իսկ հաղորդակցության ուղիների բացման դեպքում մենք դուրս կգանք շրջափակումից և ցամաքային կապի հնարավորություն կունենանք Իրանի և Ռուսաստանի հետ»։

Նարա Մարտիրոսյան