Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի ԱԺ-ում 3 պատգամավոր ունեցող ՀՅԴ-ն մտադիր է վերցնե՞լ իշխանությունն Արցախում․ ԱԺ նախագահի ՀՅԴ-ական թեկնածուն պատկառելի ունեցվածք ունի

Արցախի ԱԺ-ում 3 պատգամավոր ունեցող ՀՅԴ-ն մտադիր է վերցնե՞լ իշխանությունն Արցախում․ ԱԺ նախագահի ՀՅԴ-ական թեկնածուն պատկառելի ունեցվածք ունի
Քաղաքականություն
19:29, 31 июль 2023
Արցախի ԱԺ նախագահի հրաժարականից հետո ներքաղաքական որոշակի քննարկումներ են ընթանում ԱԺ նախագահությունը «վերցնելու» շուրջ։ Մասնավորապես՝ արդեն իսկ հայտարարվել է խորհրդարանում երեք մանդատ ունեցող խմբակցության՝ ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանի թեկնածության մասին՝ որպես ԱԺ նախագահի հավանական թեկնածու։ Խոսվում է այն մասին, թե՝ եթե Իշխանյանն ընտրվի քաղաքական մեծամասնության՝ «Ազատ Հայրենիք» ՔՄԴ-ի կողմից (ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի ղեկավարած կուսակցությունն է), ապա կնշանակի, որ ընդդիմությունը՝ ի դեմս ՀՅԴ-ի, պետք է կիսի քաղաքական պատասխանատվությունը իշխանության հետ։  ՀՅԴ ԳՄ,  ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը ի պատասխան ԶԼՄ-ներից մեկի այս հարցի՝ օրերս նշել էր. «Կարո՞ղ է վերջում էլ ասեք՝ Ալիևի արածների համար էլ ենք մենք պատասխանատու։ Եթե կլինի առաջարկ, կքննարկենք, մեր դիրքորոշումը, մեր որոշումը կհայտնենք»։

Փաստորեն, ՀՅԴ Արցախի  կառույցը պետք է իր որոշումները հարմարեցնի Հայաստանի կառույցի հետ, այլ կերպ ասած՝ ՀՀ-ի կառույցը պետք է հաստատի, թե ով պետք է լինի Արցախում ՀՅԴ-ի՝ ԱԺ նախագահի թեկնածուն։ Եվ սա ասում է այն կուսակցության ներկայացուցիչը,  որը խոսում է Արցախի սուբյեկտայնության և այլ վեհ ու վսեմ բաների մասին։ Թե ինչպիսին կլինի արտաքին արձագանքը Իշխան Սաղաթելյանի հայտարարությանը՝ ՀՅԴ-ին կարծես քիչ է հետաքրքրում։

Կարևորը Արցախում իշխանություն վերցնելն է՝ սկզբում երևի ԱԺ նախագահի, ապա՝ իշխանության մնացած թևերի տեսքով։ Մի բան, որը չի ստացվում ՀՀ-ում, գուցե ստացվի Արցախում։    

Ի դեպ, Դավիթ Իշխանյանի հավանական առաջադրմանն այսօր կոշտ արձագանքել է նաև «Ազատ Արցախ», ԱՀ նախագահին կից Հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանն ու մասնավորապես խոսքն ուղղելով ԱՀ ԱԺ-ում մեծությամբ երկրորդ քաղաքական ուժի՝ «Միասնական Հայրենիքի»-ի ղեկավար Սամվել Բաբայանին՝ նշել է. «Դավիթ Իշխանյանին որպես մարդ ես հարգում եմ, բայց եկեք հասկանանք: Դուք նորից Աշոտ Ղուլյան (ԱՀ ԱԺ նախկին նախագահ-խմբ.) եք խաղում, դուք պետականություն չեք ուզում, դուք չեք թողնում՝ մենք պետականություն ունենանք։ Ո՞նց կարող է ԱԺ-ում երեք հոգանոց խմբակցությունից ընտրվել ԱԺ նախագահ, այն էլ շատ մեծ կասկածներ կան, թե ոնց են էդ ԱԺԿ-ն, ՀՅԴ-ն ընտրվել Բակո Սահակյանի օրոք: Հիմա կա «Ազատ հայրենիք» մեծամասնություն: Լավ, «Ազատ Հայրենիքը» հասկացանք, Արայիկ Հարությունյանն ասում է՝ դուք բան արեք, բայց Սամվել Բաբայան, երկրորդ ուժն եք, նորմա՞լ է, որ Դավիթ Իշխանյանին ընտրեք: Ժողովուրդը ձեզ մանդատ է տվել, ինչո՞ւ եք թույլ տալիս Դաշնակցության ներկայացուցչին առաջ բերել, մանավանդ, որ ՀՅԴ-ի մեջ մարդիկ կան, որ նույնիսկ իրավունք էլ չունեն բերանը բացելու: Այդ առումով եթե որոշում կայացնելու լինեն, սեղանի շուրջ պետք է նստած լինեն այն մարդիկ, որոնց ընտանիքները այստեղ են, որոնք մասնակցել են պատերազմին, որ ճիշտ որոշում կայացնենք, թե չէ «ուռա պատրիոտիզմը» մեզ հասցրել է չգիտեմ որտեղ: Կոնկրետ Դավիթ Իշխանյանին նշանակելը մեր պետականության վրա ծիծաղել է նշանակում, որովհետև դա լուրջ չի»: 

Նշենք, որ Իշխանյանը և ՀՅԴ-ի արցախյան թևը ևս, ձայնակցելով ՀՀ դաշնակցական կառույցին,  պահանջում են ՀՀ իշխանության հրաժարականն ու կրկնում  նույն «մանտրաները», որոնք ՀՅԴ-ն է ամենօրյա ռեժիմով տիրաժավորում։

Ըստ այդմ՝ «կան գաղտնի պայմանավորվածություններ, գուցե նաև ստորագրված փաստաթղթեր, որոնց մասին ոչ միայն հանրությունը տեղյակ չէ, այլ նաև, հավանաբար, քաղաքական էլիտան տեղյակ չէ»,  «տարածաշրջանում Արևմուտքի կողմից հստակ քաղաքականություն է վարվում՝ ռուսական տարրը դուրս մղելու ուղղությամբ, և հիմնական հենման կետերը Հայաստանն է և Արցախի Հանրապետությունը» և այլն: 


Իշխանյանը, հիշեցնենք, 2020 թ. կայացած ԼՂ նախագահի ընտրություններում հավակնում էր նախագահի պաշտոնին, ստացել 1873 քվե  (2.56 տոկոս)։ Չնայած ստացած նվազ ձայներին՝ Իշխանյանը պատկառելի ունեցվածքի տեր է։ ԿԸՀ ներկայացրած իր գույքի և եկամուտների հայտարարագրում նա հայտարարագրել էր մասնավորապես՝ 152 քառակուսի մետր տարածքով սեփական տուն և 1200 քառակուսի մետր հողամաս Մարտունու Աշան գյուղում, 172 քառակուսի մետր տարածքով բնակարան, կես հեկտար հող, 33 քառակուսի մետր տարածքով ավտոտնակ Ստեփանակերտում, համատեղ սեփականությամբ 3,5 հեկտար հող Աշան գյուղում և 1,8 հեկտար սեփական հողամաս Ստեփանակերտում, 180 քառակուսի մետր տարածքով անասնաֆերմա Աշանում, 2000թ. արտադրության Honda-CRV ավտոմեքենա, 1992թ. արտադրության Нива-ВА32121 ավտոմեքենա: Ունի 5 միլիոն դրամ և 8000 դոլար խնայողություն:

ԱՀ ԱԺ նախագահի պարտականություններն, ըստ կանոնակարգի, ստանձնել է ԱԺ փոխնախագահ «Միասնական Հայրենիք»-ը ներկայացնող Գագիկ Բաղունցը։  ԱԺ նախագահը ընտրվում է ԱԺ-ի կողմից, ԱԺ նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունեն ԱԺ խմբակցությունները։   
Հ. Մ.