Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նախորդ իշխանությունը գիտե՞ք ոնց է կառավարել պատերազմի ռիսկը՝ ամեն ինչ արել է, որ տեսանելիորեն բանակը փլվի, որ ասեն՝ խի ենք էսօր հարձակվում, հենա վաղը կհարձակվենք․ Նիկոլ Փաշինյան

Նախորդ իշխանությունը գիտե՞ք ոնց է կառավարել պատերազմի ռիսկը՝ ամեն ինչ արել է, որ տեսանելիորեն բանակը փլվի, որ ասեն՝ խի ենք էսօր հարձակվում, հենա վաղը կհարձակվենք․ Նիկոլ Փաշինյան
Քաղաքականություն
18:27, 05 май 2021
Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին հարցրեց, թե արդյոք մենք ունեցե՞լ ենք հնարավորություն և կարողացե՞լ ենք պատշաճ ձևով պատրաստվել պատերազմին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրականում պատգամավորի տված հարցն էլ կարող է թվալ մի շերտանի հարց է, բայց ինքը բազմաշերտ հարց է։

«Ձեր ուղիղ հարցի ուղիղ պատասխանն այո է։ Բայց ես ուզում եմ, որ մենք հաշվի առնենք մի նրբություն, որ պատերազմին պատրաստվելն ունի նրբություններ, որովհետև հակառակորդն էլ է հետևում քեզ։ Ինքը տեսնում է, որ դու գնում ես դեպի մի գիծ, երբ 80-ականների զենքերից անցում ես կատարում 2020-ականների զենքերի, ինքը հասկանում է, որ երբ դու այդ գիծն անցար քո պոտենցիալն աճելու է, ինքը հասկանում է, որ ճիշտ տեղը խփելու այդ գիծն է, որ դու չհասցնես մնաս 80-ականների զենքի մակարդակի։ Սա էլ է պատերազմի հրահրում։ Որովհետև երբ դու քո բանակը զարգացնում ես, դու չես կարող բանակը զարգացնել թաքուն։ Հակառակորդը տեսնում է, որ սպաների աշխատավարձ է բարձրանում էականորեն, զինվորների սննդի հարց է լուծվում, ժամկետային  զինծառայողների ծնողները, ընտանքի անդամները ներառվում են բուժսպասարկման պետպատվերում,սա մարտունակության հետ կապված հարց է, ձեռք են բերվում ժամանակակից զինատեսակներ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։ 

Այնուհետև հիշեցնելով «ՍՈՒ»-երի հետ կապված պատմությունը՝ ասաց, որ դա տիպիկ օրինակն է։

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ ինքը մի անգամ թվերը խառնել է և նշեց, որ դրանք եկել են 2019 թվականի դեկտեմբերի վերջին, բայց մեր օդաչուները ինքնուրույն առաջին անգամ թռիչք իրականացրել են 2020 թվականի մայիսին և սպառազինությունն էլ դեռ ամբողջական չի եղել։

«Ինքը հասկանում է, որ դա է ճիշտ կետը։ Այո՛, «ՍՈՒ-30 գերժամանակակից զենք առնելով մենք հրահրել  ենք պատերազմը։ Նախորդ իշխանությունը գիտե՞ք ոնց է կառավարել պատերազմի ռիսկը։ Ամեն ինչ արել է, որ տեսանելիորեն բանակը փլվի, որ ասեն է խի ենք էսօր հարձակվում, հենա վաղը կհարձակվենք։ Եվ սա է նրբությունը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։