Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուժերը, որոնք ուզում են բացառել Փաշինյանին, պետք է հասկանան` իրենք նույնպես բացառված են․ Էդմոն Մարուքյան

Ուժերը, որոնք ուզում են բացառել Փաշինյանին, պետք է հասկանան` իրենք նույնպես բացառված են․ Էդմոն Մարուքյան
Քաղաքականություն
17:36, 14 май 2021
ԼՀԿ-ն Սյունիքի սահմանին տեղի ունեցող դեպքերի պատճառով չեղարկել է կուսակցության համագումարը։ Այս մասին հրավիրված ասուլիսի ընթացքում հայտարարեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։ 

«Առաջին ուժը, որը հայտարարել է` Նիկոլ Փաշինյանին և Ռոբերտ Քոչարյանին վարչապետ դարձնելու կոալիցիա չի կազմի՝ «Լուսավոր Հայաստանն» է», - ասաց Մարուքյանը՝ անդրադառնալով լուրերին, որ ընտրություններից հետո ընդդիմադիրները հնարավոր է` միավորեն իրենց ուժերը։

«Հիմա այն ուժերը, որոնք ուզում են Քոչարյանին վարչապետ դարձնել, ասում են`եկեք հուշագիր ստորագրենք, որ Փաշինյանին բացառում ենք։ Մենք էլ ասում ենք` թող ստորագրեն, որ Հայաստանը հետ չեն տանի, այսինքն` նախկին որևէ լիդերի չեն բերի իշխանության գլուխ։ Ուժերը, որոնք ուզում են բացառել Փաշինյանին, պետք է հասկանան` իրենք նույնպես բացառված են», - նշեց Մարուքյանը։

Մարուքյանը հայտարարեց  նաև, որ ԼՀԿ–ն չեղարկել է կուսակցության վաղվա համագումարը. նրա խոսքով` նախընտրական աշխատանքները, ըստ էության, կասեցրել են Սյունիքի սահմանին տեղի ունեցող դեպքերի պատճառով։

Խոսելով ԼՀԿ-ի ցուցակներից` Մարուքյանը ասաց, որ հարցը կորոշվի համագումարի ժամանակ եւ իրենց ցուցակում կներառեն նաև որոշ անհատների։

Անդրադառնալով արտահերթ ԱԺ նիստ հրավիրելուն, նա ասաց, որ պատրաստվում են քննարկել Սյունիքում, Գեղարքունիքում ստեղծված իրավիճակը․ «Ավելի շատ առիթն այն է, որ հավաքվենք, քննարկենք, համապատասխան մարմինների պատասխանատուներին հարցեր տանք: Խորհրդարանը չի կարող անմասն լինել երկրում տեղի ունեցող գործընթացներից», - ասաց Մարուքյանը: