Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե կանխատեսումները չեն փոխվել, մենք ակնկալում ենք, որ տարվա վերջում Սևանա լիճն ունենալու է վերջին 60 տարվա ամենաբարձր ցուցանիշը․ Նիկոլ Փաշինյան․ Տեսանյութ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղում խոսել է ջրային խնդրի մասին։

Նա նշեց, որ դեռևս երբ ընդդիմադիր պատգամավոր էր հիշում է, որ եղել է մարզի Մեծ Մանթաշում, Փոքր Մանթաշում, հարակից գյուղերում և բնակիչների հետ հանդիպումներում իր համար ցավոտ արձանագրում է արել, որ մինչև հիմա տարածաշրջանում ջրային խնդիրը շարունակում է մնալ ամենասուր խնդիրներից մեկը։

«Իհարկե մենք նախարարի հետ քննարկել ենք, թե ինչ պիտի անենք խնդիրները լուծելու համար և այստեղ նաև համայնքի և համայնքի ղեկավարների աջակցությունը կառուցողական մոտեցումը շատ կարևոր է։ Պետք է գնալ, որոշումներ կայացնել, էս խնդիրը պետք է լուծել մինչև վերջ և անցնել առաջ։ Եթե կանխատեսումները չեն փոխվել, մենք ակնկալում ենք, որ տարվա վերջում Սևանա լիճն ունենալու է վերջին 60 տարվա ամենաբարձր ցուցանիշը։ Սա ցույց է տալիս, ջրային ռեսուրսների նկատմամբ մեր վերաբերմունքը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նաև նշեց, որ այնուամենայնիվ,  ջրային պաշարների հետ կապված շատ լուրջ խնդիր կա, դա այն է, որ մեր լեռնաշխարհում տարեկան ձևավորվում է 7 միլարդ խորանարդ մետր ջուր, բայց այդ ջրից մենք կարողանում ենք ամբարել չնչին տոկոսը, մինչդեռ մեր ոռոգման համար էլ դրա 10-15 տոկոսը բավարար է մեր այսօրվա պայմաններում ոռոգման համար։ 

«Քանի որ չենք կարողանում ջրերը ամբարել, մեր երկրի վարելահողերի 74 տոկոսը չունի հասանելիություն ոռոգման ջրին։ Որպես արդյունք հետևանք, մեր երկրում վարելահողերի ուղիզ կեսն ընդհանրապես չի մշակվում։ Սա, ըստ էության, հարստություն է, որը մենք չենք օգտագործում և չենք կարողանում օգտագործել։ Եվ մեր մեծագույն խնդիրներից  է առաջիկա տարիներին ջրամբարաշինության լայնամասշտաբ ծրագրեր իրականացնել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։