Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի քաղաքական ուժերը միակարծիք չեն նախագահի հրաժարականի հարցում․ ընտրության պատրաստ է Վիտալի Բալասանյանին աջակցած «Արդարությունը»

Արցախի քաղաքական ուժերը միակարծիք չեն նախագահի հրաժարականի հարցում․ ընտրության պատրաստ է Վիտալի Բալասանյանին աջակցած «Արդարությունը»
Քաղաքականություն
18:12, 23 июнь 2021
Երեկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը իր հրապարակային ելույթի ժամանակ նշեց, որ պատրաստ է հրաժարական տալ առաջին իսկ հնարավորության դեպքում և վայր դնել նախագահական լիազորությունները. «Պատրաստ եմ հրաժարական տալ առաջին իսկ հնարավորության դեպքում, երբ Հանրապետությունը ներքին ու արտաքին պայմանների ու սահմանադրական կարգավորումների առումով պատրաստ լինի պատշաճորեն հաղթահարել նախագահական ու խորհրդարանական ընտրությունների ծանր դժվարությունները»։

Նա նաև ընդգծեց, որ արտահերթ ընտրություններին չի առաջադրվելու և դուրս է գալու քաղաքականությունից։ 

Արցախի նախագահը հավելեց, որ իր հրաժարականի պահանջով նաև դրսում՝ որոշ խմբեր են հանդես գալիս, նաև հացադուլ անողներ կան։ Նա տեղեկացրեց, որ սկսելու է քաղաքական ու հանրային խորհրդակցություններ՝ ընտրությունների հարցը քննարկելու համար։

Թեպետ Արցախի ԱԺ պատգամավոր, «Միասնական հայրենիք» կուսակցության անդամ Նունե Մելքումյանը Civic.am-ին տեղեկացրեց, որ իրենց կուսակցությունն այս պահին չի պահանջում Արայիկ Հարությունյանի հրաժարականը, այնուամենայնիվ մի շարք կուսակցություններ իրենց օրակարգում են պահում Արցախում արտահերթ ընտրությունների անցկացման հարցը։ 

Արցախի ԱԺ «Արդարություն» կուսակցությունը շարունակում է պահանջել Արցախի նախագահի հրաժարականը։ 

Նշենք, որ Արցախի 2020թ․ նախագահական ընտրություններին ներկայիս ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի այդ ժամանակ նախագահի թեկնածությունն առաջադրել էր նորաստեղծ «Արդարություն» կուսակցությունը։ 

Արցախի ԱԺ պատգամավոր, «Արդարություն» կուսակցության անդամ Կարեն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ իրենց օրակարգում մնում է Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը․ «Պետական ինստիտուտների իմունիտետը ուշ թե շուտ պետք է փորձարկենք, որովհետև մեր պատերազմից, կորուստներից հետո վերջապես պետք է գա մի օր, որ հասկանանք պետությունն ինչի է ընդունակ։ Մենք իհարկե խորհրդակցությունների, քննարկումների արդյունքում ժամկետների հարցը կորոշենք։ Բայց ըստ իս պետք է կազմակերպել ընտրություններ՝ նախ ցույց տալու, որ Արցախը հանդիսանում է միջազգային սուբյեկտ, Արցախն ի վիճակի է հետպատերազմյան ողբերգությունը հաղթահարելու և կառուցելու իր կյանքը, որպեսզի հակառակորդն էլ հասկանա, որ ինքը չի հասել իր ուզածին և մենք որպես պետություն կանք ու լինելու ենք»։

Արցախի ԱԺ պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Մոսիյանն էլ վերահաստատեց դեռևս ամիսներ առաջ մեզ ասած իր խոսքը, որ թեպետ Դաշնակցության համար Արայիկ Հարությունյանի հրաժարականի քաղաքական պահանջը մնում է և դա քննարկման ենթակա չէ, բայց որոշ տեխնիկական և սոցիալական հարցեր կան քննարկելու․ «Բնակչության մոտ 35000-ը գտնվում է հանրապետությունից դուրս, մարդիկ բնակարան չունեն, սոցիալական խնդիրներ կան, որոնց օր առաջ պետք է լուծում տրվի։ Տեխնիկական հարցերը կապված են ընտրությունների կազմակերպման, բնակչության սպասարկան հետ։ Մեր տերիտորիայի մեծ մասը՝ այդ թվում ընտրատարածքները զավթված են Ադրբեջանի կողմից, սրանք են տեխնիկական հարցերը, որոնք լուծում են պահանջում»։ 

Արցախի ԱԺ «Արդարություն» կուսակցությունից Կարեն Հովհաննիսյանի կարծիքով էլ տեխնիկական հարցերը բարդություն չեն ներկայացնում․ «Ընտրատեղամասը դա շենք է, որտեղ մարդիկ գնում են և տալիս են իրենց քվեն, հետևաբար այդ ընտրատեղամասը կլինի այնտեղ որտեղ բնակվում է արցախցին։ Ինչ տարբերություն, եթե մեր քաղաքացին հիմա բնակվում է ոչ թե հակառակորդի ենթակայության տակ անցած տարածքում, այլ օրինակ Ստեփանակերտում, հետևաբար այդ ընտրատեղամասը թող լինի Ստեփանակերտում»։

Հարցին՝ եթե հենց վաղը Արայիկ Հարությունյանը հայտարարի, որ պատրաստ է հրաժարական տալ՝ դուք կո՞ղմ եք դրան՝ Կարեն Հովհաննսիյանն արձագանքեց․ «Եթե հենց վաղը Արայիկ Հարությունյանը հայտարարի, որ ինքը պատրաստ է հրաժարական տալ՝ մենք միանշանակ գնում ենք ընտրությունների»։

Անդրադառնալով Հայաստանի ընտրության արդյունքներին՝ Կարեն Հովհաննիսյանը նշեց, որ պետք է սպասել վերահաշվարկների ավարտին, որպեսզի հասկանան՝ ընտրակեղծիքները այն ծավալի՞ են եղել, որ ազդել են ընտրությունների արդյունքների վրա, թե՞ հայ ժողովուրդը իր քվեն տվել է ում նպատակահարմար է գտել։  

Արցախի արտախորհրդարանական ուժերից՝ «Վաղվա Արցախ» կուսակցության նախագահ Տիգրան Պետորսյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադառնալով Արայիկ Հարությունյանի ելույթին՝ գրառել է` պահանջը մեկն է՝ հրաժարական․․․

«Արցախի հեղափոխական» կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանն էլ այսօր ՖԲ ուղիղ միացմամբ նշեց, որ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը մնում է և հավաքները պետք է շարունակել, բայց հրաժարականից հետո չպետք է թույլ տալ իշխանության զավթում, այլ պետք է գնալ ընտրությունների։   

Նարա Մարտիրոսյան