Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս իրավիճակը նշանակում է՝ հնարավոր է՝ ՀԱՊԿ-ը Հայաստանից դուրս գալու մտադրություն ունի․ Նիկոլ Փաշինյան

Արդեն մեկուկես տարի ադրբեջանական զորքերը գտնվում են ՀՀ սուվերեն տարածքում, անկախ հանգամանքից, որ ՌԴ-ն, լինելով Հայաստանի անվտանգության երաշխավորը, չի կատարում իր պարտականությունները, արդյո՞ք իշխանությունը կատարում է իր սահմանադրական պարտավորությունները, ու եթե չի կատարում, դրան ի՞նչ կարող է հետևել, հարցին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ հասկանալով հարցի ենթատեքստը՝ ցանկանում է նախ ընդգծել, որ Ադրբեջանական ուժերը մեկուկես տարի չէ, որ Հայաստանի տարածքում են․ «Հիշեցնեմ, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն ՀՀ տարածքում են արդեն 30 տարի, որովհետև նրանք 90-ականներին շուրջ 70-ից ավել քառկմ տարածք են բռնազավթել Հայաստանից, մասնավորապես Տավուշի, Արարատի և այլ մարզերից։ Այո, 2021-ի մայիսից Ադրբեջանը օկուպացրել է ՀՀ-ի նոր տարածքներ, և մեր դիրքորոշումն է, որ Ադրբեջանի զորքերը պետք է դուրս գան Հայաստանի սուվերեն տարածքից։ Մենք հետևողականորեն կգործադրենք բոլոր հնարավոր դիվանագիտական միջոցները այդ նպատակին հասնելու համար։ Մեզ համար կարևոր է նաև, որ մենք նոր սադրանքների պատճառ չդառնանք, և մեր գործողությունները բխում են այդ տրամաբանությունից»,-նշեց վարչապետը։   

Արդյոք Հայաստանը դիտարկո՞ւմ է ՀԱՊԿ-ից դուրս գալու սցենարը հարցին վարչապետը հակադարձեց հարցով․ «Իսկ հնարավոր է, որ ՀԱՊԿ-ը դուրս գա Հայաստանից, կամ այս ամբողջ իրավիճակը նշանակում է՝ հնարավոր է՝ ՀԱՊԿ-ը Հայաստանից դուրս գալու մտադրություն ունի։ Համենայնդեպս ՀԱՊԿ-ի մասին իմ գնահատականները օբյեկտիվ են»։ 

Այնուհետև նա ընդգծեց, որ իշխանությունը առաջնորդվում է Հայաստանի Հանարապետության պետական շահերով, և դա պահպանելու է ցանկացած դիրքորոշում, հարց փոխելու կամ ճշգրտելու ժամանակ։