Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Լուսավոր Հայաստան»-ի նախընտրական ցուցակում անակնկալներ չեն լինելու․ Էդմոն Մարուքյան․ Տեսանյութ

«Ցուցակը հիմա սևագրի փուլում է, հետևաբար չեմ կարող որևէ բան հրապարակել, դեռևս կառավարման խորհրդի կողմից հաստատված չէ, քննարկումներն ընթացքի մեջ են»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ խսելով իրենց նախընտրական ցուցակի մասին։

Նա նշեց, որ համագումարի ժամանակ էլ է ասել, որ հատուկ անակնկալներ չունեն, իրենք իրենց թիմով, իրենց ռեսուրսով են մասնակցելու։

Նա չբացառեց, որ կլինեն նաև ոչ իրենց կուսակցության անդամներ, որոնց միշտ տեղ են տվել։ 

«Կլինեն մարդիկ, որոնք կուսակցական չեն, բայց ինչ-որ ոլորտում մասնագետ են, ունեն լավ գիտելիքներ, փորձ, որը կարող են ներդնել մեր պետականաշինության գործում։ Բայց նրանք հիմնականում ոչ հանրային դեմքեր են։ Գործարարներ չկան, չեն էլ ունեցել»,-ասաց Էդմոն Մարուքյանը։

Լրագրողներից մեկի այն հարցին, թե համոզի՞չ են արդյոք Մարուքյանի համար, իշխանության այն փաստարկները, որ Խաչատուր Սուքիասյանն ու Գուրգեն Արսենյանը գործարարներ չեն։

Ի պատասխան Էդմոն Մարուքյանն ասաց, որ 5-րդ գումարման խորհրդարանից կարող է օրինակներ բերել, որ երբ քաղաքացիական հասարակության սեկտորը և ընդդիմությունը քննադատում էր այն ժամանակվա իշխանություններին, որ գործարարներին բերում են խորհրդարան և երկրում բիզնեսն ու քաղաքականությունը տարանջատված չեն, հեղափոխության խոստումներից մեկն էլ հենց այն էր, որ բիզնեսն ու քաղաքականությունը պետք է տարանջատվեն։

«Եվ այս իմաստով կարող եմ ասել, որ եթե նորից գործարարներ բերվեն խորհրդարան, դա հեղափոխության ևս մեկ խոստման դրժում կլինի և հետընթաց՝ էն եղած մի քանի ձեռքբերումների փշրանքներից, որովհետև այն ինչ ձեռբերումներ եղել են հեղափոխությունից հետո, դրանցից արդեն փշրանքներ են մնացել։ Որովհետև արդեն խոսակցություն կա, որ ընտրակաշառք է լինելու»,-ասաց Էդմոն Մարուքյանը։

Հարցին, թե ունի հստակ ինֆորմացիա, թե ովքեր կարող են բաժանել ընտրակաշառք, Մարուքյանն ասաց, որ միշտ կարող է փող բաժանել իշխանությունը, որովհետև իշխանությունը գործարարների վրա ունի ազդեցություն և միշտ կարող են փող բաժանել այն ուժերը, որոնք անսահմանափակ ռեսուրսներ ունեն։ 

«Այդ խոսակցությունները կան։ Այսինքն՝ այս մասով էլ իշխանությունը պետք է ցույց տա՝ ունի կամք թույլ չտալու, որ ընտրակաշառքը տեղ գտնի մեր սպասվող ընտրություններում։ Ռիսկն այն է, որ մյուս բոլոր ուժերը կհասկանան, որ այս սկզբունքը չի գործում և սկսելու են իրենք էլ գործարարներ բերել։ Եվ խորհրդարանը եթե ոչ այս անգամ, մյուս անգամ կլինի գործարարներից բաղկացած խորհրդարան, ինչպես որ եղել է նախկինում։ Այսինքն՝ այն ինչ-որ քննադատվել, մերժվել է էդ համակարգը հիմա վերածնվում է այլ էռոզիաների արդյունքում ձևախեղված ինչ-որ մի հատ բան է դառնում, որ ոչ էնա, ոչ՝ էն։ Մեջտեղում՝ գործարարներին ու կիսագործարարների խորհրդարան է»,-ասաց Մարուքյանը։