Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ոչ թե Զանգեզուրի միջանցք», այլ «Հայկական խաչմերուկ»․ Փաշինյանի հակադարձմանն ի պատասխան Ալիևը նշեց, որ միջանցքը միջազգային տերմին է և տարածքային պահանջներ Բաքուն Երևանից չունի․ Փաշինյանի և Ալիևի բանավեճը ԵԱՏՄ նիստում

Հայաստանը և Ադրբեջանը պայմանավորվել են միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման շուրջ, և այդ հիմքով բավանական հաջող առաջ ենք ընթանում մեր հարաբերությունների կարգավորման համար, այս մասին Մոսկվայում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք դա անվանում ենք հայկական խաչմերուկ»,-նշել է նա՝ ի պատասխան Ալիևի՝ «Զանգեզուրի միջանցք» արտահայտությանը։

Նրա խոսքով՝ Երևանը պատրաստ է ապաշրջափակել բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերը տարածաշրջանում, պատրաստ է բացել տարածաշրջանային հաղորդակցությունները։

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր խոսքում կիրառեց մի արտահայտություն, որը վերջին տարիներին հիմք է ծառայում Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների համար։ Ես ցանկանում եմ ասել, որ դա օգտագործվում է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման շրջանակներում, ես ցանկանում եմ ընդգծել, որ այդ հայտարարությունում խոսք է գնում միայն մի միջանցքի մասին և դա Լաչինի միջանցքն է»,-նշել է Փաշինյանը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս ունի, որ այսօր Ալիևի և Փաշինյանի հետ եռակողմ հանդիպմանը պայմանավորվածություններ ձեռք կբերվեն տնտեսական զարգացման շահերից ելնելով։

Ալիևը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ նշել է, որ Ադրբեջանը տարածքային պահանջներ չունի Հայաստանից․ «Մենք Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունենք։ Պետք է շատ վառ երևակայություն ունենալ իմ խոսքերում այդպիսի բաներ տեսնելու համար։ Միջանցք բառի օգտագործումը ոչ մի ձևով չի նշանակում, թե մենք տարածքային հավակնություններ ունենք ինչ-որ մեկի տարածքի նկատմամբ»։

Նա նշել է, որ Բաքվի և Երևանի միջև կա խաղաղ համաձայնության հասնելու հավանականություն՝ հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանը ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։