Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բարձրաստիճան զինվորականը մեղադրվում է, քանի որ հրամայել է ցած իջնել հետ գրաված բարձունքից, ու չկա բացատրություն՝ ինչո՞ւ. վարչապետը՝ 5-րդ շարասյան մասին

«Առանց շարասյուները համարակալելու՝ բոլորն էլ զգում էին, որ պատերազմի ընթացքում չի եղել այնպես հօգուտ ձեզ, որովհետև գոյություն են ունեցել շարասյուներ: Ես ինքս մի անգամ զգացի, որ բացի 5-ից, կարող է 6-ն էլ կա: Մեր անվտանգային կառույցները հսկայական անելիք ունեն բացահայտելու բոլոր շարասյուները, հատկապես 5-րդը»,- այսօր՝ ապրիլի 12-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:  

Վարչապետը ի պատասխան ասաց, որ ինքը երկու օր առաջ տեսել է մի հեռուստատեսային ռեպորտաժ, ըստ որի՝ բարձրաստիճան զինվորականը մեղադրվում է, քանի որ, զանց առնելով իր լիազորությունները, հրամայել է ցած իջնել հետ գրաված բարձունքից.

«Ցանկացած գործողություն պետք է ունենա բացատրություն, բայց չկա բացատրություն, թե ինչի է հետ հանձնում: Կամ՝ բարձրաստիճան զինվորականը զորքի մեջ խուճապ է տարածում: Ոչ մի հանցագործություն բացահայտված չէ, քանի դեռ դրա մոտիվացիան բացահայտված չէ: Ես մտածում եմ՝ կարո՞ղ է ուրիշ երկրի գործակալներ են դրանք, քանի որ ես նման հրաման չեմ տվել, ուրեմն ինքն ունի ուրիշ տեղից է հրամաններ է ստացել: Չեն բացատրում, այլ միայն ասում են՝ մեզ դատեք անփութության համար»: 

Վարչապետի խոսքով՝ հետևությունը կարող է այն լինել, որ 44-օրյա պատերազմի առաջնային թիրախը ամենևին էլ ԼՂ-ն չէ, այլ ՀՀ-ն է, նրա անկախությունը, ինքնիշխանությունը:

Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրեց, որ քննիչ հանձնաժողովի աշխատանքը մտել է ակտիվ փուլ, և քննվում են զինվորականներ և հավելեց. «Ասում են, թե փոսերը ծառատունկի փոսեր չեն, այլ մտածված դիակների համար փոսեր են, այդպիսի բան կարող է ասվել, երբ ստանում են հրահանգ»:

Անդրադառնալով երեկվա դեպքերին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Հարձակում է տեղի ունեցել զինված ուժերի վրա, և մեկ էլ մարդիկ ասում են՝ իշխանությունը պետք է րոպե առաջ հրաժարական տա: Գոնե ասեին՝ մի հատ էս դեպքերն անցնի, հետո, չէ, ասում են, հիմա պետք է հրաժարական տա, որ վիճակի կառավարում էլ չլինի. դա 5-րդ շարասյան գործելակերպ է»:

Մանրամասն՝ տեսանյութում