Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեքենաների զույգ պետհամարանիշների գողության դեպքերի պատճառով առաջացած խնդրին շուտով լուծում կտրվի․ Տեսանյութ

ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում  «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն անդրադարձավ վերջերս ահագնացող տեմպերի հասնող՝ ավտոմեքենաների պետհամարանիշների գողություններին։ Ըստ գործող օրենքի զույգ պետհամարանիշերը կորցնելու դեպքում քաղաքացիները չեն կարող դրանք վերականգնել, այլ պետք է նորից գնեն։ Պապոյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք Կառավարությունը նախատեսում է այս մասով Կառավարության որոշման փոփոխություններ կամ օրենսդրական փոփոխություններ իրականացնել, թե՞ ոչ։

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը նշեց, որ մանրամասներին այնքան էլ լավ չի տիրապետում, սակայն գիտի, որ Ոստիկանությունը ակտիվ աշխատում է այս ուղղությամբ և մի քանի ուղղությամբ լուծումներ են առաջարկվում, նաև միջազգային փորձն է հաշվի առնվում։ «Մի տարբերակը այսպես ասած չիպերով պետհամարանիշների տրամադրումն է, որով հնարավոր է լինելու պարզել պետհամարանիշի գտնվելու վայրը, որի հետ նախատեսվում է համադրել նման արարքների համար պատասխանատվության խստացումը։

Նաև որոշակի թվային լուծումներից կախված՝ մեր ռեգիստրներից կախված կարող են նաև լուծումներ լինել, որ հնարավոր լինի վերականգնել պետհամարանիշերը։ Կարծում եմ Ոստիկանությունը սեղմ ժամկետում տվյալ հարցի լուծման համար նախաձեռնությամբ հանդես կգա»,- ասաց Տիգրան Ավինյանը։

Գևորգ Պապոյանը արձագանքելով նշեց, որ խնդիրը Կառավարության և ԱԺ-ի ուշադրության կենտրոնում է և մոտ ապագայում դրան լուծում կտրվի։