Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ինչ գնով էլ լինի մեր օգնությամբ անցնես ու փրկես էս ժողովրդին»․ համայնքի բնակիչը՝ Փաշինյանին․ Տեսանյութ

«Ինչ գնով էլ լինի մեր օգնությամբ անցնես ու փրկես էս ժողովրդին»․ համայնքի բնակիչը՝ Փաշինյանին․ Տեսանյութ
Քաղաքականություն
10:48, 08 июнь 2021
«Մենք ասում ենք առաջիկա 5 տարվա ընթացքում առնվազն 2600 կմ ճանապարհ ենք կառուցելու, առնվազն 300 մանկապարտեզ ենք կառուցելու ու 300 դպրոց։ Մենք գույքահարկի համակարգի փոփոխությունն ենք արել ժողովուրդ ջան, որպեսզի բյուջե ձևավորվի, որ համայնքը երբ ասի՝ մենք պատրաստ ենք հետագա ծախսերը ֆինանսավորել՝ աշխատավարձ, կոմունալ տալ և այլն, մենք ասենք կառուցում ենք մանկապարտեզը», - այսօր Արագածոտնի մարզի Եղնիկ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի շրջանակներում։

Գյուղացիներն էլ ասացին, թե հնարավոր չէ համայնքի բյուջեով մանկապարտեզ աշխատացնեն, ի պատասխան այս դիտարկման Փաշինյանը հակադարձեց․ «Հնարավոր է, քանի որ գույքահարկի փոփոխություն ենք մտցրել, և մինչև 2026թ․ էականորեն  նոր հնարավորություններ է ստեղծվելու։ Համայնքների միավորում, որ տեղի ունենա բյուջեն կմեծանա։ Մեր մոտիվացիան գույքահարկի փոփոխության հենց դա է եղել, որ համայնքների մանկապարտեզների ծրագիրը կարողանանք իրականացնել։ Այն համայնքը, որն ասի մենք մանկապարտեզը շահագործման պահից վերցնում ենք և շարունակում ենք՝ մենք գնում՝ այդ գյուղում կառուցում ենք մանկապարտեզ»։ 

Եղնիկ համայնքի բնակիչներից մեկն էլ ասաց, որ անցած երեք կառավարությունների օրոք ոչ միայն իրենց համայնքը, այլ ողջ Թալինի շրջանն ամենալքվածն է եղել․ «Մեր միակ հույսը, որ դու ինչ գնով էլ լինի մեր օգնությամբ անցնես ու փրկես էս ժողովրդին»,- ասաց համայնքի բնակիչը Փաշինյանին։ 

Վարչապետի պաշտոնակատարն էլ անդրադառնալով համայնքի բնակչի ասած «ինչ գնով էլ լինի» արտահայտությանը՝ մեկնաբանեց․

«Գինը շատ պարզ է, ամեն մարդ ունի մի ձայն, որպեսզի մենք ընտրություններում հաղթենք պետք է ձեր ձայնը տաք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, որը քվեաթերթիկում 3-րդ համարն է»։ 

Եղնիկ համայնքի բնակիչների հետ հանդիպմանը ներկա էր նաև Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը։ Փաշինյանը խոսքն ուղղելով մարզպետին՝ ասաց «Այսօր իշխանությունը չի կարող ասել պարոն մարզպետ այսքան ձայն կապահովես, մենք կարող ենք ասել պարոն մարզպետ քո առաջ խնդիր ենք դնում, խնդրում ենք, որ առավոտից իրիկուն մարդկանց հետ շփվելիս մեր գաղափարները, ծրագրերը տարածես, որպեսզի քաղաքացիներին դարձնես համախոհ մեր ծրագրերին»։ 

Համայնքի բնակիչները բազմաթիվ խնդիրներ էին ներկայացնում վարչապետի պաշտոնակատարին՝ այդ թվում երաշտի հետևանքով անասնակերի խնդիրը, որի հետևանքով մարդիկ ստիպված են մորթել իրենց անասուններին։

Համայնքի բնակիչներից մի մասը գտնում է, որ համայնքների խոշորացումը բազմաթիվ խնդիրների լուծում կտա, մյուս մասն էլ ընդհակառակը՝ դեմ է խոշորացմանը։