Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանական տելեգրամյան ալիքներով Ադրբեջանին հերթական անգամ զգուշացվում է, որ Իրանը չի հանդուրժելու սահմանների փոփոխություն, իսկ Ադրբեջանը սա ներկայացնում է իբր սպառնալիք Իրանի կողմից. իրանագետ

Իրանական տելեգրամյան ալիքներով Ադրբեջանին հերթական անգամ զգուշացվում է, որ Իրանը չի հանդուրժելու սահմանների փոփոխություն, իսկ Ադրբեջանը սա ներկայացնում է իբր սպառնալիք Իրանի կողմից. իրանագետ
Քաղաքականություն
18:58, 22 март 2023
Ադրբեջանական մամուլում տարածվում են լուրեր, թե Իրանը Ադրբեջանին սպառնում է ներխուժմամբ։ Civic.am-ի հետ զրույցում իրանագետ Ժաննա Վարդանյանն ընդգծեց, որ պաշտոնապես Իրանի կողմից Ադրբեջանի հասցեին ոչ մի սպառնալիք չի հնչեցվել, իրանական ԶԼՄ-ները ևս նման հրապարակումներով հանդես չեն եկել: «Խոսքը իրանական տելեգրամյան ալիքներում գրառումների մասին է, որտեղ նախազգուշացումներ են հղվում Ադրբեջանին, որ Սյունիքի վրա հարձակումը Իրանի համար կարմիր գիծ է։ Եվ սա ներկայացվում է իբրև Ադրբեջանի դեմ Իրանի կողմից հնչած սպառնալիք, այսինքն՝ Ադրբեջանը սա տեղավորում է իր քարոզչական թեզերի շրջանակում, թե Իրանը սպառնալիք է՝ վտանգ է ներկայացնում։ Այս թեզերն Ադրբեջանը հատկապես սնուցում է վերջին շրջանում իրենց լարված հարաբերությունների ֆոնին»,- ասաց մեր զրուցակիցն ու ընդգծեց, որ Ադրբեջանն անգամ հայտարարություններ է տարածում, թե Իրանից ահաբեկիչներ են տեղափոխվում Արցախ, տեխնիկա է տեղափոխվում Հայաստան, և սա ևս Ադրբեջանի քարոզչական թեզերի շրջանակում է արվում։ 

Իրանագետը հիշատակեց, որ իրանական տելեգրամյան ալիքների գրառումներն իրականում նորություն չեն, քանի որ մեջբերումներ են Իրանի պաշտոնյաների այն խոսքերից, որ տարածաշրջանում սահմանների փոփոխությունը կարմիր գիծ է Իրանի համար: «Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հարձակման վտանգի մեծ լինելու պայմաններում Իրանը Ադրբեջանին հերթական անգամ զգուշացնում է, որ չի հանդուրժելու սահմանների փոփոխությունը»,- մեկնաբանեց իրանագետը։ 

ԱՄՆ-ն Ադրբեջանին օգնություն էր առաջարկել Իրանի կողմից հնարավոր բախման դեպքում։ Իրանագետը կարծում է, որ առնվազն կարճաժամկետ հատվածում Ադրբեջանը Իրանի վրա հարձակվելու ցանկություն չունի. «Ադրբեջանն այս պահին իր առջև այլ խնդիրներ ունի դրված, որոնք Հայաստանն ու Արցախն են։ Հայաստանի և Արցախի հետ հարցերը լուծելուց հետո Ադրբեջանը բնականաբար կդիտարկի ավելի մեծ հակաիրանական գործողություններ ձեռնարկելու հնարավորությունը։ Ադրբեջանը Հարավային Ադրբեջանի թեզն  է փորձելու շահարկել։ Այս պահին էլ Ադրբեջանը շատ ակտիվ հակաիրանական քարոզչություն է տանում»։ 

Արցախի տարածքները գրավելուց հետո սկսեցին շրջանառվել լուրեր, որ Ադրբեջանը Իսրայելի համար Իրանի դեմ դիրքավորվելու հնարավորություններ է ստեղծում այդ տարածքներում։ Իրանագետը նշում է, որ Իրան-Իսրայել հարաբերություններն օր օրի բարդանում են, մինչդեռ Ադրբեջանը դեսպանատուն բացեց Իսրայելում. «Արցախից օկուպացված տարածքներում շինարարական աշխատանքներին ներգրավված են նաև իսրայելական ընկերություններ, որոնք կառուցում են նաև խելացի գյուղեր, և իրանական մամուլում շատ են շեշտադրվում, որ Իրանի սահմանների մոտ կա Իսրայելի ներկայությունը, սակայն բավարար տեղեկություն չունենալու պատճառով դժվար է ասել՝ Իսրայելի ներկայացվածությունն այդ տարածքներում կարո՞ղ է օգտագործվել Իրանի դեմ հետախուզության համար, թե՞ ոչ»։  

Ինչ վերաբերում է հայ-իրանական հարաբերություններին՝ Ժաննա Վարդանյանը շեշտեց, որ բավական ակտիվ հարաբերություններ են երկու երկրների միջև. «Հաճախակի փոխայցեր են լինում տնտեսական, էներգետիկ և այլ ոլորտի ներկայացուցիչների կողմից, կա նաև առևտրաշրջանառության աճ, իհարկե դա Իրանից ներկրումներն են հիմնականում, սակայն 2022թ. ցուցանիշներով աճ կա նաև Հայաստանից Իրան արտահանումների մեջ։ Երկու կողմում էլ կա հարաբերությունները խորացնելու տրամադրվածություն»։
Իրանագետի դիտարկմամբ՝  Հայաստանի շահերը համընկնում են Իրանի շահերի հետ։ 

Նարա Մարտիրոսյան