Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչո՞ւ եք ձեր ուշադրությունից դուրս թողնում այլ գործակալական ցանցեր՝ բացի թուրք-ադրբեջանականից. Արուսյակ Ջուլհակյանը՝ ՀՅԴ պատգամավորներին

«Ես իմ ամենագունավոր երազներում անգամ չէի կարող պատկերացնել, թե ինչպես է այս ամբիոնից Անդրանիկ Թևանյանը իր կողմից սորոսական հռչակված կազմակերպությունների զեկույցներին անդրադառնում, բայց, ինչպես ասում են, ես վաղուց արդեն դադարել եմ զարմանալ»,- իր ելույթում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:

Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ելույթին՝ նա կարևորեց պետական շահը և նշեց. «Մեր պետության ներսում պետք է մեր պետական շահերը ձևավորվեն: Ազգային իղձերը, որոնց մասին դուք խոսում եք, ես չգիտեմ՝ որ ազգի կողմից են ձևավորվել»:

Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումների համընկնմանը, Արուսյակ Ջուլհակյանը նկատեց. «Դրանք առաջին անգամ համընկել են, երբ ձեր քաղաքական առաջնորդը ԼՂ-ն դուրս է թողել բանակցությունների սեղանից. սա դուք անընդհատ մոռանում եք»:

Անդրադառնալով Ագնեսա Խամոյանի ելույթին՝ Արուսյակ Ջուլհակյանն ասաց. «Տիկին Խամոյանը ամիսներ շարունակ ասում էր՝ ինձ ներկայացրեք խաղաղության մասին փաստաթուղթը, հիմա եկել ասում է՝ ինձ մի ներկայացրեք, ժողովրդին ներկայացրեք: Իսկ այդ փաստաթուղթը ժողովրդին ներկայացվում է, որքանով որ հնարավոր է բանակցությունների խորհրդապահական էությունը պահպանելով՝ բաց խոսել ժողովրդի հետ՝ ի տարբերություն ձեր քաղաքական առաջնորդի, որի բանակցված փաստաթղթերը շատ ավելի ուշ են ի հայտ եկել»:

«Գործակալների որոնման հարթակում աշխատանքը շարունակում է երևալ, բայց, ցավոք սրտի, մենք կանգ ենք առնում միշտ թուրք-ադրբեջանական գործակալների վրա և մեր ուշադրությունից փորձում ենք դուրս թողնել այլ գործակալական ցանցեր: Ես չգիտեմ՝ ինչո՞ւ եք այդպիսի տարբերակում դնում»,- ասաց պատգամավորը՝ խոսելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի ելույթի մասին:

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 21-ին, Ազգային ժողովում շարունակվում է քննարկվել Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2022թ. կատարման ընթացքն ու արդյունքները: