Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արման Բաբաջանյանի հարևանի տեսախցիկն արձանագրել է պատգամավորի ավտոմեքենայի վրա կրակած անձին․ Ասուլիս

Արման Բաբաջանյանի հարևանի տեսախցիկն արձանագրել է պատգամավորի ավտոմեքենայի վրա կրակած անձին․ Ասուլիս
Քաղաքականություն
14:17, 20 июнь 2021
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր առավոտյան կրակել են ԱԺ պատգամավոր, Բաբաջանյան-Շիրինյան դաշինքի պատգամավորության թեկնածու Արման Բաբաջանյանի ավտոմեքենայի վրա։

Արման Բաբաջանյանն այսօր ասուլիսի ժամանակ ասաց, որ այս միջադեպը, հարևանների նկարագրմամբ, եղել է ժամը 9-9․30-ի սահմաններում։

«Ես կրակոցի ձայնը չեմ լսել։ Դա այն ժամն է, երբ ես մեքենայով պետք է տեղափոխվեի շտաբ, նրանք հաշվարկել են, որ ես  պետք է մեքենայում լինեմ, կամ առնվազն պետք է արդեն տեղափոխվելիս լինեմ դեպի շտաբ։ Ես գիշերը երկուսին մեքենան կայանել եմ տան մոտ  հայտնաբերել եմ կրակոցը 10․30-ի մոտերքում։ Եսանմիջապես կապվել եմ ոստիկանապետի հետ և նա ոստիկանության մի քանի տարբեր ստորաբաժանումների հանձնարարել է գալ դեպքի վայր, անհրաժեշտ աշխատանքներն իրականացրել են մասնագետները, մեքենան տեղափոխել են ոստիկանության հրապարակ»,- ասաց Արման Բաբաջանյանը։

Նա նշեց, որ իր հարևանի տեսախցիկն արձանագրել է կրակոց արձակած անձնավորությանը և հանցագործի ընդհանուր պատկերը հնարավոր է եղել դուրս բերել։
 
«Ես տեսա ձայնագրությունը, դիմակավորված, կապիշոնով, ճերմակ հագուստով, ձեռքին սև ատրճանակը։ Մանրամասներ չկան, դետալները  չկան կրակոցի պահի, բայց հայտնաբերվել է, որ փամփուշտի պարկուճի մի մասը մնացել է դիմապակու վրա, և ներսում նստատեղի հատվածում  ասեցին, որ կա վնասվածք և այնտեղ պետք է հայտնաբերվեր փամփուշտի մյուս կտորը»,- ասաց Արման Բաբաջանյանը։