Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միջազգային մամուլի անդրադարձը հայաստանյան ընտրություններին․ aravot.am

Միջազգային մամուլի անդրադարձը հայաստանյան ընտրություններին․ aravot.am
Քաղաքականություն
14:23, 21 июнь 2021
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ազդարարել է իր հաղթանակը արտահերթ խորհրդարանական ընտրություններում, գրում է BBC-ն՝ հավելելով, որ ըստ նախնական արդյունքների՝ նրա գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքել է ձայների 58%-ը: Մինչդեռ նրա հիմնական հակառակորդ, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը պնդում է, թե ընտրությունները կեղծված են:

BBC-ն հիշեցնում է, որ Ռոբերտ Քոչարյանը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ընկերը և դաշնակիցը, ինքն էլ նախկինում մեղադրվել է նախագահական ընտրությունները կեղծելու մեջ, որին հաջորդել են 2008թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձությունները:

Reuters-ը, վկայակոչելով ԿԸՀ նախնական արդյունքները, հիշեցնում է, որ Արցախյան պատերազմում պարտությունից հետո արտահերթ խորհրդարանական ընտրությունները միտված էին վերջ դնելու Հայաստանում ստեղծված քաղաքական ճգնաժամին: Գործակալությունը նշում է, որ փողոցային պայքարի արդյունքում իշխանության եկած Փաշինյանը ավելի սառը հարաբերություններ ունի Կրեմլի հետ: Նաև հիշեցնում է, որ Քոչարյանը Հայաստանում նախագահել է 1998-2008թթ. և մեղադրվում է հակասահմանադրական գործունեության մեջ, երբ 2008թ. վիճելի ընտրություններից հետո հայտարարեց արտակարգ դրություն, որից հետո ոստիկանության և ցուցարարների միջև բախումներում սպանվեց 10 մարդ:

Deutsche Welle-ն նկատում է, որ թեև ընտրություններում առաջադրված էր 26 քաղաքական ուժ, պայքարն ընթանում էր երկու ուժերի միջև: Ըստ պարբերականի՝ 2018թ. իշխանության եկած 46-ամյա ռեֆորմիստ Նիկոլ Փաշինյանը կորցրել է ժողովրդականությունը բազմաթիվ հայերի շրջանում Ադրբեջանի հետ ստորագրած հրադադարի համաձայնագրից հետո: Մինչդեռ մյուս թեկնածուն՝ Ռոբերտ Քոչարյանը, սերտորեն կապված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և այժմ բախվում է իր կառավարման տարիներին կոռուպցիոն քննությունների հետ:

Բրիտանական The Guardian-ը նկատում է, որ ընտրապայքարն իրականում հիշեցնում էր երկու ձիով մրցավազք: Թերթը հիշեցնում է, որ բևեռացնող հռետորաբանությամբ աչքի ընկած քարոզարշավի ժամանակ Փաշինյանը հայտարարել է, որ իր կուսակցությանն անհրաժեշտ է ձայների 60%-ը: Ինքը՝ Քոչարյանը, նախկինում մեղադրվել է իր՝ ջանասիրաբար ընտրված դաշնակցի օգտին ընտրությունները կեղծելու և 2008թ. ցուցարարների բողոքի ակցիան ցրելու մեջ, որը հանգեցրել է զոհերի: Թերթը նկատում է, որ 2018թ. Հայաստանը միջազգային գովասանքի է արժանացել իր առաջին ազատ և արդար ընտրություններն անցկացնելու համար:

Աղբյուր՝ aravot.am