Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ոչ մի կայացած ինստիտուտ չկար․ միակ կայացած ինստիտուտը կոռուպցիան էր, այն էլ մենք եկանք, քանդուքար արեցինք․Փաշինյանը՝ Սերգեյ Բագրատյանի հարցին․ Տեսանյութ

ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն այսօր ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, «Իմ քայլի» կողմից առաջադրված վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին հարցրեց, թե արդյոք ճիշտ չէր լինի, որ իրենք գնային այլ ճապարհով, ինքնալուծարման օրենքը կարողանային ընդունել և շատ ավելի քաղաքակիրթ ճանապարհով ԱԺ-ն ինքնալուծարվեր և պրոցեսն ավարտեին հենց այն փիլիսոփայությամբ, որ պառլամենտը բարձրագույն մարմին է և իրենք պառլամենտական կառավարման են անցել և այդտեղ գործադիրի անելիքը չլիներ։ 

«Միգուցե հարցը ժամանակավրեպ է, բայց ընտրություններ էլ կան և արդյո՞ք մենք չպետք է այլևս արձանագրենք այն փաստը, որ եթե գնում ենք ընտրությունների, քաղաքական ուժերը հայտարարեն իրենք սահմանադրական փոփոխություններ անելո՞ւ են, թե՞ ոչ»,-հարցրեց Սերգեյ Բագրատյանը։ 

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց, որ փորձը ցույց տվեց, որ ընդհանրապես անձնավորված սահմանադրական փոփոխությունները լավ բան չեն։

«Ես նախկինում էլ ասել եմ,նաև հենց 2018 թվականին, որ մենք Սահամանդրությունը փոխենք, բայց ես ինքս այդ օրակարգին չեմ համաձայնվել մի պարզ պատճառով, որովհետև հասկացել եմ, որ դա հենց միանգամից մեկնաբանվելու է որպես  հերթական անձնավորված սահմանադրական փոփոխություններ։ Բայց տեսեք մեր Սահմանադրությունը շատ լուրջ պրոբլեմներ ի հայտ բերեց,դա ակնհայտ է։ Պատկերացրեք երկրում, ըստ էության, պետական հեղաշրջման իրավիճակ է և այդ պետական հեղաշրջումը արմատախիլ անելը, թվում է, թե լիազորությունները կան, սակայն տևում է 15 օր։ Ուրիշ հարց է, թե այդ ընթացքում ով իրեն ոնց է դրսևորում, ով է մտածում պետական շահերի մասին, ով է մտածում իր անձնական շահերի մասին։ Սա բոլորվին ուրիշ թեմա է, բայց սա թեմա է, որը կա՝ անկախ նրանից մենք ուզենք,թե չուզենք։ Եվ այն ինչ որ Դուք ասեցիք, այն իմ սուբյեկտիվ պատասխանից չի կախված,  Ձեր ասածը օբյեկտիվորեն գոյություն ունի»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։