Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ծառուկյանը ոչ թե եկել է ձեզ ասի՝ ժողովուրդ ջան ձեր ձայնը տվեք ինձ՝ ձեր ցավը տանեմ, կտան-չեն տա՝ Ծառուկյանը դրանով վատ չի զգում․ Գագիկ Ծառուկյան

Ծառուկյանը ոչ թե եկել է ձեզ ասի՝ ժողովուրդ ջան ձեր ձայնը տվեք ինձ՝ ձեր ցավը տանեմ, կտան-չեն տա՝ Ծառուկյանը դրանով վատ չի զգում․ Գագիկ Ծառուկյան
Քաղաքականություն
18:57, 08 июнь 2021
Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը քարոզարշավի շրջանակներում հանդիպում ունեցավ նաև գավառցիների հետ։ Հանդիպման սկզբում Ծառուկյանը հիշատակեց, որ ինքը դեռևս նախորդ տարի հուլիս ամսին գործող իշխանություններին առաջարկել է հարյուր տոկոս հրաժարական տալ, բայց պատասխան չի ստացել․ «Եղել է հեղափոխություն, ցանկություն ունեն, բայց նրանք փորձ չունեն, արդյունք չունեն ցույց տված և նրանց ցանկությամբ երկիր չես կարող զարգացնել, չես կարող ժողովրդի վիճակը բարեկեցիկ դարձնել, ասել եմ և ոչ մի պատասխան, հուլիսին ասել եմ՝ սեպտեմբերին պատերազմն սկսել է, և այդքան անմեղ զոհեր, ոնց ասեմ ձեզ՝ 20 տարեկաններ։ Ցանկացած հայ պարտավոր է նրանց հարգելու, խոնարհվելու մարդիկ իրենց կյանքը չեն խնայել, հավատացել են հաղթանակի, նրանց ծնողներն արժանի են ուշադրության, քաղցր խոսքի։ Մենք ենք իրենց հույսը, իրենց հոգսը թեթևացնելու։ Եթե մարդիկ մասնակցել են, բայց առողջ են վերադարձել իրենց ցավը տանեմ»։ 

Անդրադառնալով առողջապահությանը՝ ԲՀԿ ղեկավարը նշեց, որ այսօր մարդիկ հիվանդանոց չեն գնում, որովհետև գումար չունեն և ամաչում են գնան․ «Պետական բյուջեից 280 մլն դրամ տրամադրված է առողջապահության համար պետպատվերի տեսքով, բայց այսօր պետպատվերը չի արդարացնում։ Պետք է պետպատվերը փոխեն սերտիֆիկատի տեսքով, որ մարդիկ արժանապատիվ գնան հիվանդանոց, չամաչեն, որ իրենց ընտանիքով, բարեկամությամբ տունը չդնեն վարկի տակ, որ տանից էլնողին մի հատ ստենդ դնեն»։  

Գագիկ Ծառուկյանի համոզմամբ հիմնական մեղավորը մեր ժողովուրդն է․ «Դուք եք մեղավոր, ամեն մեկը պետք է մեղավոր ճանաչի իրեն, ոչ թե մեղադրանքը գցի ուրիշի վրեն: Ծառուկյանը ոչ թե եկել է ձեզ ասի՝ ժողովուրդ ջան ձեր ձայնը տվեք ինձ՝ ես ձեզ համար էս կանեմ, ժողովուրդ ջան ես ասում եմ այն ինչ-որ կարող ենք անել, ձեր ցավը տանեմ, կտան-չեն տա Ծառուկյանը դրանով վատ չի զգում։

Ծառուկյանը լավ է զգում, որ իր հնարավորությունը, իր կապերը, իր կարողությունը կարողանում է օգտագործել իր ժողովրդի, իր պետության համար։  Դուք պետք է լավ լինեք, բարեկեցիկ լինեք, որ իմ երեխան լավ լինի, եթե դուք լավ չեղաք իմ երեխան լավ չի կարող լինել, մի ծաղիկով գարուն չի գա ժողովուրդ»։ 

ԲՀԿ ղեկավարը վստահեցրեց նաև, որ ինքն ասում է այն ինչը կարող է անել, իսկ ինչ-որ չի կարող անել՝ երբեք չի ասի․ «2 մլն ժողովուրդ ենք, ոնց որ Չինաստանի մի փոքրիկ գյուղ, կազմակերպենք հնարավորություն տանք մարդիկ աշխատեն, արտադրածը, ստեղծածը իրանցնենք»։ 

Անդրադառանալով բյուջեին՝ ԲՀԿ ղեկավարը խոսեց նաև թոշակների բարձրացումից․ «100 մլն ասենք թոշակների բարձրացման համար՝  30․000 թոշակը թող դառնա 50․000, երկու տարի հետո 70․000, 100․000, որ մարդը լիարժեք կյանք ապրի։ Մինչև բյուջեն չավելանա ոչ մի գումար չի կարող լինել, դրա համար պետք է ներդրում անենք։ Այսօր երիտասարդությունն անտեսված է, բնակարանի խնդիր ունեն, տղան ամաչում է ամուսնանա՝ տունը ոնց է պահելու»։