Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ատելության խոսքի դեմ բողոքող, այն «աղբ ու աղետ» համարող Գեղամ Նազարյանի խմբակցությունը ատելության խոսքի, վրեժխնդրության գեներատոր է․ այդ նա էր, որ «Դիմադրության» շարժման օրերին «ջհանդամն» էր ուղարկում ժողովրդին

Ատելության խոսքի դեմ բողոքող, այն «աղբ ու աղետ»  համարող Գեղամ Նազարյանի խմբակցությունը ատելության խոսքի, վրեժխնդրության գեներատոր է․ այդ նա էր, որ «Դիմադրության» շարժման օրերին  «ջհանդամն» էր ուղարկում ժողովրդին
Քաղաքականություն / Հայաստան
20:30, 13 апрель 2023
Ատելության խոսքի, վիրավորանքի ու հայհոյախոսության գեներատոր խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներից մեկը՝ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Նազարյանը, այսօր ԱԺ-ում բարձրացրել է ոչ դես, ոչ դեն՝  ատելության խոսքի անընդունելի լինելու թեման։ Սակայն ոչ թե իր, իր ընդդիմադիր գործընկերների և իր քաղաքական հայացքները կիսողների՝ գրեթե  ամենօրյա ռեժիմով հնչեցվող ու տիրաժավորվող, այլ՝ հեռուստատեսությամբ սփռվող  ատելության խոսքի թեման։ «Այս աղբից ու աղետից Հայաստանն ինչպե՞ս է ազատվելու: Մարդիկ հեռախոսով նայում են ալիքներ. ատելության խոսք, չարություն, կեղծ տեղեկություններ: Ի՞նչ կարելի է անել, որ այս խնդիրը մենք կարգավորենք»,- Հեռուստատեսության  և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանին ուղղված իր հարցում մասնավորապես նշել է ընդդիմադիր պատգամավորը։   

«Շատ դժվար է պայքարել բռնության կոչերի, ատելության խոսքի, ընդհանրապես բացասական բովանդակության դեմ եթերում, եթե նույնը կատարվում է ԱԺ-ում ուղիղ հեռարձակման ժամանակ: Ես իրավունք չունեմ ձեզ կոչ անել, բայց, եթե ուզում եք, որ դա հեռուստաընկերությունում նվազի, պետք է հետևեք ձեր լեքսիկոնին և այստեղ լեզվակռվի ժամանակ այդպիսի բառամթերք թույլ չտաք»,-ի պատասխան Նազարյանի մտահոգության և դիմելով խորհրդարանականներին՝  հայտարարել է  Տիգրան Հակոբյանը։  

Գեղամ Նազարյանի բարձրացրած խնդիրն, անուշուտ, մտահոգիչ է  և չափազանց վտանգավոր՝ հաշվի  առնելով համաշխարհային  չարիքի վերածված «վերբալ զենքերի» կործանարար հետևանքները։ Սակայն տարօրինակ է, որ ատելության խոսքի թեման բարձրացնում է մեկը, որը, լինելով առաջնային մանդատով օժտված պետական ինստիտուտի ներկայացուցիչ, գործիչ, որի  հանրային   խոսքը շահեկանորեն պետք է տարբերվի շարքային քաղաքացու խոսքից, զերծ չի մնացել ատելություն, վիրավորանք պարունակող խոսք արտաբերելուց։ Նույն Գեղամ Նազարյանը, ի դեպ, ընդամենը երեկ  ֆեյբուքյան գրառում էր արել, որը ատելության խոսք  է պարունակում։  «Կրկնում եմ, Նիկոլն ինձ համար ավելին է, քան դավաճան։ Հայոց լեզվում չկա բառ , որով ես կամ ինձ նման տասնյակ հազարավոր ծնողներ կարող ենք նկարագրել այն, ինչ զգում ենք, այն, ինչ մտածում ենք Նիկոլի մասին։

Մի մտեք այնտեղ, որտեղ սարսափելի ցավ է, մի գնահատեք դիմացինի կորստյան չափը, և այդ կորուստը բերողի հանդեպ նրանց ունեցած վրեժը կամ նրանց ընկալումը դրա նկատմամբ: Եթե մեկին բառեր են պետք՝ կրկնեմ այդ բառերը նորից ՝ Նիկոլը ձեզ համար պարզապես դավաճան է, իսկ ինձ համար ավելին, քան դավաճան»,-մասնավորապես գրել էր պատգամավորը, որի գրառումը, ի դեպ, տիրաժավորել էին մի շարք կայքեր։ Այդ կայքերի  նկատմամբ, այո՛, Տիգրան Հակոբյանի ղեկավարած հանձնաժողովը վերահսկողություն իրականացնելու լիազորություն չունի, սակայն ատելության խոսքը,  զանգվածային սփռման որ միջոցով էլ  տարածվի, անհետևանք չի մնում, եթե չասենք՝ ունենում է իր կործանարար հետևանքները։   

Պարոն Նազարյանի՝ ատելությամբ գերդոզավորված խոսքին հանրությանը հաղորդակից է դարձել քանիցս, մասնավորապես 2021 թ․ նախընտրական շրջանում։ Նիկոլ Փաշինյանին անվանելով «մոլագար», «տականք» «տիեզերքի վերջին ստահակ»՝ ապագա պատգամավորը չէր զլացել նաև սպառնալ   ժողովրդին․ «Մոլագար մարդասպանին ծափահարողներ, դուք հստակ գիտակցեք, որ Շուշին հանձնողին ոտնկայս ծափահարելու համար պատասխան եք տալու։ Տականքեր, չկարծեք, թե ժամանակը ձեր դաշնակիցն է, չշշկռվեք։ Պատիժը լինելու է խիստ»։

Նազարյանի շուրթերից հնչած ատելության խոսքի «թագն ու պսակը», թերևս, «Դիմադրության» շարժման օրերին  իրենց հավաքներին չմասնակցողներին «ջհանդամն» ուղարկելն էր։  «Չեն գալիս, ջհանդամը գան»,-Ֆրանսիայի հրապարակում  բորբոքված հայտարարել էր Նազարյանը, որը, նկատենք, լրագրողական աշխատանքի սոլիդ փորձ ունի, ժամանակին  ընդդիմադիր թերթի խմբագիր է եղել և քաջ գիտի  բառերի՝ բառիս բուն իմաստով սպանելու հատկություն ունենալու  մասին։  Նրա մեկ այլ գործընկեր Գեղամ Մանուկյանն էլ, հիշեցնենք, նույն՝ «Դիմադրության» շարժման օրերին, դիմելով ուսանողներին՝ հայտարարում էր․ «Ելե՜ք, ելե՜ք, Լենդրուշ Խուրշուդյանների ավանդույթը կրկնեք, հակառակ դեպքում՝ թքեք ձեր երեսին»։ 

Նազարյանն ու Մանուկյանը այն  խմբակցության անդամներն են, որի մաս կազմող քաղաքական ուժը՝ ՀՅԴ-ն, արյան և վրեժի կուսակցության համբավ ունի, վրեժ՝ ոչ միայն արտաքին թշնամու, այլ, փաստորեն, նաև ՀՀ գործող իշխանության հանդեպ,  քաղաքական ուժ, որի  ներկայացուցիչներից ոմանք, մասնավարապես՝ սփյուռքի  կառույցների, այս ընթացքում աչքի  ընկան իրենց   զազրելի վարքագծով։  Նրանք, պարզվեց, ընդունակ են  հետապնդել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանին, արտերկրում գտնվող ՀՀ վարչապետի ու ԱԳ նախարարի հասցեին ոչ նորմատիվային բառապաշարի գործածմամբ   արտահայտություններ թույլ տալ,  բռնության կոչեր հնչեցնել,  կառավարական պատվիրակության՝ ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպել ու առարկաներ նետել։

Դիմադրության, մինչ այդ էլ՝ Հայրենիքի փրկության շարժումը, մի՞թե ատելության,  սեփական երկրի իշխանության, իշխանոււթյան համակիրների   դեմ քարոզվող բռնության, վրեժխնդրության գործողություններ չէին։ 

Գերենացվող ատելության մթնոլորտի հետևանքն էր չէ՞ր արդյոք օրերս ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպը՝  ՀՅԴ-ական պատգամավորի ձեռամբ իրականացված  բռնարարքը, ատելություն, որի թիրախը դարձավ  ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։


Չենք կարծում, որ բռնությունից հետո հերոսացված  Մհեր Սահակյանը Տիգրան Հակոբյանի ղեկավարած հանձնաժողովի վերահսկողությունից դուրս գտնվող ալիքներով ատելության խոսք էր լսել, լիցքավորվել  ու դրա ազդեցության տակ էլ որոշել ձեռքերին ազատություն տալ։

Խմբակցության ներսում ծփացող ատելությունն էլ բավական է՝ բռնարարի վարքագիծ ձևավորելու համար։ Ի դեպ՝ Սահակյանն ինքն էլ ատելության խոսքի մեկ այլ՝ «հայկական շարժիչով ռուսական  գեներատորի»՝ (Մարգարիտա Սիմոնյանի ամուսին) ռեժիսոր, հաղորդավար Տիգրան Քեոսայանի «քնարի» երկրպագուներից է։ Նա իր ֆեյսբուքյան էջում կիսվել է տխրահռչակ այս անձի հեղինակությամբ եթեր հեռարձակված տեսագրություններով, որոնցում ՀՀ վարչապետի հասցեին  նողկալի որակումներ, բռնության կոչեր, ընդհուպ՝  անեծքներ են   հնչում։

Հ․ Գ․ Նկատենք, որ ատելության խոսքն ու այսպես ասած`արյունռուշտ տրամադրությունները հետպատերազմական  ֆենոմեն չեն և դեռ 90-ականներից հասարակությունը հաղորդակից էր լինում մամուլի էջերից, «ռուպռներից» կամ ԱԺ-ի  միկրոֆոններից թափվող ու լսվող ատելության խոսքի  «մաստեր կլասների»։ Հատկապես շատ կարևոր է կանխել ատելության խոսքը հենց բանավոր փուլում, քանի որ այն չկանխվելու դեպքում անպատժելիության պատրանք է ստեղծում ու հեշտությամբ կարող է վերաճել ֆիզիկական հաշվեհարդարի: 

Փաստ է` երբ 1998-ի իշխանափոխությունից հետո շրջանառության մեջ մտան նախկիններին պատժելու, «ժողովրդի արյունը ծծողներին», երկրի առաջընթացը «տոռմուզ անողներին» ջարդել-փշրելու տրամադրությունները, դրանցից ազդված «ռոմանտիկների խումբը» որոշեց նյութականացնել քարոզվածը: Մի կարճ մեջբերում անենք Վանո Սիրադեղյանի նամակ-զգուշացումից` ուղղված Վազգեն Սարգսյանին: «Ամիսներ շարունակ Հայաստանի հասարակական-քաղաքական մթնոլորտում ներշնչում են, որ քո գոյությունը «կասեցնում է Հայաստանի զարգացումը»: Ուշադրություն դարձրու ձևակերպման չարագուշակ անմեղությանը...Պարզունակ կլինի, եթե այս ամենը բացատրեմ գործընկերներիդ նենգությամբ․․․Հայը հային այդպես չի ատի – կմտածես դու։ Իսկ ես կասեմ, որ այո, նրանք հայ են։ Ուրեմն մենք հայ չենք։ Որովհետև հայը հային այդպես ատել չի կարող»։ 

Ի դեպ, երբ  2019-ին սպանվեց Գդանսկի քաղաքապետ Պավել Ադամովիչը, նրա կինը ամուսնու մահվան համար մեղադրեց լեհական TVP հեռուստաալիքին, որը, ըստ տիկնոջ, մշտապես բացասական երանգներով է լուսաբանել քաղաքապետի գործունեությունը: «Ատելության լեզուն ազդել է մարդասպանի վրա, և նա որպես զոհ ընտրել է Պավելին: Ամուսնուս սպանել են բառերը»,- ասել էր սպանվածի կինը: 

 
Ելենա Ազատյան