Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը ոչ մի հրաման Արցախում չի տվել, շտաբը ղեկավարում էր Ջալալ Հարությունյանը, նրանից հետո Միքայել Արզումանյանը․ Սամվել Բաբայան

Հայաստանը ոչ մի հրաման Արցախում չի տվել, շտաբը ղեկավարում էր Ջալալ Հարությունյանը, նրանից հետո Միքայել Արզումանյանը․ Սամվել Բաբայան
Հայաստան
16:54, 12 апрель 2021
«Բանակը կոլխոզի ժողովուրդ չի, բանակը ունենում է հրամանատար։ Երբ ասում են՝ այս հրամանատարին ինչ-որ մեկը եկավ կարգադրեց՝ տենց բան չկա, ստում են։ Ջալալ Հարությունյանը ինքն է արգելել բոլորին շտաբ մտնել, անունը ուզում եք բունկեր դրեք, ինչ ուզում եք դրեք։ Ինքն էր հրամանատարը, ինքն էր որոշողը» ,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը՝ խոսելով արցախյան 44-օրյա պատերազմից։ 

Նա, անդրադառնալով այն խոսակցություններին, որ 90-ականների պատերազմի մասնակից այս կամ այն հերոսին չեն թողել մասնակցի 44-օրյա պատերազմին, և  եթե իրենք մասնակցեին մենք հաղթանակ կունենայինք, նշեց, որ բոլորն էլ ինչ-որ չափով մասնակցել են, պարզապես մի մասը Արցախի նախագահի միջոցով է մասնակցել , մի մասը՝ Ջալալ Հարությունյանի միջոցով։

«Տղերքը նեղված են, որ ես կարում էի բունկեր մտնեի, իրենք չէին կարում։ Ինձ ի պաշտոնե չէին կարող արգելել բունկեր մտնելու։ Մարդ կա ասում է՝ երեք օր եկա, չորրորդ օրը չթողեցին բունկեր մտնեմ, հարց չի՞ ծագում ո՞վ չթողեց։ Ասում են՝ Հայաստանից հրաման եկավ, որ չմտնեմ։ Հայաստանը ոչ մի հրաման էնտեղ չի տվել, շտաբը ղեկավարում էր Ջալալ Հարությունյանը, նրանից հետո Միշիկը (ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյան -խմբ.), առանց այս անձերի ոչ մեկը այնտեղ հարց չէր կարող լուծել»,-ասաց Սամվել Բաբայանը։

Լրագրողների հարցին՝ ի վերջո իսկանդեր կիրառվել է, թե ոչ, Արցախի ԱԽ նախկին քարտուղարը նախ նշեց, որ ինքը չի ուզում հաստատել դա, որովհետև ինքը նոյեմբերի 6-ին եղել է Երևանում, իսկ ըստ հրապարակումների՝ իսկանդերը կիրառվել է նոյեմբերի 7-ին․ «Բայց բացատրեմ, որ ցանկացած հրթիռ ունի անձնագիր, և ամեն տարի ստուգում է անցնում այդ հրթիռը, գրվում է՝ ով է ստուգել, ինչ թերություններ են եղել և այլն։ Իսկանդերը ունի մի քանի տեսակի հրթիռ՝ այդ թվում հակահետևակային, նախ մենք չգիտենք, եթե կրակել են դրանցից որով են կրակել, եթե հետևակի դեմ են կրակել՝ նա օդում բացվում է մեկը դառնում է հարյուր և փոքր ռումբերի նման պայթում է։ Էն, որ ասում են հրթիռը տասը տոկոս է պայթել, ես ոնց այդ գեներալի պագոն կրող մարդկանց բացատրեմ, որ պայթելուց այդ ձևով է ցույց տալու, որովհետև բեկորային ես խփել»։ 

Civic.am-ի հարցին՝ Դուք ունե՞ք կուսակցություն, ընտրություններին մասնակցելու՞ եք՝ Սամվել Բաբայանը պատասխանեց․ «Ես չունեմ կուսակցություն, իրականությունը նա է, որ մի խումբ իտելեգենցիա՝ յոթ հոգանոց խորհրդի կազմ, որոնք մտահոգված են երկրում տիրող իրավիճակով, հրավիրել են ինձ որպես ռազմական մասնագետ, և կցվել եմ այդ թիմին»։

Նա նաև հավելեց, որ ներկայումս քաղաքական որևէ թիմի հետ չեն համագործակցում և կոալիցիա չեն կազմում, երբ մտնեն ԱԺ այդ ժամանակ էլ կորոշեն համագործակցության հարցը՝ հաշվի առնելով ԱԺ անցած քաղաքական թիմերին ու նրանց գաղափարները։