Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քոչարյանին միացած ԱԱԾ պահեստազորայինները Արշավիր Ղարամյանի ՀՀ ԱԱԾ պաշտոնյա աղջկանի՞ց են նաև «գաղտնի տեղեկություններ» ստանալու

Քոչարյանին միացած ԱԱԾ պահեստազորայինները Արշավիր Ղարամյանի ՀՀ ԱԱԾ պաշտոնյա աղջկանի՞ց  են նաև «գաղտնի տեղեկություններ» ստանալու
Քաղաքականություն
19:02, 10 май 2021
Օրերս ստեղծվել է «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպությունը, որի ջատագովներից և անդամներից է նաև Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն Արշավիր Ղարամյանը։ Հենց նա է ՀԿ հիմնադիրներից ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին առաջին տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյանի խոսքով՝ Արցախում համակարգում իրենց կազմակերպության աշխատանքները։ 

«ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ն իր ստեղծման օրից մի քանի օր անց չթաքցրեց, որ թեպետ ստեղծվել են որպես ապաքաղաքական կառույց, այնուամենայնիվ, պահանջում են գործող իշխանության հրաժարականը։ Նրանց խոսքով՝ «կյանքը բերում է իր անհրաժեշտ խմբագրումները»։ 

Իսկ երեկ News.am լրատվական կայքը հրապարակեց, որ «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» հիմնադիրները՝ Հրանտ Եպիսկոպոսյանը, Վրեժ Արզումանյանն ու Միքայել Համբարձումյանը ներկա էին մայիսի 9-ին տեղի ունեցած Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքին։ 

Կազմակերպության հիմնադիրներից Հրանտ Եպիսկոպոսյանը մամուլի ասուլիսի ժամանակ կազմակերպության նպատակները ներկայացնելուց ընդգծել էր նաև, որ զբաղվելու են «ՀՀ-ում արտաքին ուժերի կողմից ֆինանսավորվող հակազգային կառույցների գործունեության մասին» փաստեր հավաքելով ու հրապարակելով, թեպետ ՀԿ-ի Ֆեյսբուքի էջում, կազմակերպության նպատակների շարքում ընդգրկված են միայն պահեստազորային սպայակազմի իրավունքների ու շահերի պաշտպանությանն ուղղված միտումները։
Civic.am-ը կապ հաստատեց «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ի հետ՝ ճշտելու թե ինչո՞ւ են կարծում, որ ԱԱԾ ներկայիս աշխատակիցները չեն զբաղվում արտաքին ուժերի կողմից ֆինանսավորվող հակազգային կառույցների գործունեությունը բացահայտելով, ինչպես նաև, տեղեկանալու՝ ի՞նչ ճանապարհներով է կազմակերպությունը պատրաստվում, փաստորեն, գաղտնի տեղեկատվությունը ձեռք բերել։ 

Սակայն ի պատասխան մեր հարցադրումների՝ «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ի տնօրեն Նաիրա Մանուկյանն ասաց, որ ներկայումս կազմակերպությունից որևէ մեկը հարցազրույց չի տալիս, ավելին՝ որևէ հարցի էլ չեն պատասխանում․ «Մոտակա ժամանակներս ասուլիս կունենանք, այդ մասին կհրապարակենք, եթե ցանկություն ունենաք այնտեղ Ձեր հարցերը կուղղեք»,-հավելեց ՀԿ-ի տնօրենը։ 

Նշենք, որ ԱԱԾ նախկին պաշտոնյանների կողմից ստեղծված կազմակերպության շարքերում է ոչ միայն Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն Արշավիր Ղարամյանը, այլև Հայաստանի ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ 

Ուշագրավ է, որ «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ի խորհրդի անդամ Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն Արշավիր Ղարամյանի աղջիկը՝ Լուսինե Ղարամյանը, ըստ հայտարարագրերի ռեեստրի՝ 2017թ-ից աշխատում է ԱԱԾ-ում։ Տեղեկությունը, մեր հարցմանն ի պատասխան, հաստատեցին նաև ԱԱԾ-ից։ 

Լուսինե Ղարամյանը սկզբնական ժամանակահատվածում աշխատել է որպես ԱԱԾ քննչական վարչության քննիչ, իսկ Արթուր Վանեցյանի ղեկավարման տարիներին՝ 2018թ հոկտեմբերին, նշանակվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչ։   

Ի դեպ՝ Արշավիր Ղարամյանի 28-ամյա դուստրը՝ Լուսինե Ղարամյանը բավական հարստացել է ԱԱԾ-ում պաշտոն ստանալուց հետո։

Ղարամյանը ամուսնու՝ Լիպարիտ Եղոյանի հետ 2018-ին ձեռք է բերել 84 հազար ԱՄՆ դոլարով արժողությամբ անշարժ գույք և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա։ Լուսինե Ղարամյանի դրամական միջոցները կազմել են 5 միլիոն դրամ և 10 000 դոլար։ Ընդ որում, նա այդ տարի ստացել է ընդամենը 3,48 մլն դրամ աշխատավարձ։  

Նրա ամուսնու՝ Լիպարիտ Եղոյանի դրամական միջոցները 2018-ին կազմել են 156 000 դոլար և 28 միլիոն դրամ։