Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հնդկաստանի Հանրապետությունում կստեղծվի ՀՀ ռազմական կցորդի հաստիք

Հնդկաստանի Հանրապետությունում կստեղծվի ՀՀ ռազմական կցորդի հաստիք
Քաղաքականություն
20:40, 18 май 2023
Կառավարությունն ընդունել է «Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդի հաստիք ստեղծելու մասին» որոշում: Ըստ հիմնավորման, երկու երկրների միջև ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում առկա է համագործակցության մեծ ներուժ: Հնդկաստանում ռազմական կցորդը պետք է իրականացնի ներկայացուցչական աշխատանք, որը ներառում է երկու երկրների ռազմական գերատեսչությունների հետ պաշտոնական կապերի հաստատում և խորացում, ռազմական ոլորտում հարաբերությունների զարգացում, համագործակցության ծրագրերի իրականացման մշտադիտարկում, օժանդակության ցուցաբերում նախարարության և զինված ուժերի պատվիրակությունների այցերի կազմակերպման ժամանակ:

Հավանության է արժանացել «Համաշխարհային փոստային միության ընդհանուր կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագիրը, որը կնպաստի փոստային կապի ունիվերսալ ծառայությունների որակի և հասանելիության բարձրացմանը:

ՀՓՄ-ը սահմանում է միջազգային փոստափոխանակման կանոնները, հանձնարարություններ է տալիս փոստային ծառայությունների ծավալների աճի խթանման և հաճախորդներին ծառայությունների մատուցման որակի բարձրացման վերաբերյալ: Կառավարությունը հավանություն է տվել նաև «Համաշխարհային փոստային կոնվենցիան վավերացնելու մասին», «Փոստային վճարումների ծառայությունների մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին և «Համաշխարհային փոստային միության կանոնադրությունը հաստատելու մասին» Հանրապետության նախագահի հրամանագրին: